ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Է. Հեյսթինգսը Երեւանում (նոյեմբերի 7-9) հանդիպել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ եւ իր զարմանքն է արտահայտել, որ առաջիկա հանրաքվեում դիտորդներ չեն հրավիրվում։Հեյսթինգսը հարցրել է. «Կարծում եք, որ կայացած ժողովրդավարական պետություն եք եւ դրա կարիքը չունե՞ք»։ Ա. Բաղդասարյանը կմկմացել է. չէր կարող ասել, թե ՀՀ նախագահն է այդպես որոշել։ «Բոլոր դեպքերում նկատի ունեցեք, որ պատրաստ եմ մինչեւ 500 դիտորդ ուղարկել։ Առայժմ հույս ունենք, որ կհրավիրեք դիտորդների»,- ասել է նա։ Կոնգրեսականը հանդիպել է նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ։ Երբ խոսքը է գնացել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի մասին, մեր ընդդիմադիրները հարցրել են. «Այդ մարդն ո՞վ է»։ «ԵԱՀԿ ներկայացուցիչը»,- զարմացել է Հեյսթինգսը։ «Նման մարդ Հայաստանում մենք չգիտենք»,- ասել են ընդդիմադիրները։ «Ինչպե՞ս չգիտեք»,- կրկին զարմացել է Հեյսթինգսը։ «ԵԱՀԿ նման ներկայացուցիչ Հայաստանում չկա,- պարզաբանել են հայ քաղաքական գործիչները։ -Վ. Պրյախինը ՀՀ-ում առնվազն կարող է լինել ՌԴ դեսպան կամ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական»։ Մեր ընդդիմադիրները պարզաբանել են, որ 2003-2004-ին Հայաստանում իրականացվել են բազմաթիվ բռնություններ, եւ Պրյախինը հետեւողականություն երբեւէ չի դրսեւորել։ Կոնգրեսականը խոստովանել է. «Ես տեղեկացված չեմ մանրամասներին, բայց շատ մտահոգիչ նորություն ասացիք»։