Եվ այդ մեկ մարդը ես եմ

06/09/2011

«Wikileaks» կայքում օգոստոսի 30-ին հրապարակված Հայաստանին վերաբերող հարյուրից ավելի փաստաթղթերից մի քանիսը վերաբերում են ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ ՀՀ-ում ամերիկյան դիվանագետների հանդիպումներին, պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումներին: Գաղտնազերծված փաստաթղթերում, ըստ էության, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս 2007-ին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ դրա ամենաառանցքային մասնակիցների` Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած շարժման մասին: Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթղթերից մի քանիսը` մասնակի կրճատումներով:

2007թ. օգոստոսի 22-ին ամերիկյան դիվանագետները՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Փերինայի գլխավորությամբ, այցելել են Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ մամուլը գրում էր 2008 թվականի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին, սակայն նախկին նախագահն ինքը դեռ որեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր եկել։

Փերինան օգոստոսի 24-ին այդ հանդիպման մասին հեռագիր է ուղարկել, որտեղ բավականին ուշագրավ դատողություններ է արել։ Պակաս ուշագրավ չեն նաեւ ԼՏՊ-ի արտահայտած մտքերը: Այդ հանդիպմանն է վերաբերում «Wikileaks»-ի հրապարակած հերթական փաստաթուղթը:

«Վերջին տարիներին ԼՏՊ-ն դարձել է գրեթե ճգնավոր՝ ապրելով Հրազդանի կիրճին նայող իր մենավոր, պետության միջոցներով պահվող տանը։ Նա այնքան քիչ էր երեւում հասարակության մեջ, որ ոմանք կասկածում էին, թե նախկին նախագահը տնային կալանքի տակ է»,- գրում է Փերինան՝ ավելացնելով, որ այդուհանդերձ վերջին շրջանում ընդդիմադիր մամուլը սկսել է գրել ԼՏՊ-ի՝ մարզեր կատարած այցերի մասին, իսկ ՀՀՇ-ամետ որոշ մեկնաբաններ կոչ են անում նրան մասնակցել ընտրարշավին։

Փերինան գրում է, որ ԼՏՊ-ն ավելի աշխույժ եւ էներգիայով լի էր, քան նախորդ տարվա հոկտեմբերին իրենց կատարած այցելության ժամանակ։ Գրում է նաեւ, որ առանց սպասելու իրենց հարցնելուն, ԼՏՊ-ն սկսել է խոսել՝ նշելով, որ լուրջ նշանակություն է տալիս 2008 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր հնարավորությանը։ Նախկին նախագահը ամերիկացիներին տեղեկացրել է, որ ինքն այժմ ակտիվ քննարկումների մեջ է ընդդիմադիր առաջնորդների հետ, եւ վերջնական որոշում կկայացնի սեպտեմբերին։ ԼՏՊ-ի խոսքերով, բացի ՀՀՇ-ից, իրեն խոստացել են աջակցել նաեւ Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը եւ «Այլընտրանք/Իմպիչմենտ» դաշինքները։ Սակայն ամենահետաքրքրականը, թերեւս, Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին վերաբերող մասն է։ «ԼՏՊ-ն խոսել էր նաեւ Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի հետ, ովքեր դրական էին պատասխանել, սակայն` «Դուք երբեք չեք իմանա, թե նրանք ինչ կարող են ասել վաղը»։ ԼՏՊ-ն ասաց, որ այս երկուսի դեպքում ամեն ինչ ի վերջո հանգելու է դժվարին սակարկության եւ կախված է նրանից, թե ինքը ինչ կարող է առաջարկել՝ նրանց աջակցության դիմաց։ «Դա նորմալ քաղաքականություն է»,- մեկնաբանեց նա։ ԼՏՊ-ն նաեւ մտածում է, որ ինքն ուժեղ աջակցություն ունի վետերանական խմբերի շրջանում, ներառյալ «Երկրապահ» շարժումը։ Նա ասաց, որ կան մի շարք բիզնեսմեն օլիգարխներ, ովքեր բավական լավ են վերաբերվում իր թեկնածությանը, սակայն նրանք պետք է զգույշ լինեն, որպեսզի չափից դուրս շուտ ԼՏՊ-ին բացահայտ աջակցելու պատճառով վտանգի տակ չդնեն իրենց բիզնեսը»,- գրել է Փերինան։

Տեր-Պետրոսյանն ասել է, որ եթե ամեն ինչ նույն կերպ ընթանա, ապա անկասկած նախագահ կդառնա Սերժ Սարգսյանը, չնայած, որ նա բացարձակապես խարիզմայից զուրկ է։ Նախկին նախագահը խոսել է նաեւ առաջիկա ընտրարշավի դժվարություններից։ «Ինչպես նա ինքն ասաց, առաջին խնդիրը ԼՏՊ-ի նկատմամբ առկա «բացասական ստերեոտիպերի» հաղթահարումն է, որն այժմ գերիշխում է հասարակական կարծիքում»,- գրել է Փերինան։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ամերիկացի դիվանագետների հետ զրույցում իր վատ իմիջը վերագրել է Քոչարյանի եւ նրա վարչախմբի կողմից 10 տարի շարունակվող քարոզչությանը։ Նա կարծիք է հայտնել, որ Հանրապետականների ապարատը կդիմի բոլոր միջոցներին, արդար կամ անարդար, որպեսզի վնասի իր վարկանիշին եւ բարձրացնի Ս. Սարգսյանինը։ Նաեւ կարծիք է հայտնել, որ Կրեմլը կարող է աջակցել Ս. Սարգսյանին։

Քոչարյանին, Սարգսյանին եւ նրանց շրջապատին մեղադրելով կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների մեջ՝ ԼՏՊ-ն նշել է, որ իր սեփական վարչախմբում էլ «սեւ բծեր» կային, սակայն ներկայի համեմատ իր կաբինետը «առաքինության տիպար» էր։ Իսկ իր նկատմամբ ձեւավորված վատ վերաբերմունքի պատճառների թվում նշել է օբյեկտիվ գործոններ՝ ԽՍՀՄ փլուզումը եւ այլն, որոնք ոչ մեկի վերահսկողության տակ լինել չէին կարող։

Ուրի՞շ ով կա այնտեղ

Այսպես է վերնագրված հեռագրի հատվածներից մեկը։ Այն սկսվում է Փերինայի՝ ԼՏՊ-ին ուղղված հարցից, թե իրենից բացի ուրիշ ո՞վ հնարավորություն ունի միավորել ընդդիմությանը։

Ի պատասխան՝ ԼՏՊ-ն նշել է, որ իր կարծիքով` ուրիշ ոչ ոք չի կարող դա անել։ Դա հիմնավորել է այն հանգամանքով, որ մյուսները 10 տարի ունեին՝ ցույց տալու համար, թե ինչ կարող են անել, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել։ Նա առանձնացրել է Արթուր Բաղդասարյանին, որպես մյուսներից ավելի էֆեկտիվ գործիչ, սակայն համոզմունք է հայտնել, որ նա 7-8%-ից ավելի ձայն չի կարող հավաքել։ Մյուսները, այդ թվում` Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, ըստ ԼՏՊ-ի, թերեւս այդքան էլ չկարողանան հավաքել։ «Ստեփան Դեմիրճանն իր աստեղային պահն ունեցավ 2003 թվականին, սակայն նրա ժամանակն անցել է, հայաստանցի ընտրողները կորցրել են վստահությունը նրա նկատմամբ»,- ԼՏՊ-ի խոսքերն է մեջբերել Փերինան։ Վերջինիս տպավորել էր սակայն եւս մի փաստ, ինչի մասին գրել է հեռագրում. «Միակ անունը, որն այդպես էլ ԼՏՊ-ի շուրթերից չհնչեց, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Մենք էլ չհարցրեցինք»։

ԼՏՊ-ն ամերիկացի դիվանագետներին ասել է, որ ինքն ավելի մեծ հաճույքով իր այգին կմշակեր, սակայն ստիպված է քաղաքականություն վերադառնալ, որպեսզի իր հայրենակիցների կողքին լինի՝ քրեական վարչախմբի դեմ պայքարում։ Հաղթելու իր շանսերը ԼՏՊ-ն փոքր է գնահատել, սակայն նշել է, որ արժե փորձել, հենց թեկուզ այն պատճառով, որ ուրիշ ոչ ոք ի վիճակի չէ միավորել ընդդիմությունը։

Ամերիկացի դիվանագետն իր հեռագրում հիշեցրել է USAID-ի ֆինանսավորմամբ «Gellup»-ի անցկացրած հարցումների արդյունքները (Փերինայի խոսքերով, դա հնարավոր աղբյուրներից ամենավստահելին է)։ Այդ արդյունքների համաձայն, նախկին նախագահի վարկանիշը 2007թ. հուլիսին 20% էր, մինչդեռ Ս. Սարգսյանինը՝ 51%։

Հեռագրի վերջում Փերինան ներկայացրել է իր սեփական դիտարկումները, որոնք եւս բավականին հետաքրքիր են։ «Մեր գնահատմամբ, ԼՏՊ-ի՝ սեփական շանսերի տրամաբանական գնահատականը խիստ լավատեսական է»,- գրել է Փերինան։ Էլիտաների միավորման ԼՏՊ-ի ռազմավարությունը նա անվանել է «սովետական մտածելակերպի արտահայտություն», որն իրենք լսում են Հայաստանի գրեթե բոլոր «ավանդական ընդդիմության» առաջնորդներից, սակայն որը միայն ձախողումներ է բերել։

Փերինան նշել է, որ հարցումների արդյունքները ամբողջ իրականությունը չեն կարող արտահայտել։ Սակայն ԼՏՊ-ի առնչությամբ իրենց համար պարզ է, որ հասարակության մեջ կա շատ խորը հակակրանք նրա նկատմամբ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա դեպքում եւս հարցումները կարող են մոլորեցնող լինել։ Նրա աջակցությունը հիմնված է այն ենթադրության վրա, որ նա անխուսափելիորեն հաղթելու է։ Ի տարբերություն Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի, Փերինան դրական երանգներով է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ըստ ամերիկացի դիվանագետի, թերեւս կա միայն մեկ քաղաքական գործիչ, ով հստակ գիտակցում է հենց ընտրողներին հասնելու կարեւորությունը, եւ դա ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Փերինան նշել է, որ իրենց կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսյան ընտրություններին հասարակական կարծիքի անվիճելի առաջատարն էր։ Փերինան հիշեցրել է, որ մյուս կողմից Հովհաննիսյանը, ըստ սահմանադրության, իրավասու չէ մասնակցել նախագահական ընտրություններին, եւ անցանկալի խոչընդոտների է հանդիպում նախագահի կամ ՍԴ-ի կողմից։ «Այն, որ ԼՏՊ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի անունը չնշեց, միգուցե կարելի է բացատրել նրանով, որ նախկին նախագահը մտածում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնել։ Սակայն ավելի հավանական է թվում, որ նա (ԼՏՊ-ն) հասկանում է, թե ընդդիմության առաջնորդի տիտղոսի համար պայքարում ով է իր ամենաբարձր վարկանիշն ունեցող թեկնածուն եւ գերադասում է դրա վրա կանգ չառնել։ Ինչպես երեւում է, Ր. Հովհաննիսյանն այսօր ամենամեծ «X-գործոնն» է նախագահական ընտրապայքարում։ Եթե նրան հնարավորություն տրվի մասնակցել, նա կարող է իրական արդյունքի հասնել։ Եթե ոչ, ապա պարզ չէ, թե նա կցանկանա՞ կամ կկարողանա՞ իր քաղաքական կշիռը ներդնել հօգուտ մեկ այլ ընդդիմադիր առաջնորդի»,- գրել է Փերինան։