Բլեֆ էր

06/09/2011

«Wikileaks»-ի կողմից 2009թ. մայիսի 8-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին հրապարակված զեկույցից պարզվել է, որ Ռ.Քոչարյանն ԱՄՆ դեսպանին իր թերահավատությունն է հայտնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին` ասելով. «Դա ամենամեծ բլեֆն էր»: Նաեւ ասել է, թե ծրագրի նախնական փուլում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ինչպես օգնել Հայաստանին, սակայն ի վերջո ոչինչ էլ չի իրականացվել այդ ծրագրի շրջանակներում: Քոչարյանը նշել է, որ ծրագրի գումարներից ոչ մի կոպեկ չի ծախսվել իր նախագահության շրջանում: Նա մասնավորապես նշել է, որ երբեք չի հավատացել ծրագրի կենսունակությանը, քանի որ դրա նպատակները երկու հակառակ ուղղություն ունեն: Դեսպան Յովանովիչը հերքել է Քոչարյանի խոսքերը եւ առաջարկել է ծանոթանալ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերի» իրականացվող ծրագրերին: Յովանովիչը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսությանը այդ ծրագրի շրջանակներում մեծ օժանդակություն է ցուցաբերվում: Քոչարյանը նաեւ նշել է, որ ինքը չի հասկանում, թե ինչ պատճառով է ԱՄՆ-ը սառեցրել ծրագիրը, ինչին ի պատասխան` Յովանովիչն ասել է, որ նման որոշումը կայացվել է 2008թ. ընտրություններին հաջորդած բռնությունների կապակցությամբ: Քոչարյանն իր կողմից ավելացրել է, որ ծրագիրը չպետք է քաղաքականացվեր, իսկ ԱՄՆ-ը չպետք է որեւէ մեկին ճնշումների ենթարկեր եւ կասեցներ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը: