«Եվրո 2012»-ի ուղեգիրը նվաճելու դեպքում 3 մլն եվրո կստանան

08/09/2011

Սեպտեմբերի 6-ին «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց Սլովակիայի թիմի նկատմամբ: Գոլերի հեղինակ են դարձել Յուրա Մովսիսյանը (57 րոպե), Հենրիխ Մխիթարյանը (70), Գեւորգ Ղազարյանը (80), Արթուր Սարկիսովը (93):

tert.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Ներկայումս ունենք այնպիսի հավաքական, որը կարողանում է լուծել իր առջեւ դրված խնդիրը: Բոլոր ձեռքբերումները հնարավոր եղան երկարատեւ աշխատանքի, նաեւ հավաքականի նկատմամբ երկրի առաջին դեմքի մակարդակով մեծ ուշադրության շնորհիվ»: Ռ. Հայրապետյանը պատմել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջինն է զանգահարել ու շնորհավորել հաղթանակի համար: «Նախագահն ասաց, որ ֆուտբոլիստներին փոխանցեմ` իրենք իսկական հերոսներ են: Դրանից մեծ հպարտություն ֆեդերացիայի ղեկավարի համար լինել չի կարող: Ես ֆուտբոլի ֆեդերացիայի երջանիկ նախագահ եմ, որ ունեմ նման ֆուտբոլիստներ, նման մարզիչ, նման երկրպագուներ եւ հանրապետության նման ղեկավար»,- ասել է ՀՖՖ ղեկավարը: Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստներին 3 մլն եվրո է խոստացել «Եվրո 2012»-ի ուղեգիր նվաճելու դեպքում. «Ես մեկ տարի առաջ խոստացել եմ` եթե մեր տղաները նվաճեն «Եվրո 2012»-ի ուղեգիրը, 3 մլն եվրո կստանան»,- ասել է ՀՖՖ նախագահն` ավելացնելով, որ Քաջարանի Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւս զանգահարել է իրեն ու նույնպես մրցանակ խոստացել ֆուտբոլիստներին:

Անդրադառնալով հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-Մակեդոնիա խաղին` Ռ. Հայրապետյանն ասել է, որ տոմսերի վաճառքը կսկսվի մոտ մեկ շաբաթից:

«Facebook»-ի իր էջում ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռ. Հայրապետյանը նաեւ պատասխանել է ցանցից օգտվողների հարցերին: Հարցին, թե որքանո՞վ են վաճառվելու այդ խաղի տոմսերը, նա պատասխանել է. «Վերջին խաղի գներն են լինելու»: Իսկ Երեւանում կայացած վերջին` Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերի գները եղել են 3-7 հազար դրամի սահմանում: Մյուս հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստան-Մակեդոնիա խաղն անցկացնել ոչ թե Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, այլ «Հրազդան» մարզադաշտում, որն ավելի մեծ է եւ ավելի շատ երկրպագուներ կարող է տեղավորել, ՀՖՖ նախագահը պատասխանել է. «Ոչ, ֆիզիկապես հնարավոր չէ պատրաստվել մեկ ամսում»: