Դիմել եք բժշկի՞։ Հնարավոր է՝ բուժվեք

06/09/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Փոքրիկը, ով Վայքի ծննդատան բժիշկների պատճառով գլխուղեղի վնասվածք էր ստացել, մահացավ: «Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 54-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ուղղությամբ»,- ասված է Ոստիկանության ամփոփագրում: Այն վստահությունը, որով տիկին Մետաքսյան առաջնահերթությունը տվել է բուրդ չբխելուն, վկայում է, որ սա նրա աշխատանքային պրակտիկայում ծննդաբերությունը հետաձգելու առաջին դեպքը չէ: Բարեբախտաբար, նախորդ դեպքերում մահվան ելք չի արձանագրվել: Կիսագրագետ այս տիկինը նորածնի մահվան միա՞կ մեղավորն է: Ոստիկանության պատրաստած նյութերում, թերեւս, այդպե՛ս կարձանագրվի:

Իրականությունն այն է, որ մեր առողջապահության ողջ համակարգը հիվանդ է անբուժելի հիվանդությամբ, ոտքից գլուխ ախտահարված է: Եվ սա չի կարող ժխտել նա, ով տհաճություն է ունեցել առնչվել բուժաշխատողների հետ: Մարդասիրություն, կարեկցանք, հարգանք սեփական մասնագիտության հանդեպ: Այս ամենը հայաստանյան բուժհաստատություններում չկա: Փող եւ միմիայն փող: Ընդ որում, չկա ոչ մի երաշխիք, որ վճարելով անհրաժեշտ բոլոր ծառայությունների համար, բժիշկը բարեխիղճ կգտնվի: Սոցիոլոգիական հարցումներն էլ եզրակացնում են` առողջապահության համակարգը ամենակոռումպացվածներից է: Սահմանված գներն ու մարդկանց սոցիալական վիճակը ոչ մի տեղ չեն հատվում: Իսկ առաջնային բուժօգնությունն անվճար դարձնելուց առաջ վատ չէր լինի տեսնել` ի՞նչ սարքավորումներ են մնացել պոլիկլինիկաներում, եթե, իհարկե, մնացել են: Բժիշկները փող աշխատելու համար նշանակում են այն դեղերը, որոնք գնելու դեպքում նրանց տոկոս է հասնում: Պոլիկլինիկայում կամ ցանկացած բուժհաստատություն ընդունվելու համար կաշառք են պահանջում: Ավելի մեծ կաշառք է ենթադրում ծննդատանն ու զինվորական հոսպիտալներում աշխատանքի անցնելը. այստեղ եկամտաբերությունն ավելի բարձր է: Սա գիտեն բոլո՛ր բժիշկները, գիտեն համակարգի պատասխանատուները:

Անտարբերություն հիվանդի, ավելի ճիշտ` մարդու հանդեպ. սա բոլոր հիվանդանոցներում է: Ով երբեւէ դժբախտություն է ունեցել այցելել, դիցուք, Ազգային ուռուցքաբանության կենտրոն, կարող է վկայել, որ այդ հաստատությունը մահվան մի գործարան է հիշեցնում, մի մսաղաց, որից պետք է հնարավորինս հեռու փախչել: Քաղցկեղով հիվանդի հետ գնում ես այդ կենտրոն: Հուսահատ հիվանդի հետ բժիշկը, ենթադրում ես, էթիկայի որոշակի նորմեր պիտի պահպանի: Իսկ բժշկուհին դալուկ հիվանդին դիմավորում է կարճ փեշով եւ, խնձոր ծամելուն զուգահեռ` թերթում հիվանդության պատմությունը: Մեկ ուրիշը հազիվ տեղաշարժվող հիվանդին առաջարկում է մի կողմ թողնել «Նաիրի» բուժկենտրոնում կատարած կոմպյուտերային տոմոգրաֆիայի տվյալները եւ անպատճառ ռենտգենի միջոցով ճշտել հիվանդ օրգանի վիճակը: Երրորդը բացարձակ չի հիշում, որ երեկ քեզ ժամադրել է, եւ որ հիվանդը կյանքի գնով մի կերպ հիվանդանոց է հասել: Շտապ գործերով հեռանում է` խնդրելով գալ հաջորդ օրը: Մի խոսքով` միակ փրկությունը այդ հաստատությունից արագ հեռանալն է: Թեեւ հաջորդ հարցը` իսկ ո՞ւր գնալ, բացարձակ տուպիկի առաջ է կանգնեցնում: Վճարովի համակարգի անցնելուց հետո անգամ բժիշկները նույնքան անբարեխիղճ են եւ ոչ սրտացավ:

Իմ մտերիմներից (երիտասարդ կանայք) քանի՞սն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահվան դատավճիռ ստացել` դուք քաղցկեղ ունեք, եթե րոպե առաջ չվիրահատենք, չհեռացնենք վերարտադրության բոլոր օրգանները, ամիսներ հազիվ ձգեք: Մոսկվայում պարզվել է, որ խոսքը ոչ թե ուռուցքի, այլ կիստայի մասին է: Տասնյակ դեպքեր, վստահ եմ, դուք գիտեք:

Երեկ հրապարակվեցին «Եղնիկներ» զորամասում խոշտանգված եւ մահացած Աղասի Աբրահամյանի մահվան մանրամասները: Ըստ այդմ` երբ նա գիշերը 3։30-ի սահմաններում դուրս է գալիս բնական պահանջը հոգալու, վեճ է առաջանում մյուս զինվորների հետ, ծեծկռտուք սկսվում: Երբ Աղասին հասնում է զորանոց, վիճակը կտրուկ վատանում է, ընկնում է եւ սկսում փսխել: Որոշ ժամանակ անց նրան տեղափոխում են զորամասի բուժկետ, ուր բժիշկները, ըստ ընդունված կարծիքի, պետք է անմիջապես նրան առաջին բուժօգնությունը ցույց տային: Սակայն պաշտոնական լրատվությունը վկայում է. «Ծանր վիճակում գտնվող զինվորին ժամեր շարունակ թողնում են անօգնական վիճակում` գետնին, անգիտակից վիճակում: Ժամը 16-ից հետո միայն գալիս է բուժկետի պետը (հավանաբար նա էլ էր բուրդ չբխում.- Լ.Ա.), ով եւս, ըստ գործի նյութերի, երկու անգամ հարվածում է Աբրահամյանի դեմքին, հայհոյում` իբրեւ թե նա գլուխ պահող է, սկսում է ոտքով հարվածներ տեղալ: Այնուհետեւ Աղասիին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա մահանում է»: «Հայլուրը» ցուցադրեց բուժկետի պետին ձերբակալելու կադրերը: Ցույց տվեցին այդ գեր մարդուն, խոշոր պլանով ցուցադրեցին շղթայված նրա ձեռքերը. դրանք ոչ թե բժշկի, այլ ղասաբի (մսագործի) ձեռքեր էին հիշեցնում:

Սրանք այն բժիշկներն են, ովքեր պատասխանատվություն են կրում մեր զինվորների առողջության, կյանքի հանդեպ: Սակայն բուժաշխատողներ կան նաեւ կալանավայրերում: Քաղաքական պատճառներով ժամանակին անազատության մեջ գտնվողներից մեկը պատմում էր, թե ինչպես է բանտի ատամնաբույժը փորձել «բուժել» հիվանդ ատամը: Դա սարսափ ֆիլմի կադրեր հիշեցնող պատմություն է:

Բժիշկներ են նաեւ այն մարդիկ, ովքեր անգամ ռախիտ հիվանդությամբ տառապող տասնութը լրացած տղաներին ամուր առողջություն ունեցողի կարգավիճակ են տալիս ու ուղարկում բանակ:

Բժիշկ են նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի այն աշխատակիցները, ովքեր այս տարվա մայիսի 3-ին 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել են վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին, ով պետք է պարզապես թոքերի ռենտգեն անցներ:

Սրանք այն դեպքերն են, որոնք հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում եւ ընթացք ստացել: Իսկ թե ինչպես են հենց այնպես մարդկանց դնում վիրահատական սեղանին ու իբր վիրահատում` սխալ դիագնոզով, հետո գումար շորթում, ինչպես են հեռացնում երեխայի մեկ երիկամը` ծնողներին համոզելով, թե երեխային ամիսների կյանք է մնացել, եւ թե ինչպես են ծնողները երեխային փախցնում մեր բժիշկների ձեռքից, ու փոքրիկն արտասահմանում բուժում անցնելուց հետո այսօր էլ իր ներկայությամբ երջանկացնում է իր ծնողներին, մասնավոր պատմություններ են` հեռու հրապարակային հետաքրքրությունից:

Եվ այսքանից հետո հասկանալի է, թե ինչու բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն Հայաստանում չհետազոտվելու, չբուժվելու, այդպես էլ վարվում են: «Թեեւ դիմեցին բժշկի, սակայն հիվանդն ապաքինվեց»: Անտոն Պավլովիչի այս դիտարկումը լավագույնս նկարագրում է մեր առողջապահական համակարգը. ամեն ինչ ծայրահեղ վատ չէ` չի բացառվում, որ բժշկին դիմելը հաջող ելք ունենա: