Մեծ խուճապ

06/09/2011

«Wikileaks» կայքի հրապարակած դիվանագիտական նամակները մեծ խուճապ են առաջացրել ՀՀ պաշտոնյաների շրջանում: Մեր տեղեկություններով` շատերը վախենում են ոչ թե արդեն հրապարակված նյութերից, այլ դեռ նոր հրապարակվելիք նամակներից: Մեր երկիր այցելող ԱՄՆ դիվանագետներն ու ամերիկյան դեսպանատան աշխատակիցները պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀՀ ամենատարբեր քաղաքական գործիչների, պատգամավորների, նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ: Եվ քանի որ վերջիններս կարծել են, որ այդ խոսակցությունները գոնե հայ հանրության համար անհասանելի կլինեն, շփվել են հնարավորինս ազատ: ԱՄՆ դիվանագետները նրանց հարցեր են ուղղել տարբեր երեւույթների եւ պաշտոնյաների մասին, ու հիմա ՀՀ պաշտոնյաները վախենում են, որ իրենց պատասխանները կամ կարծիքները կարող են դառնալ ներիշխանական, ներքաղաքական մեծ հակասությունների պատճառ: Թե իշխանական, եւ թե ընդդիմադիր գործիչները խուսափում են կարծիք հայտնել «Wikileaks»-ի հրապարակումների մասին: Իշխանական կուլիսներում խոսում են, որ շատ պաշտոնյաներ ընկել են հիշողությունների գիրկը` փորձելով հիշել, թե ինչ են ասել ամերիկյան դիվանագետներին, եւ դեռ ինչեր կարող են հրապարակվել: Ամեն դեպքում նրանք համոզված են, որ «Wikileaks»-ի այդ հրապարակումների նպատակներից մեկը ներքաղաքական եւ ներիշխանական դաշտում խառնաշփոթ հրահրելը եւ մեկին մյուսի դեմ լարելն է: Շատ գործիչներ ներքին խոսակցություններում արդեն խոստովանում են, որ այլեւս զգուշանում են հանդիպել ամերիկյան դիվանագետների կամ դեսպանատան աշխատակիցների հետ: