Լուսինայի թեկնածությունը չի քննարկվում

08/09/2011

Այն օրվանից, ինչ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2012»-ը կայանալու է Ադրբեջանում, չի դադարում քննարկվել ապագա մասնակցի թեկնածության թեման: Մամուլի հրապարակումներից մեկում գրվել էր, որ հաշվի առնելով Եվրատեսիլի այս տարվա անցկացման վայրը՝ արժեր քննարկել Հայաստանը ներկայացնող այնպիսի երգչի թեկնածություն, ով ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի բնակիչ կլիներ, որպեսզի մեր հարեւան երկիրը շատ «չնեղվեր»: Հրապարակման մեջ քննարկվում էր երգչուհի Լուսինայի կամ Արմենչիկի թեկնածությունը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ օրս Լուսինայի թեկնածությունը չի քննարկվել: Իսկ Հայաստանի ներկայացուցիչը կլինի Հայաստանի, թե Ղարաբաղի բնակիչ, դա արդեն, մեղմ ասած, Ադրբեջանի գործը չէ: Բացի այդ, հայտնի է, որ Ադրբեջանն արդեն իսկ խնդիրներ ունի լուծելու «Եվրատեսիլ 2012»-ի կազմակերպման հարցում: «Եվ այդ խնդիրները որեւէ կերպ չեն առնչվում Հայաստանի հետ»,- նշեց Ա. Հարությունյանը: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է Եվրոպական հեռարձակողների խորհրդին եւ անվտանգության, ապահովության երաշխիքներ պահանջել: «Եվրատեսիլ» մրցույթին հայկական կողմը միշտ ներկայացել է 30 հոգանոց պատվիրակությամբ: Մինչ դեկտեմբեր մենք պետք է ունենանք այդ երաշխիքները, եւ համոզված լինենք, որ մեր 30 հոգանոց պատվիրակությունն առանց խնդիրների կմասնակցի մրցույթին»,- նշեց Ա. Հարությունյանը լրագրողների հետ երեկ կայացած ասուլիսի ժամանակ: