Աշխարհահռչակ Էրիկ Քլեփթոնի մեծագույն երկրպագու, բլյուզ ոճով ստեղծագործող Սուրեն Առուստամյանն իր 22-ամյա հասակում հասցրել է լինել «դրախտում»: Այդ զգացողությունը նա ապրել է ռոքի լեգենդ՝ «Deep Purple» խմբի անդամ Իէն Գիլանի հետ ելույթի ժամանակ: Շատերն են հիշում այդ աննկարագրելի պահերը, երբ «Հայ սուպերսթար» նախագծի շրջանակներում Իէն Գիլանը եւ Սուրենը միասին ելույթ ունեցան: Միայն ենթադրել կարելի էր, թե ինչ էր կատարվում այդ պահին սկսնակ երաժշտի հետ: Այսօր արդեն Սուրենն իր բլյուզ բենդով ելույթ է ունենում Երեւանի տարբեր ակումբներում: Եվ ինչպես ինքն է խոստովանում, ակումբային ելույթներում վաստակած գումարը լիովին բավարար է ռեստորաններում ելույթ չունենալու համար: «Ես միանշանակ դեմ եմ, երբ հանուն գումարի մարդիկ անորակ երաժշտություն են նվագում ռեստորաններում: Գիտեմ շատերին, ովքեր ակումբներում ջազ, ռոք նվագելով` չեն կարողանում իրենց անհրաժեշտ գումարը վաստակել, այդ իսկ պատճառով համաձայնում են նվագել ռեստորաններում: Հասկանում եմ, որ նրանք ստիպված են դիմում այդ քայլին, սակայն դա եւս ինձ համար բացատրություն չէ: Ավելի լավ է բոլորովին այլ գործով զբաղվեմ, քան նվագեմ ռեստորանում»,- ասում է Սուրենը:
– Ռեստորանում նվագելն ամոթալի՞ ես համարում:
– Չեմ քննադատում որեւէ մեկին, ով երգում կամ նվագում է ռեստորանում: Պարզապես, ընտրելով երաժշտության այս ոլորտը՝ բլյուզը, ես մեծ նպատակներ եմ դրել իմ առջեւ: Այդ նպատակներին հասնելու ճանապարհին, ես իրավունք չունեմ՝ դավաճանելու իմ սկզբունքներին: Այդպիսով ես ինքս ինձ կդավաճանեմ: Ես միլիոնատիրոջ որդի չեմ, սակայն իմ սկզբունքներն ինձ համար միլիոններ արժեն:
– Այդ «միլիոններ արժեցող» սկզբունքների պատճառով չկարողացա՞ր «յոլա գնալ» «Նոր ալիք» երաժշտական մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի հետ:
– Ես չեմ ուզում խոսել այդ թեմայով:
– Մոսկվայում կայացած «Նոր ալիքի» նախընտրական փուլի ժամանակ բարձրացած աղմուկից հետո, այդ թեմայի շուրջ զրուցելով նախորդ տարիներին մրցույթում Հայաստանը ներկայացնող եւ հաղթող Սոնա Շահգելդյանի եւ Մհերի հետ, պարզ դարձավ, որ երկուսն էլ ընդհանուր մոտեցում ունեն՝ սեփական սխալների համար ուրիշներին չպետք է մեղադրել:
– Ես ոչ ոքի էլ չեմ մեղադրել: Պարզապես այդ մարդն իրեն այնպես պահեց, որ լռելն անհնար էր:
– Միգուցե՞ կան պահեր, երբ պարզապես անհրաժեշտ է լռել՝ հանուն ավելի մեծ արդյունքների: Թե՞ պատանեկան մաքսիմալիզմը թույլ չտվեց դիվանագիտորեն մոտենալ խնդրին:
– Թող ոչ ոքի չթվա, թե ես բողոքական եմ եւ սիրում եմ կոնֆլիկտներ առաջացնել: Հարկ եղած ժամանակ կարողանում եմ նաեւ լռել, սակայն Մոսկվայում տեղի ունեցածը լռելու բան չէր:
(Հիշեցնենք, որ ապրիլին, երբ Հայաստանից ընտրված 6 մասնակիցներ մեկնեցին Մոսկվա՝ կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու, նրանց հետ բավականին տգեղ էին վարվել՝ համենայնդեպս մասնակիցների խոսքերով: Այդ օրերին bravo.am-ը գրել էր, որ մեր մասնակիցները բավականին վիրավորական վերաբերմունքի են արժանացել մրցույթի կազմակերպիչների, մասնավորապես՝ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի կողմից):
– 14 տարեկանից կիթառ ես նվագում: Երեւի հասցրել ես հարեւանների նյարդերին ազդել:
– Իրականում նրանք համակերպվել են: Բացի այդ էլ` մեր տունը սեփական, է եւ ես հնարավորություն եմ ունեցել ուզածիս չափ բարձր նվագել եւ երգել: Միշտ երազել եմ իմ խումբն ունենալ, եւ 18 տարեկանում երազանքս իրականություն դարձավ: Խմբի առաջին կազմում ամենափոքրը ես էի, իսկ ամենամեծը՝ 60-ն անց էր:
– Ինչպե՞ս 60-ամյա երաժիշտը համաձայնեց նվագել սկսնակ, 18-ամյա երիտասարդի խմբում:
– Հայրս ընկեր ուներ, ով բաս կիթառ էր նվագում: Իմանալով, որ երազում եմ խումբ ստեղծել, հայրս զանգահարեց ընկերոջը, ով 50-ն անց մարդ էր, եւ ասաց, որ ես խումբ եմ ուզում ստեղծել: Այդ ընկերն իր հերթին զանգեց իր դաշնակահար ընկերոջը, ով արդեն 60-ն անց էր, իսկ դաշնակահարն էլ զանգահարեց հարվածային գործիքներ նվագող իր..
– 70-ն ա՞նց ընկերոջը:
– Հարվածային գործիքներ նվագողը համեմատաբար երիտասարդ դուրս եկավ՝ 40 տարեկան էր: Հավաքվեցինք, փորձեր արեցինք, եւ արդեն 2007 թվականից սկսեցինք նվագել տարբեր ակումբներում: Տարիների ընթացքում խմբի անդամները փոխվեցին, իհարկե: Հիմա խումբը երիտասարդ է, սակայն ես շատ շնորհակալ եմ իմ խմբի առաջին անդամներին մինչ օրս:
– Փառամոլությո՞ւնն է պատճառը, որ երիտասարդները ձգտում են մասնակցել հեռուստատեսային տարբեր նախագծերում: Ի՞նչը քեզ տարավ TV:
– Կոնկրետ ես համաձայնեցի մասնակցել «Հայ սուպերսթար» նախագծում, քանի որ գիտեի, որ ուղղվածությունը ռոք է լինելու, ճանաչում էի կազմակերպիչներին, որոնք ներգրավված էին այդ նախագծում. շատերը ռոքի բնագավառից էին: Ինձ համար հարազատ մթնոլորտ էր ստեղծված:
– Մեկ տարի է անցել այդ նախագծում քո մասնակցությունից: Ի՞նչ է կատարվում երիտասարդի հետ, երբ նրան այլեւս առաջվա պես չեն ճանաչում փողոցում, հանրային այլ վայրերում:
– Երբ «Deep purple» լեգենդար խումբը եկել էր Հայաստան, եւ մենք նախագծի շրջանակներում առիթ ունեցանք շփվելու նրանց հետ՝ շատ բան սովորեցինք: Նրանք այնպես էին իրենց դրսեւորում, որ դու վայրկյան անգամ քեզ բարդույթավորված չզգաս՝ պարզ, հասարակ, անմիջական: Մի խոսքով՝ մարդավարի: Երբ, թեկուզ կարճ ժամանակ, առնչվում ես նման մեծությունների հետ՝ շատ բան ես սովորում նրանցից: Եվ առաջին հերթին` հասկանում ես, թե առհասարակ ինչպես պետք է իրեն դրսեւորի երաժիշտը: Հասկանում ես, թե որն է ճիշտը: Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում: Շփոթվում ու պատահաբար մի տեսահոլովակ են նկարում՝ անիմաստ ու ապուշ մի երգի վրա, եւ այնպես են իրենց դրսեւորում, ասես, մի 100 տարի ա, ինչ բեմում են, ուղղակի մենք տեղյակ չէինք:
– Այն, որ հայկական «շոու-բիզնեսի» ներկայացուցիչներից շատերը, մեղմ ասած, իրար տանել չեն կարողանում, վաղուց արդեն գաղտնիք չէ: Ինչպիսի՞ն է հարաբերությունները ռոք կամ բլյուզ ոճն ընտրած երաժիշտների, խմբերի միջեւ:
– Շոու-բիզնեսի դեպքում մրցակցությունն ակնհայտ է, քանի որ, դաշտը փոքր է, իսկ «խաղացողները»` չափից շատ: Մեր ոլորտը շատ ավելի ազատ է: Բացի այդ, խմբերը քիչ են, եւ ամեն մեկն ունի իր ուրույն ոճը՝ մեկը ռեգգի է նվագում, մեկը` բլյուզ, մյուսը` ջազ-ռոքգ Խմբերը, որոնց քիչ թե շատ ճանաչում է հանրությունը, ճանաչվել են՝ շնորհիվ իրենց անհատական ձեռագրերի, ինչը չես ասի այսօր եթերից հնչող մեծամասամբ անիմաստ երաժշտության մասին: