Նոր առաջարկ` Ստուրուային

08/09/2011

Վրաստանի Շ. Ռուսթավելիի անվան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուային նույն այդ թատրոնում մեկ այլ` ռեժիսորի աշխատանք են առաջարկել: Պարզվում է` օգոստոսի 30-ին թատրոնի տնօրեն Զաալ Չիկոբավան անձամբ է Ստուրուային փոխանցել համագործակցության համաձայնագիրը: «Ինչպես հայտնի է, Ստուրուան Օդեսա է մեկնել եւ մտածելու ժամանակ խնդրել: Հավանաբար, նրա պատասխանը հայտնի կլինի մոտ օրերս»,- «Գրուզիա օնլայն» գործակալության հաղորդմամբ` ասել են թատրոնի ներկայացուցիչները: Վերջերս Ստուրուան հեռացվեց Շ. Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ստուրուայի պաշտոնանկությունից հետո Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուան ասել էր, որ Ստուրուան պաշտոնից հեռացվել է «իր օտարատյացության» համար: Դրանից մոտ մեկ ամիս առաջ Ստուրուան հայտարարել էր, թե վրացի ժողովուրդը պետք է հրաժարվի ներկայիս իշխանություններից, ինչպես որ գերմանացիները հրաժարվեցին Հիտլերից: Իսկ ավելի ուշ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հայ էր անվանել` հավելելով, թե ինքը չի ցանկանում, որպեսզի իր երկրի նախագահը լինի հայը, որը չի հասկանում, թե ինչ են ուզում վրացիները: