Ամեն տարի նոր եթերաշրջանից առաջ Հ1-ը, ի դեմս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի` ներկայացնում է հանրությանը, թե ինչ է սպասվում Հ1-ի հեռուստադիտողներին: Լավ նորություն բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են անվերջանալի թվացող «Աննա 2» եւ «Քաղցր կյանք» հեռուստասերիալներից: Մինչ տարեվերջ այդ «գլուխգործոցները» կավարտվեն: Իսկ ահա «Հրեշտակների դպրոց» «մանկապատանեկան թրիլերն» իր սերիալային կյանքը կշարունակի մինչ եկող տարվա ամառ: «Սեպտեմբերի 21-ին Հ1-ի եթերով կցուցադրվի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որը նկարահանվում է շուրջ մեկ տարի: Տարվա կտրվածքով կլինեն նաեւ 10-12 նմանատիպ վավերագրական ֆիլմեր: Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերի արտադրությանը, ապա պետք է խոստովանեմ, որ այդ հարցում մենք այս տարի փոքր-ինչ թերացել ենք: Նշեմ նաեւ, որ սկսվել են «Կովկասյան կոմեդիա» պայմանական վերնագրով գեղարվեստական ֆիլմի աշխատանքները: Պատրաստվում ենք նկարահանել նաեւ պատմական բնույթի, մոտ 22 մասից բաղկացած սերիալ: Այն անդրադառնալու է Հայաստանի հեթանոսության վերջին եւ Քրիստոնեության ընդունման սկզբնական շրջաններին: Այդ ֆիլմը հեռուստադիտողների դատին կհանձնվի հաջորդ տարի»,- նշել է Ա.Հարությունյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ է սպասվում երեխաներին Հ1-ի եթերով, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Պետք է խոստովանեմ, որ հաղորդումների քանակը երեխաների համար Հ1-ի եթերում շատ քիչ է: Նոր եթերաշրջանում նախատեսվում են ամենօրյա մանկական հաղորդումներ, հայկական եւ արտասահմանյան մուլտֆիլմեր: Լինելու են ինչպես գնված, այնպես էլ մեզ մոտ նկարահանված մանկական հաղորդումներ»: Առիթից օգտվելով` Ա. Հարությունյանից փորձեցինք իմանալ, թե արդյո՞ք նա դիտում է իր ղեկավարած հեռուստաընկերության եթերից ցուցադրվող որեւէ հաղորդում կամ սերիալ: «Առաջին հերթին դիտում եմ «Հայլուրը», հետո՝ «Երգ երգոցը», «Հայոց հարցը»: Ասել, թե դիտում եմ որեւէ սերիալ` սխալ կլինի, բայց հետեւում եմ, որովհետեւ պետք է հետեւեմ, որ մեր սերիալները բարձր վարկանիշ ապահովեն»,- պատասխանեց Ա.Հարությունյանը: