Դեպի Խուստուփ՝ Նժդեհի արահետով

08/09/2011

Մառախլապատ առավոտ էր` «քշաթոխպ», ինչպես ասում են տեղացիները, երբ անձրեւ չկա, բայց դեմքդ ու ձեռքերդ թրջվում են: Մի խումբ երեխաներ, լույսը դեռ չբացված, արթնացել ու անհանգիստ իրար էին ձայն տալիս: Չնայած վատ եղանակին, պայմանավորված ժամին բոլորը տեղում էին: Երբ տեսան առաջնորդին` Սոսին, հանգստացան, ուրեմն արշավը կկայանա: Սոսը գիտեր, որ նույնիսկ ամենավատ եղանակի դեպքում, միեւնույն է, պիտի գնային արշավի. երեխաներին խաբել չես կարող: Բայց քշափոխպի ետեւում թաքնված Աստված, որ հետեւում էր իրադարձություններին, իր ծանր ձեռքով ամպերը մի կողմ տարավ: Արշավը սկիզբ առավ հեռավոր Վաչագան գյուղից, «թագավորների ամառանոցից», որի յուրաքանչյուր անկյունից Խուստուփ սարին ես նայում: Ասում են` Խուստուփ բառը «Հույս Տուր» բառերից են կապել: Այստեղից էր Նավասարդը` Նժդեհի տասնապետերից մեկը` նրա աջ ձեռքը: Այսպիսի մի առավոտ էլ նա ինքը` Նժդեհը այս արահետով հեռացավ Հայաստանից, իր հետ որպես հայաստանյան Սրբապատկեր տանելով Խուստուփի համայնապատկերը: Շատ կամակոր բնավորություն ունի Խուստուփը: Մեկ էլ կտեսնես` արեւ եղանակին մի քանի րոպեում քողը քաշեց երեսն ու կորավ: Բայց, միեւնույն է, կարծես մագնիս դրած լինեն ներսում: Ամեն ամառ արյան կանչով Վաչագան են վերադառնում նախկին մեծ երկրի տարբեր քաղաքներից բազում ընտանիքներ: Գալիս են այստեղ ամառն անցկացնելու համար: Նրանք ազնվածնունդ կարմրախայտի նման վերադառնում են իրենց ծննդավայրը, որտեղ իրենց մանկությունն են անցկացրել: Եվ հիմա այստեղ են բերում իրենց ձագերին: Շատ կամակորն է Խուստուփը, ինչ ուզում` անում է: Քո նման խենթ էին այն մարդիկ, որոնք ութսունականներին Ռուսաստանից այստեղ բերեցին, եւ գիշերով բարձրանալով այս դժվարհասանելի վայրը, նրա լանջին թաղեցին Նժդեհի աջ բազկի ոսկորը: Այն մարդիկ, որոնք 1990-ականներին Խուստուփի գագաթից ընդամենը 200 մետր ներքեւ` 3000 մետրի վրա մարմարե պատվանդան դրեցին եւ կանգնեցրեցին Նժդեհի կիսանդրին: Պակաս խենթ չէր Մոսկվայաբնակ գնդապետ Գառնիկ Աղավելյանը, որը 2700 մետր բարձրության վրա, Խուստուփի ճակատային լանջին մատուռ կառուցեց` ինչպես ճգնավորները Տիբեթում: Գյուղացիները առանց վարձավճարի մի քանի հարյուր անգամ ավազ ու ցեմենտ կրեցին 13 կմ անպատմելի զառիթափ լանջերով: Երբ գնդապետին հարցրեցին` «Ինչո՞ւ ես այնտեղ մատուռ կառուցում, տարին մի քանի հոգի գնան-չգնան…», նա պատասխանեց. «Ուխտավորների համար»: Իսկ այս տարի թվով 54 երեխաներ ուխտագնացություն կազմակերպեցին: Սոս Թեւանյանը երեք արշավ ծրագրեց եւ իրականացրեց: Սկզբում նրան թվում էր, թե արշավին մասնակցելու ցանկացողներ քիչ կլինեն, բայց հետո ստիպված էր չափավորել արշավախմբի քանակը: Ցանկացողները շատ էին, պատասխանատվությունը` մեծ: Ի՞նչ պիտի հիշեն այս փոքրիկները, ինչպիսի՞ն էր Հայաստանը… Դժվարանցանելի, բայց քաղցր` Խուստուփ «Նժդեհի Արահետով», երգ ու կատակ, խարույկ, խորոված կարտոֆիլ-սեւացած շուրթեր, ռոմանտիկա, Հայաստան:

Նվիրվում է Հայաստանի Անկախության 20-ամյակին