2008թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «կոնֆիդենցիալ» մակագրությամբ հեռագիր է ուղարկել Պետդեպարտամենտ, որտեղ խոսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հակաարեւմտյան, հակաամերիկյան բովանդակության ելույթի եւ դրա հետեւանքների մասին։
Յովանովիչը հաղորդագրության նախաբանում գրում է, որ ընդդիմադիր առաջնորդ Տեր-Պետրոսյանի զինակից Դավիթ Շահնազարյանը, «զգալով իրենց դժգոհությունը» հոկտեմբերի 17-ի ելույթի հետ կապված, հոկտեմբերի 21-ին շտապ հանդիպում է խնդրել Յովանովիչից։
Բանն այն է, որ դեսպանի հետ հոկտեմբերի 20-ին նշանակված է ԼՏՊ-ի հետ դեսպանի առաջին հանդիպումը, սակայն ԼՏՊ-ի հակաամերիկյան ելույթից հետո, ինչպես գրում է դեսպանը, իրենք առանց մեկնաբանությունների չեղյալ են հայտարարել հանդիպումը։ «Մեսիջը» հստակ հասկացվել է, եւ Դավիթ Շահնազարյանը շտապել է Յովանովիչի մոտ։ Դեսպանը նրան փոխանցել է, որ իրենք միանգամայն հիասթափված են ելույթի տոնայնությունից եւ բովանդակությունից, եւ Դ. Շահնազարյանին բառացի ասել, որ այդ ելույթը «մաքուր քաղաքական օպորտունիզմ» է։
Յովանովիչը նշել է, որ Հայաստանից մեկնելուց առաջ տեքստին ծանոթացել է նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը, եւ վերջինիս մոտ լուրջ դժգոհություն է առաջացել։ «Երբ Ֆրիդը հանդիպել էր Շահնազարյանին եւ ԼՏՊ-ի մյուս զինակիցներին, շեշտել էր, որ ԼՏՊ-ն պետք է գործի առաջին հերթին Հայաստանի ազգային շահերից ելնելով, եթե անգամ պահանջվի դրա համար մի կողմ դնել քաղաքական, կուսակցական շահը։ ԼՏՊ-ն ընտրեց հակառակ ճանապարհը»,- գրել է Յովանովիչը։
Դավիթ Շահնազարյանն ասել է, որ ինքը ԼՏՊ-ի հետ տարաձայնություն է ունեցել հոկտեմբերի 17-ի ելույթի որոշ դրույթների հետ կապված։ Դեսպանը հիշեցրել է Շահնազարյանին, որ ԼՏՊ-ն Լեռնային Ղարաբաղի հարցում որպես միջնորդ ԱՄՆ-ին անվանել է «կրկնակի անբարոյական» (doubly immoral)։ «Շահնազարյանը համաձայնեց, որ դա անարդար հռետորաբանություն է եղել, սակայն ասաց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզված է եղել, որ նման ուժեղ լեզուն «անհրաժեշտ էր շարժումը միասնական պահելու համար», հատկապես բողոքի զանգվածային ակցիաները դադարեցնելու մասին ոչ պոպուլյար հայտարարությունից հետո»,- գրել է Յովանովիչը։
Նույն հանդիպման ընթացքում Դավիթ Շահնազարյանը եւ դեսպան Մարի Յովանովիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ։ Շահնազարյանը համաձայնել է այն տեսակետի հետ, որ ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հնարավորության համար պատմական պատուհան է բացվել, եւ որ դա բխում է Հայաստանի շահերից։ Շահնազարյանը ասել է դեսպանին. «Եթե դուք ինձ ասեք, որ Սերժ Սարգսյանը կարող է լուծել ԼՂ եւ Թուրքիայի խնդիրները եւ ռուսական զորքերը դուրս բերել Հայաստանից, ապա ես կդառնամ նրա թիվ 1 աջակիցը»։ Ըստ Յովանովիչի, Շահնազարյանը կասկած է հայտնել, թե Ս. Սարգսյանն ունակ է լուծել այդ խնդիրները։ Շահնազարյանը կիսվել է իր մտահոգություններով` կապված բանակցություններում ԼՂ դիրքերի, ադրբեջանական փախստականների հնարավոր վերադարձի եւ Լաչինի միջանցքի կարգավիճակի հետ։ Յովանովիչը դիվանագետին հատուկ զգուշավորությամբ պատասխանել է, որ ԱՄՆ-ը գործում է Մինսկի խմբի շրջանակներում եւ ցանկանում է օգնել կողմերին` լուծման հասնելու գործում։
Սակայն, ինչպես երեւում է, Յովանովիչին ԼՏՊ-ի ելույթը շատ խիստ է վիրավորել, եւ Դ. Շահնազարյանին չի հաջողվել «փափկեցնել» վիրավորանքը։ Դա երեւում է հեռագրի վերջին պարբերությունից. «Նա (Մարի Յովանովիչը.- խմբ.) ասաց, որ մենք «հասկանում ենք քաղաքականությունը». յուրաքանչյուր երկիր ունի իր ներքին քաղաքականության մեջ մանեւրելու իր ձեւը, ինչը նորմալ է։ Սակայն ԼՏՊ-ի ելույթը՝ փաստերի աղավաղումով հանդերձ, թերեւս, անցնում է հասարակական արդար քննարկման սահմանները»։
Դ. Շահնազարյանը, ի պատասխան, նշել է, որ հանրահավաքների դադարեցումը ուժեղացնում է Սարգսյանի դիրքերը ԼՂ բանակցություններում եւ մանեւրելու համար բավարար տարածություն ստեղծում։ Նա ընդգծել է, որ ԼՏՊ-ի սկզբունքային տեսակետը` կապված Արեւմուտքի, ինչպես նաեւ` ԼՂ ու Թուրքիայի խնդիրների հետ, չի փոխվել` չնայած հոկտեմբերի 17-ին հնչած հռետորաբանությանը։