Երկքաղաքացիությունը խիստ վտանգավոր է

11/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Պետություն` նշանակում է տարածք եւ այդ տարածքում իշխանություն ձեւավորելու մենաշնորհ ունեցող ժողովուրդ: Երկքաղաքացիության ընդունումը փոշիացնում է այդ ինստիտուտը: Դա նման է տարածքը հանձնելուն»,- երեկ «Կոնգրես» հյուրանոցում երկքաղաքացիության հարցի վերաբերյալ հրավիրված սեմինարի ժամանակ նման կարծիք հայտնեց Դավիթ Շահնազարյանը: Սեմինարի ընթացքում զեկուցումով հանդես եկան «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որոնք երկուսն էլ դեմ էին, որպեսզի գործող Սահմանադրությունից երկքաղաքացիությունն արգելող դրույթը հանվի: Սեմինարը վարող Դ. Շահնազարյանն` առանց անուններ նշելու, տեղեկացրեց, որ սեմինարին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ հակառակ տեսակետն ունեցողներին, սակայն վերջիններս ըստ էության չեն ընդունել հրավերը: Ինչեւէ, Վ. Հարությունյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները մեր պետության ապագայի վրա այնքան էական եւ շրջադարձային ազդեցություն չեն կարող ունենալ, որքան «խիստ հեղափոխական փոփոխությունը՝ երկքաղաքացիության արգելքի վերացումը»: «Դա կարող է էապես փոխել մեր ապագան՝ հնարավորություն տալով հենց նույն Ռուսաստանին իր քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով Հայաստանում իշխանություն ձեւավորել: Եթե այս կանխատեսումն իրականություն դառնա, մենք ստիպված ենք լինելու նորից անկախության համար պայքարել»,- համոզված է Վ. Հարությունյանը: Վերջինիս խոսքերով՝ երկքաղաքացիությունն ընդունելու դեպքում ՀՀ-ում ապրող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ում իշխանություն ձեւավորելու մենաշնորհից, որովհետեւ ըստ հանրաքվեի ներկայացրած Սահմանադրության՝ Հայաստանում իշխանությունը ձեւավորվում է ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված ընտրությունների միջոցով: «Որեւէ մեկը որեւէ կերպ, նույնիսկ օրենքով չի կարող արգելել երկքաղաքացուն մասնակցելու քվեարկությանը: Սահմանադրությունն անվերապահորեն ՀՀ քաղաքացուն տալիս է ընտրելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե նա քանի տարի եւ որտեղ է ապրում»,- ընդգծում է իրավապաշտպանը: Նա անդրադարձավ նաեւ ՀՅԴ ներկայացուցիչների կողմից շրջանառվող այն տեսակետին, թե Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերի Հայրենիքը չէ եւ պետք է դրսի հայերին Հայրենիքի հետ կապի վերականգնման հնարավորություն տալ, եւ երկքաղաքացիության ընդունումը լուծելու է այս հարցը: Վ. Հարությունյանի որակմամբ՝ նման դիրքորոշումը նացիոնալիզմի ամենաիսկական դրսեւորումն է: Նրա համոզմամբ՝ ՀՀ-ն առաջին հերթին իր քաղաքացիների երկիրն է՝ անկախ ազգությունից: «Այստեղ ազգությունն էական դեր չպետք է ունենա, հակառակ դեպքում գործ ունենք կործանարար նացիոնալիզմի հետ եւ վիրավորում ենք մեր այլազգի քաղաքացուն: Երկու կարգի քաղաքացի՝ հայ եւ ոչ հայ, չպետք է լինի»,- համոզված է իրավապաշտպանը: Վերջինիս կարծիքով՝ նման կերպ մտածողները չեն կարողանում տարբերակել Հայրենիքը եւ պետությունը: Եվ թերեւս հենց այդ մարդկանց համար Վ. Հարությունյանը տվեց «Հայրենիք» եւ «պետություն» բառերի իր սահմանումը: Ըստ այդմ՝ Հայրենիքը պատմական հիշողության վրա հիմնված մի տարածք է, ուր երբեւէ ապրել են մեր պապերը եւ ուր չենք ապրում մենք այսօր, մինչդեռ պետությունն աշխարհի կողմից ճանաչված, հստակ սահմանների մեջ ներառված երկիր է, որտեղ մենք բազմաթիվ այլազգիների հետ մեկտեղ ապրում ենք եւ փորձում ենք հաղթահարել մեզ բաժին ընկած դժվարությունները: Սակայն պարզվում է, որ ինչ-ինչ դժվարություններ հաղթահարելու գործում երկքաղաքացիությունը կարող է նաեւ օգուտներ տալ: Երկքաղաքացիության նման «օժանդակ դերի» մասին իր զեկույցում նշեց Ա. Աբրահամյանը: Վերջինիս խոսքերով՝ ասենք Բոլիվիայի անձնագիր ունեցող ռուսաստանցիներին երկքաղաքացիությունը տուրիզմի եւ բիզնեսի հարցերում օգնում է, որովհետեւ Բոլիվիայի անձնագրով անձը կարող է գնալ եվրոպական ցանկացած երկիր՝ բացի Շվեդիայից եւ Շվեյցարիայից: Ա. Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարի ՌԴ-ն ընդունել է «Քաղաքացիության մասին» օրենք, որով ըստ էության արգելել է երկքաղաքացիությունը: «Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Կոլերը, որն, ի դեպ, ըստ բոլոր տվյալների` ազգային հեղափոխական Արամ Կարապետյանի կուրատորն է, հայտարարել է, որ Ռուսաստանի օրենսդրությունն ըստ էության արգելում է երկքաղաքացիությունը, ընդ որում, նա հատկապես ընդգծել է, որ Հայաստանի դեպքում խնդիր չի ծագի, եթե դրա համար լուրջ քաղաքական հիմքեր ստեղծվեն, օրինակ՝ եթե ստեղծվի Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միության մի ձեւաչափ»,- շեշտեց «Առավոտի» խմբագիրը: Վերջինիս համոզմամբ՝ դա որոշակի ակնարկ է, որը ցույց է տալիս մեր սահմանադրական փոփոխությունների եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ձգտումների փոխկապակցվածությունը: Նրա կարծիքով՝ Հայաստանում երկքաղաքացիության արգելքի վերացումը սփյուռքին ուղղված բարի ժեստ է, սակայն հայաստանցիների հաշվին սփյուռքին լավություն անելն Ա. Աբրահամյանը սխալ է համարում: «Եթե որեւէ սփյուռքահայի ուշքը գնում է Հայաստանի համար, թող հրաժարվի իր երկրի քաղաքացիությունից եւ ընդունի Հայաստանի քաղաքացիություն»,- առաջարկեց նա եւ հավելեց,- եթե խոսքը միայն բարոյական հարթության վրա է, ապա ես այստեղ ունեմ զուտ բարոյական առարկություններ. նրանք, ովքեր 90-ական թվականներին տաքուկ եւ բարեկեցիկ երկրներում են անցկացրել, որեւէ բարոյական իրավունք չունեն նույն կարգավիճակն ունենալ հայաստանցիների հետ, որոնք իրենց ուսերի վրա են վերցրել պետության ստեղծումը, պատերազմն ու շրջափակումը եւ դրա հետ կապված բոլոր տառապանքները»: Ա. Աբրահամյանը դեմ է, որ Հայաստանից դուրս ապրող եւ այլ քաղաքացիություն ունեցող մարդկանց տրվի որեւէ իրավունք, որը տրվում է ՀՀ քաղաքացիներին: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ հնարավոր չէ օրենքում գրել, որ երկքաղաքացիությունը տրվում է միայն հայերին: «Եթե նույնիսկ նման ռասիստական օրենք ընդունվի, ապա ոչ ոք չի կարող տալ էթնիկական հայի իրավական սահմանումը»,- պնդում է «Առավոտի» գլխավոր խմբագիրը, ում համոզմամբ՝ մեր պետության կարեւորագույն հարստությունը, սուբյեկտը հայաստանցիներն են, եւ այդ սուբյեկտը չի կարելի տարրալուծել այլ սուբյեկտների մեջ: Իսկ սահմանադրական փոփոխությունների նախագծում առաջարկված փոփոխություններին Ա. Աբրահամյանն ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում եւ հակված է եղել «այո» ասել, եթե չլիներ երկքաղաքացիության հարցը: Երկքաղաքացիությունն արգելող դրույթը գործող Սահմանադրությունից հանելուն դեմ արտահայտվեց նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով նշեց, որ առանձնապես դեմ չէր լինի երկքաղաքացիության ընդունմանը, եթե վստահեր Հայաստանի իրավական համակարգին: «Ցանկացած օրենք մանիպուլյացիաների է ենթարկվում: Իսկ երկքաղաքացիության ընդունումը մանիպուլյացիաների հսկայական հնարավորություն է տալիս»,- այս առիթով իր մտահոգությունը նշեց նա: Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ էլ՝ երկքաղաքացիությունն արգելող դրույթը գործող Սահմանադրությունից հանելու առաջարկի նպատակը ՀՀ հետագա զարգացման, բարգավաճման հետ կապ չունի: «Նպատակն իրենց (իշխանությունների.-Ռ.Թ.) վերարտադրությունն է»,- համոզված է նա: Քննարկման մասնակիցները նշեցին, որ երկքաղաքացիության դրույթը ՀՀ-ում ակտիվ քարոզում են ոչ ՀՀ քաղաքացի ՀՅԴ որոշ գործիչներ, իսկ մեծ թվով քաղաքական ուժեր էլ, որոնք 1995-ին դեմ էին երկքաղաքացիությանը, հիմա կողմ են: «Դա հասկանալի է, քանի որ դրանք այն ժամանակ էլ էին կցորդ, այսօր էլ»,- այս վերջին փաստն էլ այսպես մեկնաբանեց Դավիթ Շահնազարյանը: