ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը 2008թ. հոկտեմբերի 16-ին Պետդեպարտամենտ ուղարկված գաղտնի հեռագրում պատմում է մի հետաքրքիր հանդիպման մասին՝ իր եւ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի միջեւ։ Փաստաթուղթը հրապարակվել է «Wikileaks»-ի կայքում: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի հանրահավաքից 3 օր առաջ։ Դ. Շահնազարյանը, ըստ Յովանովիչի, եկել էր նախապես զգուշացներ, որ ԼՏՊ-ի ասածներն ամերիկացիները շատ սրտներին մոտ չընդունեն։
«Դավիթ Շահնազարյանը, ով ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) մտերիմ, վստահելի անձն է, հոկտեմբերի 14-ին շտապ հանդիպում է խնդրել դեսպանից: Նա փոխանցել է, որ ԼՏՊ-ի` հոկտեմբերի 17-ի հանրահավաքը վերջին այսպիսի բողոքի արտահայտումն է լինելու որոշակի ժամանակահատվածի կտրվածքով, քանի որ ընդդիմության գործունեությունը տեղափոխվում է մեկ այլ շրջափուլ: Նա ասաց, որ մասսայական բողոքի պրակտիկայից հրաժարվելիս «իր դեմքը փրկելու» համար նա (ԼՏՊ-ն.- Բ.Թ.) ստիպված էր լինելու իր հիմնավորումներին եւ հայտարարություններին փոքր-ինչ սուր տեսք հաղորդել, սակայն մենք (Միացյալ Նահանգները) չպետք է այդ քննադատությունները չափազանց լուրջ ընդունենք: Նա նշեց, որ ԼՏՊ-ն օգտագործելու էր Թուրքիայի եւ ԼՂ վերաբերյալ ՀՀ Կառավարության բանակցությունները, որպես ներկայիս իշխանություններին կշտամբելու գործիք»,- գրել է Յովանովիչը։
Ըստ Յովանովիչի, Շահնազարյանը ցանկանում էր իրենց հավաստիացնել, որ ԼՏՊ-ն եւ իր շարժումը հավատարիմ էին մնում եւ՛ Թուրքիայի հետ, եւ՛ ԼՂ-ի հարցի կարգավորման շուրջ բանակցություններին` ԱՄՆ եւ Մինսկի խմբի, որպես արդար միջնորդների հետ միասին: Շահնազարյանը հիշեցրել է, որ ԼՏՊ-ն եղել է այն նախագահը, ում վարչակազմը պրագմատիկ եւ կառուցողական դիրքորոշում է ունեցել Թուրքիայի եւ ԼՂ վերաբերյալ հարցերում: Ավելին. «Մասնավոր զրույցում նա մեզ ասաց, որ ներկայիս պահը հարմարավետ պահ է, քանի որ նա ականատես է եղել, թե ինչպես է երկարաժամկետ կտրվածքով առաջընթաց արձանագրվում ԼՂ եւ Թուրքիայի վերաբերյալ հարցերում` ռուս-վրացական ճգնաժամից հետո»:
Դեսպանը այդ տեղեկությունն ի գիտություն ընդունելով` խստորեն պահանջել է Շահնազարյանից (հետեւաբար` նաեւ ԼՏՊ-ից), ուշադիր եւ կառուցողական լինել այդ հարցերի վերաբերյալ իրենց արած հայտարարություններում եւ չխափանել բոլոր հայերի շահերից բխող կարեւոր շրջադարձի հասնելու պատմական պահը:
Յովանովիչն ասել է, որ անվստահության այնպիսի մթնոլորտում, ինչպիսին առկա է Երեւանում, իշխանությունները կարող են սխալ հասկանալ ԼՏՊ-ի մտադրությունը եւ այն չդիտել` որպես իր հիմքերն ամուր պահելուն միտված հայտարարություններ: Շահնազարյանը հանգստացրել է նրան՝ ակնարկելով, որ չնայած քննադատությանը, ԼՏՊ-ն ներկայիս կառավարությանը բավականին ճկունության հնարավորություն կթողնի, որպեսզի ի վիճակի լինեն այդ հարցերում առաջ շարժվել:
Շահնազարյանն ասել է, որ ԼՏՊ-ն ելույթ է ունենալու նախապես պատրաստված տեքստով (ի հակառակ իր սովորության): «Նախնական տեքստն ավարտված է եւ այժմ թարգմանվում է անգլերեն եւ ռուսերեն: Նա ասաց, որ տեքստում լինելու են «հստակ ուղերձներ» ԱՄՆ եւ ՀՀ Կառավարության համար։ Դ. Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ ամերիկյան կողմը կկարողանա տարբերակել այն հայտարարություններից, որի վրա պետք չէ ուշադրութուն դարձնել։ Ավելին, Շահնազարյանը խոստացել էր տեքստի անգլերեն տարբերակը դեսպանատանը տրամադրել ուրբաթ օրը, նախքան ԼՏՊ-ի կողմից երեկոյան հանրահավաքի ժամանակ այն հնչեցնելը»:
Հեռագրի վերջում արված իր մեկնաբանություններում Յովանովիչը գրել է. «ԼՏՊ-ն եւ իր Հայ ազգային կոնգրեսը կարծես թե գիտակցում են, որ իրենք բաց են թողել հասարակական աջակցության իմպուլսը: Անհրաժեշտությունից ելնելով` խումբը կսառեցնի հետագա «մասսայական հանրահավաքները», մինչ մասնակցության աստիճանի նվազեցումը կսկսի անհանգստացնել իրենց: Մենք դեռեւս չգիտենք, թե իրականում ինչպիսին է լինելու ընդդիմության` այս «հաջորդ փուլը»: Հանրության շրջանում չափից շատ երեւալը նախկին նախագահի օգտին չի աշխատել, ուստի մենք կարծում ենք, որ ԼՏՊ-ն կարող է իրեն որեւէ կերպ հետ քաշել ակտիվ հասարակական դերակատարումից, վերադառնալ իր միստիկ կարգավիճակին եւ աշխատել փոխարինողների եւ կողմնակիցների միջոցով: Մենք հույս ունենք, որ սրա արդյունքում ընդդիմությունն ավելի կառուցողական ներգրավվածություն կունենա քաղաքական կյանքում»: