Ին Յուն (521- 490 մ.թ.ա.) «Կարճ պատմվածքներ» (Գրքից)

08/09/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Երկու պատմություն Կոնֆուցիոսի եւ նրա աշակերտների մասին

Յան Յուանը եւ Ցզիլուն, Կոնֆուցիոսի աշակերտները, նստած էին դարպասի մոտ: Հանկարծ նրանց առաջ մի ուրվական հայտնվեց եւ կամեցավ տեսնել Կոնֆուցիոսին: Նրա աչքերը փայլում էին, հանց երկու արեգակ, կերպարանքը վեհությամբ էր համակված: Ցզիլուի գիտակցությունը նվաղեց, շուրթերն ասես կարկամեցին: Իսկ Յան Յուանը հագավ կոշիկները, վերցրեց սուրն ու նետվեց ուրվականի վրա, պինդ բռնելով նրան փորի երկայնքով: Ուրվականը տեղնուտեղը վերածվեց օձի, եւ այդժամ Յան Յունը նրան կտոր-կտոր արեց: Կոնֆուցիոսը մտավ նայելու եւ հոգոց հանելով ասաց.

– Արին ահ չի ճանաչում, իմաստունը չի երկմտում, նա, ով մարդասեր է, անշուշտ անվեհեր է, բայց խիզախը միշտ չէ մարդասեր:

***

Մի անգամ Կոնֆուցիոսը թափառում էր լեռներում: Ցզիլուն, ում նա ջրի էր ուղարկել, աղբյուրի մոտ դեմ առավ վագրին եւ նրա հետ մարտի բռնվեց: Նա բռնեց վագրի պոչից, պոկեց այն եւ պահեց ծոցում:

Ջուր հավաքելով, Ցզիլուն վերադարձավ Կոնֆուցիոսի մոտ եւ նրան հարցրեց.

– Ինչպե՞ս է սպանում վագրին ամենաարիասիրտ այրը.

Ուսուցիչը պատասխանեց.

– Ամենաարիասիրտ այրը բռնում է վագրի գլխից:

– Ինչպե՞ս է սպանում վագրին միջին արիություն ունեցող այրը:

– Միջին արիություն ունեցող այրը բռնում է վագրի ականջից:

– Իսկ ինչպե՞ս է սպանում վագրին ամենանվազ արիություն ունեցող այրը,- այդժամ հարցրեց Ցզիլուն:

– Ամենանվազ արիություն ունեցող այրը բռնում է վագրի պոչից:

Ցզիլուն ծոցից հանեց պոչը, նետեց գետնին եւ բարկացած Կոնֆուցիոսին ասաց.

– Չէ՞ որ ուսուցիչը գիտեր, որ աղբյուրի մոտ վագրեր են գալիս եւ այդուհանդերձ ինձ ուղարկեց այնտեղ, կնշանակի, նա իմ մահն էր ուզում:

Ուսուցչի վրա զայրացած, Ցզիլուն ծոցում քար դրեց: Հետո նա ուսուցչին հարցրեց.

Ինչպե՞ս է սպանում մարդուն ամենաարիասիրտ այրը:

– Ամենաարիասիրտ այրը սպանում է մարդուն վրձնի ծայրով:

Ցզիլուն դարձյալ հարցրեց.

– Ինչպե՞ս է սպանում մարդուն միջին արիություն ունեցող այրը:

– Միջին արիություն ունեցող այրը սպանում է մարդուն լեզվով:

Ցզիլուն նորից հարցրեց.

– Ինչպես է սպանում մարդուն նվազագույն արիություն ունեցող այրը:

– Նվազագույն արիություն ունեցող այրը նրան սպանում է քարով, որ պահում է ծոցում, – պատասխանեց իմաստունը:

Այդժամ Ցզիլուն դեն նետեց քարը, եւ այդ ժամանակից ի վեր ողջ սրտով սկսեց երկրպագել ուսուցչին:

Արքայազն Ցզյաոյի գերեզմանը

Արքայազն Ցյաոն թաղվել էր մայրաքաղաքի մոտ, Մաոլին գերեզմանաբլուրի վրա: Խառնակության ժամանակ ինչ-որ գող քանդել էր գերեզմանը, բայց ոչինչ այնտեղ չէր գտել: Սոսկ մի սուր էր կախված օդում: Գողը հենց ձեռքը դեպի այն տարավ, եւ սուրը մռնչաց, հանց վիշապ, եւ մռնչաց, ասես վագր: Գողը չհամարձակվեց դիպչել դրան, եւ սուրը խոյացավ երկինք: «Երկնաբնակների գրքում» ասված է. «Երբ անմահը լքում է այս աշխարհը, ապա ամենից հաճախ սուրը փոխարինում է նրան երկրի երեսին: Կանցնի հինգհարյուր տարի, եւ սրի հետ զանազան հրաշքներ տեղի կունենան»: Այդպես էլ պատահեց:

Երեք պատմություն

Ցյան Շիխուանի մասին

Կայսր Ցյան Շիխուանը երազում էր տեսնել այն վայրը ծովի ետեւում. ուրկից ելնում է արեւը, եւ նա հրամայեց ծովի վրայով քարե կամուրջ անցկացնելգ Ճիշտ է, ասում են, որ մարդիկ չեն այն կառուցել, իբր թե կամրջի հիմերը դրել է հենց ինքը` ծովի Տիրակալը: Ցյան Շիխունը Տիրակալի հանդեպ երախտագիտությամբ լցված` սկսեց հարգալից պաղատել նրան ժամադրության մասին: Ոգին պատասխանեց.

– Կերպարանքն իմ աններկայանալի է: Եթե խոստանում եք չնկարել ինձ, կհանդիպեմ ձեզ:

Կայսրը գնաց քարե կամրջով եւ երեսուն լի անցնելուց հետո հանդիպեց ոգուն: Մի հնարամիտ տիրակալի շքախմբից գողունի սկսեց ոտքով նկարել ծովերի Տիրակալին: Նա բարկացած գոչեց.

– Իսկույն չքացեք:

Տեղնուտեղը ձիերի գլուխները դարձրին: Նրանց առջեւի սմբակները դեռ ընթանում էին կամրջի վրայով, իսկ ետեւինների տակ կամուրջը փլվում էր: Բայց այդուհանդերձ կարողացան ափ հասնել:

Ցյան Շիխուանի տիրակալության տարիներին մի այսպիսի երգ ծնվեց.

Ցյան Շիխուանը հզոր է, ուժեղ.

Բացեց նա դարպասներն իմ,

եւ իմ օթյակը նա գրավեց.

եւ տան ողջ ըմպելիքը խմեց:

Հագուստը տակնուվրա արեց:

Ողջ ուտելիքը մեկեն վերացրեց:

Ասես բրինձը պետական էր:

Նա իմ ձիգ նետաղեղը լարեց:

Արեւելյան պատը նետահարեց:

Կգա ավազե բլրի մոտ-

Իր կործանումը կգտնի:

Երբ Ցյան Շիխուանն այրեց կոնֆուցիոսական գրքերը եւ ողջ-ողջ թաղեց կոնֆուցիոսական գիտնականներին, նա բացեց Կոնֆուցիոսի գերեզմանը, կամենալով իսպառ վերացնել դասական գրքերն ու դրանց մեկնությունները: Գերեզմանը բանալով, տեսան, որ դամբարանի պատին խզբզված են այդ երգի բառերը: Տիրակալը մեծ զայրույթ ապրեց:

Մի անգամ Ցյան Շիխուանը ելավ ճամփորդելու դեպի արեւելք: Նա գնաց շուրջանակի ճանապարհով, որպեսզի շրջանցի Շացյու տեղանքը` Ավազե բլուրը: Տեսնում է` տղեկների մի ողջ բոլուկ ավազից սար է սարքում: Հարցրեց, թե ինչ են նրանք խաղում, եւ նրանք պատասխանեցին.

– Շացյու ենք սարքում` ավազե բլուր:

Դրանից քիչ անց Ցյան Շիխուանը տկարացավ, եւ փոքր-ինչ անց մահացավ:

Եվ մեկ էլ պատմում են, թե իբր Կոնֆուցիոսը մահվանից առաջ գրեց. «Չգիտեմ, թե ինչ ռամիկ կհայտնվի աշխարհում, միայն գիտեմ, որ նա իրեն կկոչի Ցինի առաջին տիրակալ` Շիխուան, կներխուժի իմ տուն, կգրավի իմ ննջարանը, հագուստներս դես ու դեն կնետի: Բայց իր կործանումը կգտնի Ավազե բլուրի մոտ»:

Անգլուխ տիրակալը

Խան դինաստիայի ժամանակներում Ու-դիի տիրակալության օրոք, ոմն Ցզյա Յուն Ցանյուից դարձավ Յույժան շրջանի տիրակալը: Եվ նա կախարդական արվեստների էր տիրապետում: Մի անգամ նա դրկից ցեղերի դեմ մարտի ելավ: Բարբարոսները նրան սպանեցին ու գլխատեցին: Սակայն Ցզյա Յունը տեղնուտեղը հեծնեց ձին եւ վերադարձավ ճամբար: Բոլորը նետվեցին նրա կողմը: Հանկարծ նրա ներսից ինչ-որ տեղից ձայն լսվեց.

– Բախտս չբանեց մարտում` ես վիրավոր եմ: Նայեք ինձ եւ ասեք` գլխո՞վ էի ես ավելի բարետես, թե՞ անգլուխ ավելի գեղեցիկ եմ:

Ենթականերն արցունք թափեցին ու ասացին.

– Գլխով դուք ավելի բարետես էիք:

Ցզյա Յունն առարկեց.

– Ոչ: Առանց գլխի էլ ես սիրունատես եմ:

Ասաց, եւ տեղնուտեղը հոգին փչեց:

Դունֆան Շոնը բացատրում է

Մի անգամ անտառում զբոսնելիս կայսր Ու-դին մի վիթխարի ծառ տեսավ եւ Դունֆան Շոնին հարցրեց, թե ինչպես է այն կոչվում: Նա պատասխանեց.

– Նրա անունն է` ծաղկունք:

Տիրակալը գաղտնի հրամայեց ծառը կտրել, իսկ մի քանի տարի հետո կրկին Դունֆան Շոնին հարցրեց ծառի մասին: Նա պատասխանեց.

– Նրա անունն է` թորշոմում:

Տիրակալն ասաց.

– Որքա՞ն երկար ես դու նենգադավելու: Տարակերպ ես անվանում միեւնույն ծառը:

Դունֆան Շոնը պատասխանեց.

– Հասուն ձին` ձի է, իսկ փոքրը` մտրուկ, հասուն աքաղաղը` աքլոր է, իսկ փոքրը` ճուտ, հասուն կովը` կով է, իսկ փոքրը` հորթ: Մարդը ծնվում է փոքր երեխա, մեծանում է, իսկ հետո ծերունի է դառնում: Այն, ինչ նախկինում ծաղկունք էր, այժմ վերածվում է զառամության: Ահելը մահանում է, ջահելը` ծնվում: Իրերի ողջ անհունը կործանվում եւ դարձյալ ծնվում է: Ինչպե՞ս կարելի է այստեղ խոսել հավերժական մշտակայության մասին:

Երկու պատմություն իմաստուն Ժուան Դեժուի մասին

Ամեն անգամ, երբ Ժուան Դեժուն տենչում էր ճգնակեցության գնալ, տնեցիք դարպասի երկայնքով պարան էին քաշում, որպեսզի նրան պահեն: Ժուան Դեժուն դեմ էր առնում դրան եւ վերադառնում էր: Մարդիկ հայտնի գիտնականին խենթուխելառի մեկն էին համարում:

Մի անգամ Ժուան Դեժուն արտաքնոցում դեւ տեսավ: Վիթխարահասակ, մարմինը` սեւ, աչքերը չռած, ճերմակ, բարակ հանդերձանքով, գլխաշորով: Թեպետ դեւը կողքին էր, Ժուան Դեժուն անվրդով էր եւ հոգեպնդված: Ներողամտաբար ժպտալով` նա դեւին ասաց.

– Ճիշտ են ասում, որ դեւերը զազրելի են: Այդպես էլ կա:

Դեւն ամոթահար եղավ եւ տեսադաշտից չքվեց:

Տարօրինակ գազանիկը

Մի անգամ Գուան Լոն Վեյից գիշերով ինչ-որ տարօրինակ գազանիկ տեսավ: Թաթերի մեջ ածուխ է բռնել, մոտեցնում է բերանին ու փչում` մեկ էլ տեսար տունը հրդեհի: Գուան Լոն հրամայեց իր աշակերտներին վերցնել դանակներն եւ ոչնչից չվախենալով` վերացնել անասունին: Գազանիկին երկու կես արեցին, մեկ էլ տեսան, որ դա աղվես է: Այդ պահից ի վեր գյուղում հրդեհ չեղավ:

Ուսուցիչն ու աշակերտը

Մի անգամ կեսգիշերին Կուն Վենցզյույը հանկարծ տկարացավ: Աշակերտին հրահանգեց կրակ վառել: Ականակուր գիշեր էր, եւ աշակերտը մրթմրթաց.

– Հեշտ խնդիր չէ, բակում խավար է, հանց սեւ լաք: Մեկը չկա, որ լուսավորի ինձ եւ օգնի հրահանն ու աբեթը գտնել, իսկ հետո նոր կրակ պահանջի:

Ի պատասխան Կուն Վենցզյույն ասաց.

– Դե ինչ, դե եթե ուրիշին դժվարության մեջ եմ գցել, պիտի ստիպված լինեմ հարմարվել նրա պահանջներին:

ՍՅՈՒՅ ՍՅՈՒԵՄՈ ԱՍՈՒՅԹՆԵՐ

***

Դժբախտությունները, որ վրա են հասնում ջրհեղեղներից, հրդեհներից եւ ավազակներից փլվում են առաջին հերթին աղքատների գլխին, չարիքները, որ ծնունդ են առնում ունայնամտությունից ու փառասիրությունից, սովորաբար հետապնդում են մեծատոհմիկներին ու հարուստներին:

***

Նույնիսկ պետության ամենանշանավոր այրերը մի անգամ կյանքում նվաստացուցիչ ծանուցագիր են ստանում` երբ նրան հարազատ գյուղ են ուղարկում: Նույնիսկ ռամիկներից ամենաանարժանը մի անգամ կյանքում գովասանքի խոսքի է արժանանում` երբ նա ի հող է դրվում:

***

Եթե մարդը չի կարողանում խորհրդածել, ապա, եթե նա սարի չափ գիրք էլ կարդա, նա արժանի է լոկ այն բանին, որ նրան գրապահարան կոչեն: Եթե մարդը հոգով չի մաքրվում, ապա եթե նա ողջ բուդդիստական կանոնն էլ ուսումնասիրի, նա կլինի հանց փայտե կուռք:

***

Անդրշիրիմյան աշխարհում հագուստի եւ սնունդի կարիք չունեն, բայց մահվան մահճում պառկած մարդը դեռեւս հոգսերով լի է: Խուլ գյուղում պաշտոններն ու տիտղոսները նշանակություն չունեն, բայց պաշտոնանկ ծառայողները դեռեւս խոսում են պետական գործոց մասին:

***

Գաղտնապահ ու լուռումունջ մարդուն չի կարելի վստահել նվիրական մտքերը: Չար եւ ինքնահավան մարդու հետ լեզուն հարկ է փակի տակ պահել:

***

Տղամարդը կնոջից ուժեղ է, բայց կռվարար կնոջ առաջ նա թեւաթափ է լինում: Ծնողներն առավել հարգանք են ներշնչում, քան նրանց երեխաները, բայց չլսող երեխաների առաջ նրանք կորցնում են արժանապատվությունը:

***

Անշահասերներին ամենուր հիմար են համարում` ահա թե ինչու են աշխարհում խարդախներն այդքան շատ: Անզիջող մարդկանց ամենուր տխմար են համարում` ահա թե ինչու են պալատում քծնողներն այդքան շատ:

***

Անպաճույճ ստեղծագործությունը նման է ողորկված սանդալից սարքված շինվածքի, որը շեշտում է ծառի բնական հատկությունները: Պերճաշուք ընդօրինակումները գրականության մեջ նման են լաքապատ սպասքի, որը պայծառ շողում է, բայց վատ հոտ է հանում:

***

Բարի գործոց մեջ հարկ է միայնակ վարժվել: Ահա թե ինչու մարդիկ ըստ ինքյան են բարի դառնում: Չարիք գործելու համար, պետք է համաձայնության մեջ լինել: Ահա թե ինչու առեւանգիչը միշտ իր հետ հանցակիցներ է վերցնում:

***

Պատահում է, որ կարիքն ու քաղցը ստիպում են վեհանձն այրին օգնություն խնդրել, բայց նա դա արժանապատվորեն է անում: Անելանելի վիճակում կործանվել են նույնիսկ այրերից իմաստնագույնները, բայց նրանք իրենց մասին հավերժական հուշ են թողել:

***

Երբ կինը վշտանում է իր ամուսնու համար, եւ ամուսինն էլ վշտանում է նրա հետ մեկտեղ, նրա վիշտը մեղմանում է: Երբ կինը զայրանում է ամուսնու վրա՞ եւ նա նույնով է նրան պատասխանում, նրա զայրույթը նախկինից էլ ուժեղ է բորբոքվում:

***

Նա, ով իրեն ահեղ տեսք է հաղորդում, նման է մեծահասակի, ով երեխային վախեցնում է դեւի դիմակով, բավ է, որ նա շրջվի, եւ այլեւս սարսափելի չի լինի: Նա, ով համեստություն է խաղում, նման է երգչուհու, ով մարդկանց ներկայությամբ հյուրասիրությունից հրաժարվում է, իսկ տուն գալով, հարձակվում է ուտելիքի վրա:

***

Չափազանց խիստ օրենքները հիշեցնում են չափազանց ձգված լարերը, որոնցով դեռ կարելի է նվագել: Չափազանց մեղմ օրենքները հիշեցնում են մինչեւ վերջ թուլացած լարերը, որոնցով այլեւս հնարավոր չէ նվագել:

***

Տղամարդը սիրում է կնոջը, ինչպես ծարավից տոչորվող ճամփորդը ջուր է տենչում: Այդ պատճառով, կիրքը բավարարելով, նա կորցնում է հետաքրքրությունը իր տենչանքների առարկայի հանդեպ: Կինը սիրում է տղամարդուն, ինչպես շոգից տոչորվող ճամփորդը զովություն է տենչում: Այդ պատճառով, նույնիսկ հասնելով ցանկալիին, նա սիրուց չի հագենում:

***

Հիմար տղան ավելի վատ է, քան շրջմոլիկ որդին, քանի որ նա երբեք դեպի լավը չի փոխվի: Միջակությունը պետական ծառայության մեջ խաբեբայից վատ է, քանի որ նա այլոց եւս ներքեւ է քաշում:

***

Եթե մի ձեռքով մահապատժի ենթարկես հանցագործին, իսկ մյուս ձեռքով հանցագործին թաքցնես, ապա մահապատժի ենթարկված հանցագործի փոխարեն մեկը եւս կհայտնվի: Եթե այսօր պատժես անառակությունը, իսկ վաղը աչք ածես անառակ կնոջը, ապա մի անառակը պատիժ կկրի, իսկ մյուսը անառակություն կտարածի:

***

Ժլատը կարող է վիթխարի հարստություն կուտակել: Բայց եթե նրան դժբախտություն պատահի, եւ նա կնմանվի փողոցում տրորված մկան: Մեծահոգի մարդը կարող է սնանկանալ: Բայց եթե նույնիսկ նրան դժբախտություն պատահի, ապա քառասնոտնուկի նման կլինի, ով ընդամենը մի քանի տոտիկ է կորցրել:

***

Համեստությունը մեծ առաքինություն է, բայց չափազանց համեստությունը վերածվում է խորամանկության: Լռակյացությունը բնավորության հիանալի գիծ է, բայց չափազանց լռակյացությունը մատնում է նենգությունը:

***

Նախանձն ավելի սարսափելի է հարուստների շրջանում, քան` աղքատների: Ատելությունը երբեմն ավելի ուժեղ է եղբայրների միջեւ, քան օտարների:

***

Հարստությունն ու անվանի լինելը չեն վազում վեհանձն այրի ետքից, քանի որ նա ինքը չի վազում դրանց ետեւից: Հաջողությունն ու փառքը անշուշտ վրա կհասնեն նպատակաուղղված մարդուն, որովհետեւ նրանք պայքարում են դրա համար, գետին դեմ առած մարտիկների նման:

ՉԵՆ ՑԶԻԺՈՒ ԱՍՈՒՅԹՆԵՐ

***

Նստիր հանգիստ, եւ դու կհասկանաս, թե ինչ ունայն են առօրյա հոգսերը: Փոքր-ինչ լռիր, եւ դու կհասկանաս, թե ինչ դատարկ են առօրյա խոսակցությունները: Հրաժարվիր սովորական հոգսերից, եւ դու կհասկանաս, թե մարդիկ որքան ուժ են զուր ծախսում: Փակիր քո դարպասը, եւ դու կհասկանաս, թե որքան ծանր են ծանոթության կապերը: Քիչ ցանկություններ ունեցիր, եւ դու կհասկանաս, թե ինչու են այդքան բազում մարդկային ցեղի հիվանդությունները: Ավելի մարդկային եղիր, եւ դու կհասկանաս, թե որքան անհոգի են սովորական մարդիկ:

***

Տղամարդու առաքինությունը` նրա տաղանդն է: Կնոջ անտաղանդությունը` նրա առաքինությունն է:

***

Պետական այրը մտքում պիտի վշտանա պետության համար, բայց չպետք է պետության մասին վիշտ ծնող բառեր արտաբերի:

***

Գնահատելու համար սովորական մարդուն, տես, թե նա ինչպես է գլուխ բերում մեծ գործերը: Գնահատելով երեւելի մարդուն, տես, թե նա ինչ ուշադիր է մանրուքների հանդեպ:

**

Պետությունը ղեկավարելիս երկու կանոն կա` վտանգի պահին անվրդով եղիր, հանգիստ ժամանակ եղիր շրջահայաց:

***

Նա, ով մարդու մասին բարի խոսք լսելիս չի հավատում դրան, իսկ մարդու մասին վատ խոսք լսելիս հրճվում է, ամբողջովին թույնով է համակված:

***

Ես չգիտեմ, թե ինչ է բարին: Այն, ինչ մարդիկ գնահատում են իմ մեջ, հենց իմ արժանիքն է։ Ես չգիտեմ, թե ինչ է չարը: Այն, ինչ մարդիկ չեն սիրում իմ մեջ, ահա հենց դա էլ իմ արատն է:

***

Պարզկա օրը մարդիկ առույգության հոսք են զգում, եւ թռչուններն ուրախ երգում են երկնքում: Գեշ եղանակին թռչունները թաքնվում են ծառերի տակ, իսկ մարդիկ փակված նստում եւ տրտմում են: Իսկ վեհանձն այրը ունկ է դնում լոկ նախնական կենաց ուժի մեծ համաձայնությանը:

***

Մարդը նույնիսկ երկինքն իրեն կենթարկի: Եթե նրա կամքը կենտրոնացած է, ապա ոչ ճակատագիրը, ոչ նշանները նրա վրա իշխանություն չունեն:

***

Ստոր մարդը տենչում է այլոց ողորմածությանը, իսկ հասնելով ուզածին, երախտագիտություն չի զգում: Վեհանձն այրը չի ընդունում այլոց թեթեւսոլիկ ողորմածությունները, իսկ ընդունելով դրանք, միշտ հիշում է իրեն մատուցած ծառայության մասին:

***

Բժշկությունը փրկում է մարդկային կյանքը, բայց տգետի ձեռքին կործանում է մարդկանց: Զինվորները խլում են մարդկային կյանքը, բայց իմաստունի ձեռքին վերադարձնում են մարդկային կյանքը:

***

Ոգեշունչ մարդկանց բառերը նրբին են: Իմաստուն մարդկանց խոսքերը հասարակ են: Արժանավոր մարդկանց խոսքերը պարզ են: Ստոր մարդկանց խոսքերն ունայն են:

***

Մարդիկ մեծ սրահներ են պատրաստում եւ շքեղ հագուստներ են կրում, ենթադրելով, որ իրենք ինչ-որ բան են հավելում այն բանին, ինչ իրենցից ներկայացնում են: Բայց որքան բարձր է կտուրը, այնքան հեռու է մեր գլխից, եւ որքան հարուստ է հագուստը, այնքան հեռու է մեր մարմնից: Ուրեմն, ո՞ւմ համար ենք մենք ապրում, այլո՞ց, թե՞ մեզ համար:

***

Եթե մարդը օրվա ընթացքում մի լավ խոսք լսի, մի լավ արարք տեսնի եւ մի բարի գործ կատարի, նա այդ օրն իզուր չի ապրի:

***

Նա, ով միշտ պնդում է, որ ինքը ճիշտ է, սիրտը կարծրացել է, իսկ ոգին կակղել:

***

Մի ներեք ձեր ծառաներին, եթե նրանք օտար մարդու են նեղացրել: Ներեք ձեր ծառաներին, եթե նրանք նեղացրել են ձեզ:

***

Մարդուն ճանաչելը հեշտ չէ: Բայց նա, ում հեշտ է ճանաչել, չարժե այն բանին, որ նրան ճանաչես:

***

Նա, ով բարի խրատներ է ժողովում, նման է այն առեւտրականին, ով պահ է տալիս յուրաքանչյուր մետաղադրամը եւ ի վերջո հարստանում է:

***

Երբ գիտակցությունը իրեր է տենչում, դա մթագնում է կոչվում: Երբ գիտակցությունը տենչում է պիտանին, դա պայծառատեսություն է կոչվում:

***

Չի կարելի ճշմարտություն չփնտրել, բայց չի կարելի գործել ճշմարտության անունից: Չի կարելի այս աշխարհի օրենքներով ապրել, բայց չի կարելի այս աշխարհում կյանքից երես դարձնել:

***

Հանդիպելով անվանի եւ հարուստ մարդու, դժվար չէ քաղաքավարի լինելը, այլ դժվար է սրտաբաց լինելը: Խեղճ ու աղքատ մարդու հանդիպելիս, դժվար չէ գթասիրտ լինելը, այլ դժվար է քաղաքավարի լինելը:

***

Նա, ով անդորրավետ հայում է մտաց ընթացքը, նման է այն տանուտերին, ով տան գլխավոր սրահում հյուրեր է ընդունում, նա սոսկ ակամա արձագանքում է դրսի ներգործությանը:

***

Գրքեր ընթերցելիս ստիպված ես լինում դիմանալու տպագրիչների սխալներին, հար եւ նման այն բանին, ինչպես, ասենք, սար բարձրանալիս, ստիպված ես լինում դիմանալ ուղղաբերձ արահետին, ձյան վրայով քայլելիս, ստիպված ես լինում դիմանալ սայթաքուն կամրջակին, իսկ պարապ ապրելիս, ստիպված ես լինում դիմանալ տափակ խոսակցություններին: