«Wikileaks»-ի կողմից հրապարակված հերթական փաստաթուղթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից Պետդեպարտամենտ է ուղարկվել 2008թ. նոյեմբերի 7-ին եւ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ի գործունեությանը: Հաղորդագրությունը վերնագրված է. «ԼՏՊ-ն հորդորում է ԱՄՆ-ին իր ձեռքը վերցնել ԼՂՀ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը»: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ: Հաղորդագրության նկարագրական մասում Մ. Յովանովիչը գրել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանին Դեսպանի ծանուցողական այցի ընթացքում նախկին նախագահը եւ ընդդիմության առաջնորդը հայտարարեց, որ հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակը, եւ հորդորեց ԱՄՆ-ին վճռական կերպով ներգրավվել գործընթացին, կարգավորումն ապահովելու համար: Տեր-Պետրոսյանը խոստացավ չխանգարել Նախագահ Սարգսյանի` խաղաղություն հաստատելու ջանքերին, եւ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում բեկումը նաեւ կհանգեցնի Հայաստանի` Թուրքիայի հետ հաշտեցմանը: Տեր-Պետրոսյանը պաշտպանեց իր` հոկտեմբերի 17-ի բոցավառ ելույթը, որպես իր ընդդիմադիր շարժման մեջ ընդգրկված ռադիկալ էլեմենտներին հանդարտեցնելու մարտավարություն, սակայն զգուշացրեց, որ մի քանի ամիս անց նա կվերսկսի զանգվածային բողոքները, եթե Սարգսյանը խաղաղություն հաստատելու իր ջանքերում հաջողություն չունենա: Սարգսյանի խաղաղության ջանքերին աջակցելու համար Տեր-Պետրոսյանին խրախուսելով հանդերձ, Դեսպանն ասաց ԼՏՊ-ին, որ նա չի կարող ընդունել Սարգսյանի նկատմամբ քաղաքական միավորներ վաստակելու նպատակով ԱՄՆ-ին հրապարակավ կեղծ ձեւով ներկայացնելը: ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
ԱՄՆ-ը ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԻ ՊԱՀԸ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նոյեմբերի 4-ին Դեսպան Յովանովիչը ծանուցողական այցելություն կատարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին (ԼՏՊ): ԼՏՊ-ն դեսպանին հյուրընկալեց Երեւանի կենտրոնում գտնվող իր կեցավայրում: Իր խորհրդատուներ Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը նույնպես մասնակցում էին հանդիպմանը: (ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ի սկզբանե հանդիպումը պլանավորված էր եղել հոկտեմբերի 20-ին, սակայն Դեսպանն այն հետաձգեց` հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ԼՏՊ-ի հնչեցրած ելույթի վերաբերյալ դժգոհություն արտահայտելու նկատառումով, որի ընթացքում ԼՏՊ-ն մեղադրել էր ԱՄՆ-ին` նախագահ Սարգսյանին ժողովրդավարական հարցերում անկաշկանդ գործելու հնարավորություն տալու համար` դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում չափից մեծ զիջումներ ակնկալելով: ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ:)
ԼՏՊ-ն հայտարարեց, որ եկել է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության կարգավորման պահը, եւ որ ԱՄՆ-ը պետք է բաց չթողնի այդ եզակի հնարավորությունը Հարավային Կովկասում հարաբերությունները ջերմացնելու եւ նախքան ԱՄՆ հաջորդ վարչակարգի իշխանության գալը կոնֆլիկտը լուծելու համար: ԼՏՊ-ն նշեց, որ կարգավորման համար պայմանները հասունացել են, եւ ԱՄՆ-ի կողմից վճռորոշ ներգրավվածությունը կարող է կողմերին լուծման հանգեցնել: Այս պայմանների շարքում է նաեւ այն փաստը, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան ավելի շատ վստահություն են տածում դեպի ԱՄՆ-ը, քան դեպի Ռուսաստանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնալով ավելի շատ է գերադասում ԱՄՆ միջնորդությունը ԼՂ հարցում այն պատճառով, որ, ինչպես ԼՏՊ-ն պնդեց, Սարգսյանը «լուրջ անձնական անհամաձայնություններ» ունի Ռուսաստանի հետ, եւ որ նոյեմբերի 2-ին նախագահներ Մեդվեդեւի, Ալիեւի եւ Սարգսյանի կողմից ընդունված Մոսկվայի հռչակագիրը այժմ ֆորմալացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը` որպես կարգավորման հիմք, եւ ԼՂ ղեկավարների, որպես բանակցությունների կողմ, բանակցություններից դուրս մղումը:
– ԼՏՊ-ն պնդեց, որ Մոսկվայի հռչակագիրը նշանավորում է բանակցային գործընթացի վեջնական փուլի սկիզբը, եւ որ այժմ «ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միջամտի»: ԼՏՊ-ն խորհուրդ տվեց, որպեսզի ԱՄՆ-ը աջակցի վերջնական բանակցություններին` ա) իր համանախագահողներին ավելի բարձր կարգավիճակ տալու միջոցով Մինսկի խմբի լիազորություններն ընդլայնելու ճանապարհով, եւ երկու կողմերի հանդեպ էլ ավելի կոշտ գիծ որդեգրելու միջոցով, բ) ուղարկելով Պետքարտուղար Ռայսին տարածաշրջան` վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություներ վարելու նպատակով, եւ գ) նախագահ Բուշի կողմից նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին հյուրընկալելով` կազմակերպել ստորագրման արարողությունը` նախքան իր պաշտոնից հեռանալը:
– ԼՏՊ-ն ասաց, որ ԱՄՆ-ն Հայաստանին եւ նրա ժողովրդին մեծ ծառայություն մատուցած կլինի` ներգրավվելով գործընթացին բալանսավորված հանգուցալուծման հասնելու համար, ինչը ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին «պարտվածի բարդույթով» չի թողնի:
– Դեսպանը համաձայնեց ԼՏՊ-ի հետ, որ այժմ ԼՂ հակամարտության հանգուցալուծման ժամանակն է, եւ որ ԱՄՆ-ը վարագույրների հետեւում շատ ակտիվ է, եւ ասաց, որ Վաշինգտոնը բեկում արձանագրելու մեծ ցանկություն ունի: Նա համաձայնեց ԼՏՊ-ի հետ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մտածելակերպի փոփոխությունը հուլիսի ռուս-վրացական տխրահռչակ պատերազմի դրական հետեւանքն է, եւ որ անհրաժեշտություն կա դրանից օգտվելու: Սակայն նա խստորեն չհամաձայնեց ԼՏՊ-ի հոկտեմբերի 17-ի ելույթի հետ, որում նա ամենապրովոկատիվ տերմիններով պնդել էր ճիշտ հակառակը այն ամենի, ինչ նա այժմ ասում էր Դեսպանին մասնավոր զրույցում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներին անվանել էր «կրկնակի անբարոյական»` իբր Սերժ Սարգսյանի քաղաքական թուլությունից անարդարացիորեն օգտվելու եւ նրան այնպիսի գործարքի դրդելու համար, որը դեմ էր Հայաստանի ազգային շահերին: Դեսպանը խոստացավ փոխանցել ԼՏՊ-ի առաջարկությունները Վաշինգտոնին եւ ասաց, որ Վաշինգտոնը հետաքրքրված էր խնդրի լուծմանն աջակցելու հարցում:
ԼՏՊ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂ ՋԱՆՔԵՐԻՆ
– ԼՏՊ-ն ասաց, որ հասկանում է այն լուրջ բարդությունները, որոնցում ներկայումս հայտնվել են Սարգսյանը եւ Ալիեւը, եւ ասաց, որ Հայաստանի հասարակությունը դժվարություններ կունենա ցանկացած տեսակի հանգուցալուծումը դրական լույսի ներքո ընկալելու հարցում: Այս համատեքստում, ԼՏՊ-ն հավաստիացրեց, որ իր գլխավորած ընդդիմադիր շարժումը Սարգսյանի կողմից հանգուցալուծմանն ուղղված ջանքերին խոչընդոտող ոչինչ չի անի: ԼՏՊ-ն ասաց, որ դա էր պատճառներից մեկը, որ հոկտեմբերի 17-ի իր հանրահավաքում նա հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է հանրահավաքները: Սակայն նա նախազգուշացրեց, որ եթե ՀՀ իշխանությունները հանգուցալուծման չհասնեն մինչեւ փետրվար, ապա նա նորից կսկսի Սարգսյանի դեմ իր բողոքի գործողությունները:
– Դեսպանը պատասխանեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում այն ամենը, ինչ ԼՏՊ-ն կարող էր անել ԼՂ հակամարտության հարցում ՀՀ իշխանություններին աջակցելու նպատակով: Նա նաեւ ավելացրեց, որ չնայած այն բանին, որ նորմալ է, որ Հայաստանը եւ ԼՂ-ի «իշխանությունները» կփորձեն պաշտպանել իրենց շահերը կարգավորման գործընթացում, սակայն նրանք պետք է նաեւ ճկունություն ցուցաբերեն, որպեսզի հասնեն լուծման, որը կհանգեցնի մնայուն խաղաղության: Նա ասաց, որ չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը մեծ հույսեր է կապում ԼՂ եւ Թուրքիայի հարցերում առաջընթացի հետ կապված, որոշակի բեկումների հասնելու համար իսկական խիզախություն է պահանջվելու, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից: Այս առնչությամբ Դեսպանն ասաց, որ երկու երկրների ընդդիմադիր կուսակցությունների պարտքն է` աջակցել իրենց երկրների իշխանություններին կարգավորման հասնելու ճանապարհին:
ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԵՆ ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ
– ԼՏՊ-ն ասաց դեսպանին, որ Ռուս-Վրացական պատերազմը ոչ միայն «սառը ցնցուղ էր» Հայաստանի եւ Ադրբեջանի համար, այլեւ դրական կատալիզատոր` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար: Նա ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների զարգացման բանալին է լինելու, եւ որ ցեղասպանության հարցը խոչընդոտող հանգամանք չի լինի: ԼՏՊ-ն ասաց, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են հեշտորեն շրջանցել պատմաբանների հանձնաժողովի հարցը «դրա վերաբերյալ անհամաձայնություն ցուցաբերելով, այն մի կողմ դնելով, եւ առաջին հերթին այլ հարցերով զբաղվելով»: Նա նշեց, որ չնայած այն բանին, որ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթ հարց է Հայկական Սփյուռքի համար, այն առաջնահերթություն չէ Հայաստանում ապրող հայերի համար: ԼՏՊ-ն ասաց, որ նա մնում է համոզված, որ իր մեկ-փաթեթային մոտեցումը ճիշտ է. Հայաստանը պետք է զուգահեռաբար լուծի ԼՂ հակամարտությունը եւ բարելավի հարաբերությունները Թուրքիայի հետ: Դեսպանը համաձայնեց ԼՏՊ-ի հետ այն հարցում, որ հնարավոր է առաջընթաց արձանագրել ՀՀ եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում, եւ որ Թուրքիան իսկապես լուրջ է վերաբերվում Հայաստանի հետ այս հարցում առաջ շարժվելու հնարավորությանը: Դեսպանն ասաց, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բաց սահմանը կվերափոխի Հարավային Կովկասը:
ԼՏՊ-Ն ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ
– ԼՏՊ-ն պաշտպանեց հոկտեմբերի 17-ի իր սուր ելույթը, որում նա հայտարարեց հանրահավաքների ժամանակավոր դադարեցման մասին, քանի որ նա չէր ցանկանում, որ Արեւմուտքը (ԱՄՆ-ը եւ Թուրքիան) շահարկեն Սարգսյանի վիճելի լեգիտիմությունը` Հայաստանից ԼՂ հարցում անտեղի զիջումներ կորզելու նպատակով (տես` համապատասխան հեռագրերը): ԼՏՊ-ն հավաստիացրեց Դեսպանին, որ իր հռետորաբանությունը նպատակ ուներ միայն հանգստացնելու իր ընդդիմադիր շարժման ռադիկալ էլեմենտներին եւ նրանց կենսունակ բացատրություն տալու` ակտիվ բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու իր որոշման վերաբերյալ:
ԼՏՊ-ն ասաց, որ նա «այլ տարբերակ չուներ մարդկանց փողոցներից ցրելու եւ իրենց տներն ուղարկելու համար»:
– ԼՏՊ-ն ասաց, որ նա նույնիսկ գովասանքի է արժանի, որ Հայաստանի իշխանություններին ժամանակ է տվել ԼՂ հակամարտության կարգավորման վրա կենտրոնանալու համար` այսպիսով զերծ պահելով այսպիսի կրիտիկական պահին առավել ռադիկալ էլեմենտների կողմից իրավիճակը շահարկելուց: Դեսպանը պատասխանեց, որ այդպիսի հռետորաբանության հետ կապված խնդիրն այն է, նույնիսկ եթե այն միտված է եղել բավարարելու ԼՏՊ-ի հետեւորդներին, որ ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե ԼՏՊ-ն իրականում ինչ է մտածում, եւ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության հարցի առնչությամբ ոչ բարոյական լույսի ներքո ներկայացնելը ինտելեկտուալ առումով անազնիվ է, անկախ այն բանից, թե ինչ մոտիվներ կան դրա հիմքում: Դեսպանը նշեց, որ եթե ԼՏՊ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ը իր հետ անկեղծ լինի, ապա ԱՄՆ կառավարությունը իրենից նույնն է ակնկալում:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
– ԼՏՊ-ն ասաց Դեսպանին, որ օգոստոսից ի վեր նախագահ Սարգսյանն ավելի կոշտ դիրքորոշում է ստանձնել քաղբանտարկյալների հարցում: Նա ասաց, որ իր միակ բացատրությունն այն էր, որ Սարգսյանն այս հարցում կանաչ լույս է ստացել միջազգային հանրության կողմից:
Նա խորհրդավորությամբ նախազգուշացրեց, որ եթե իշխանությունները չփոխեն իրենց մոտեցումը, ապա խոչընդոտների կհանդիպեն իրենց ճանապարհին «այլ գործընթացների տեսքով»: (ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Հավանաբար ԼՏՊ-ն հարցը կապում էր ԼՂ հակամարտության կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա մերձեցման հետ: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ) ԼՏՊ-ն ասաց, որ նա եւ Հայ ազգային կոնգրեսը մեծ ճնշման տակ են բանտարկյալների ընտանիքների կողմից, որպեսզի ավելի ռադիկալ բողոքի ակցիաների գնան, եւ որ իր կողմից դադարի հայտարարումը իր համար «մեծ ռիսկեր» է պարունակում:
ԼՏՊ-ն նշեց, որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում իշխանությունների կողմից ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի բացակայության դեպքում նա ստիպված է լինելու նորից վերսկսել «բողոքի զանգվածային ակցիաները»:
– Դեսպանն անհամաձայնություն հայտնեց ԼՏՊ-ի այն տեսակետի հետ, որ ԱՄՆ-ը Սարգսյանին կանաչ լույս է տվել բանտարկյալների եւ ժողովրդավարության հարցում` ԼՂ հակամարտության եւ Թուրքիայի հետ մերձեցման հարցում ճկունության դիմաց: Նա ասաց ԼՏՊ-ին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերը Հայաստանում շարունակում են առաջնահերթություն լինել ԱՄՆ-ի համար` նշելով, որ նա շարունակաբար բարձրացրել է այդ հարցերը իշխանությունների հետ եւ մասնավոր, եւ հրապարակային հանդիպումների ժամանակ: Դեսպանը շեշտեց, որ բանտարկյալների ազատ արձակումը վճռորոշ հարց է երկու պատճառներով` հանդարտեցնելու Հայաստանի լարված ներքաղաքական իրավիճակը, եւ վերականգնելու Մարտի 1-ից հետո Հայաստանի` մեծապես խաթարված միջազգային վարկը:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Մեր տպավորությունն այն է, որ ԼՏՊ-ն անկեղծ չէ այն հարցում, որ իր անազնիվ հռետորաբանությունը եւ մանեւրումը պայմանավորված են եղել ընդդիմադիր բողոքող զանգվածներին փողոցներից ցրելու հանգամանքով, որպեսզի ՀՀ կառավարության համար ավելի ընդարձակ մանեւրելու հնարավորություն ստեղծվի ԼՂ եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում լավագույն լուծմանը հասնելու նպատակով: Մեր տեսակետն այն է, որ ԼՏՊ-ն տեսել է, որ զանգվածային հանրահավաքներին աջակցությունն ամեն ամիս կրճատվում է, եւ այսպիսով ճարահատյալ դեմքը փրկելու համար տակտիկա է որոնել: Ամիսներ շարունակ խիստ մերժողական ռազմավարությանը դիմած գործողություններից հետո ձեռնունայն մնալով` ԼՏՊ-ն որոշել է ծածկվել նացիոնալիզմի պատմուճանով եւ մեծ տերությունների մեքենայությունների մասին դավադրությունների տեսություններ մոգոնել իր քաղաքական նահանջը քողարկելու համար: Հանրահավաքի իր ելույթը քաղաքական մանիպուլյացիայի ակտ էր, եւ հակասում էր իր իսկ կողմից տարիներ շարունակ կիրառված` ԼՂ եւ Թուրքիայի վերաբերյալ հարցերում պրագմատիզմի քաղաքականությանը: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հարցի վերաբերյալ իր իրական մոտեցումները այն տեսակետներն են, որոնք նա արտահայտել է Դեսպանին մասնավոր զրույցում: Այժմ նա ապացուցում է, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները` հանուն սեփական քաղաքական շահի, եւ անկասկած նա նույն բանը նորից կաներ, եթե համոզված լիներ, որ դա կարող է նրան օգնել թուլացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը:
– Մինչդեռ մենք կարող ենք կասկածել, որ Տեր-Պետրոսյանը կարող էր իրեն նույնքան վատ դրսեւորել, ինչպես ներկայիս իշխանությունները, եթե ինքը լիներ իշխանության (անշուշտ, նա այդպես էլ արել է իշխանության եղած ժամանակ), իրականում այս տարի ընտրողների իրավունքը ոտնահարողը իշխող ռեժիմն է եղել: Չնայած իրենց առաջնորդի կողմից անկեղծության պակասին, հենց ԼՏՊ-ին աջակցողներն են, որ մնում են ներկայիս կառավարությունից օտարված եւ նրան ընդդիմացած:
Մարի ՅՈՎԱՆՈՎԻՉ