Օրեր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մի տեսագրություն էր տարածել, որում Վայքի ծննդատանը ծնված երեխայի հարազատները պատմել են բավական սահմռկեցուցիչ դեպքի մասին:
Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 11-ին Վայքի ծննդատանը, որտեղ, ըստ տեսագրության հերոսների, հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի ցուցումով ծննդաբերության պատրաստվող 20-ամյա աղջկան ցավազրկելու նպատակով բուժքույրը անալգին-դիմեդրոլ էր սրսկել, իսկ բաժանմունքի վարիչն էլ հայտարարել էր, թե` «դիմացե՛ք, բուրդս չբխեմ-գամ»: Ինչեւէ, oգոստոսի 14-ին, ծննդաբերությունից ժամեր անց, նորածնին ծանր վիճակում տեղափոխեցին Երեւանի «Մուրացան» համալսարանական կլինիկա, սակայն, դժբախտաբար, երեխան` Գագիկը, մահացավ սեպտեմբերի 4-ի լուսադեմին:
«Օգոստոսի 11-ի երեկոյան ծննդաբերական ցավեր ունեի, եւ ինձ տարան Վայքի ծննդատուն, բայց այդ օրը ժամանակ չունեին ինձ նայելու: Բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանը հեռախոսով ասաց, որ ցավազրկեն ինձ: Ցավազրկեցին ինձ՝ անալգին-դիմեդրոլ սրսկեցին: Մետաքսյա Հովհաննիսյանը ժամանակ չուներ գալ տեսնել ինձ: 3 օր չեկավ հիվանդանոց, ամսի 14-ին մեր հարազատները նրան մեքենայով բերեցին, բայց նա կրկին ժամանակ չուներ գոնե 5 րոպե մնալու, որ տեսներ, թե ի՞նչ կլինի հետագայում»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց օրեր առաջ Վայքի ծննդատնից Երեւան տեղափոխված նորածնի մայրը՝ Արմինե Թորոսյանը:
Ա. Թորոսյանը Վայքի Գնդեվազ գյուղից է: Ամուսնացել է 2010թ. նոյեմբերին եւ ապրում է նույն գյուղում: «Երբ ասում էին, որ ծննդաբերությունը բարդություններ ունի, չէի հավատում: Միշտ թեթեւ էի նայում, ասում էի՝ հաջորդ տարի էլ երեխա կբերեմ»,- հուզված պատմում էր 20-ամյա Արմինեն: Նրա խոսքով՝ օգոստոսի 14-ին, ժամը 16:00-ից բուժքույրերը զանգահարում էին բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանին՝ տեղեկացնելով, որ արդեն ժամանակն է ծննդաբերության: Արմինեի փոխանցմամբ՝ Մ. Հովհաննիսյանը վերջապես հիվանդանոց է գնացել ժամը 22:00-ին: «Եկավ ու ասաց՝ վայ, վերջապես պրծանք էս բրդերից: Ինքը շատ ուրախ տրամադրությամբ եկավ, բայց, փաստորեն, արդեն ուշ էր,- վերհիշեց նորածնի մայրը՝ ավելացնելով,- Երբ բուժքույրը բժշկուհուն ասել էր, որ ժամանակն է, պետք է գա հիվանդանոց, Մ. Հովհաննիսյանը պատասխանել էր, թե` մի 15 րոպե էլ երկարացնեն` ինքը կգա: Հետո մերոնք գնացին-բերեցին»: Ըստ Արմինեի՝ բժշկուհին ուրախ-ուրախ հայտարարում էր, թե «ինչ լավ է՝ բուրդը չմնաց անձրեւի տակ»: «Ես ուշագնաց էի, որեւէ բան չէի գիտակցում ծննդաբերությունից հետո: Բժշկուհին եկավ ու ինձ համոզում էր, ասում էր՝ Արմինե, ասա, որ դու տեսել ես, որ պորտալարը փաթաթված էր, այսպես ասած` ինձ զոռում էր, որ ասեի, բայց ես ոչինչ չէի տեսել` դա մենակ ինքն էր ասում: Եթե պորտալարը փաթաթված լիներ, ապա երեխան կկապտեր, բայց երեխան չէր կապտել: Երեխան լրիվ առողջ էր ծնվել, եթե առողջ չծնվեր` 20 օր կոմայի մեջ չէր մնա, չէր ապրի»,- նշեց երիտասարդ կինը, ում հավաստմամբ՝ բժշկուհին երեխայի ծնվելուց հետո իրեն մատնել էր անուշադրության, քանի որ, ըստ կնոջ, մանկաբարձ չկար, որպեսզի խնամեր երեխային: «Հետո մեր հարազատները ստիպեցին նրան, որ գոնե ինձ էլ տիրություն անի: Նա տեսավ, որ երեխան թթվածնային քաղցով է ծնվել, լավ չէր շնչում, եւ խառնվեց իրար: Բժշկուհին ոչ մեկին ոչ մի բան չէր ասում: Նա ուզում էր ինքն իր ուժերով վերականգնել երեխայի շնչառությունը, բայց չէր ստացվում: Դա տեւեց մոտ 45 րոպե: Մետաքսյա Հովհաննիսյանի ամենամեծ սխալն իր ուշանալն էր: Իմ պտղաջրերը վաղուց դուրս էին հոսել: Երեխան պետք է ծնվեր 6 ժամ առաջ, բայց նա ուշացավ, ուշ եկավ: Իսկ երեխայի անալիզի պատասխանները վկայում են, որ երեխայի մոտ առաջացել էր թթվածնային քաղց, երեխան թուլացել էր… Վերջում ինքն իր ձեռքով երեխային հանեց-տվեց մեզ, ավելի ճիշտ՝ սպանեց-տվեց մեզ»,- այդ դաժան օրը վերհիշում էր Արմինեն: Երեխայի մոր պատմելով՝ ծննդաբերությունից 2 ժամ անց երեխային Վայքի ծննդատնից տեղափոխել են Երեւանի «Մուրացան» համալսարանական կլինիկա, որտեղ տվել էին նույն ախտորոշումը՝ թթվածնային քաղց: «Բժշկուհին ասել էր՝ թողեք երեխան մահանա, ես կապացուցեմ, որ երեխան թոք չունի, դրա համար էլ չի շնչում, բայց երեխան լրիվ առողջ էր: Այդ մասին ասել էր ամուսնուս,- ասաց Արմինեն՝ հուզված ավելացնելով,- Ինքն ուղղակի անսիրտ ա, մարդասպան. էլ ո՞նց կարելի է հասկանալ նրա արածը»:
Երեկ առավոտյան մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաեւ Վայքի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանից, ով մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված քննող հանձնաժողովը ստուգումներ է անցկացնում: «Համբերեք, թող ճշտենք-տեսնենք` ի՞նչ են ասում, էլի: 6-8 ժամ ստուգումներ են անցկացրել: Իրենք ինձ չեն ասել, թե ի՞նչ եզրահանգման են եկել: Եկել են, բաժանմունքը տակից գլուխ նայել են, գլխավոր բժշկի կաբինետում 4 ժամ խորհրդակցություն են անցկացրել: Ես ի՞նչ իմանամ, թե իրենք ի՞նչ են որոշել»,- ասաց Վայքի ծննդաբերական բաժանմունքի վարիչը: Մեր դիտարկմանը, թե նորածնի մայրը նշել է, որ երեխայի մոտ թթվածնային քաղցը բժշկուհու ուշանալու պատճառով էր առաջացել, քանի որ նա զբաղված էր բուրդ չբխելով, Մ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ բոլորը զրպարտություններ են: Ես բուրդ չեմ չբխել: Իմ ամբողջ կյանքում ես իմ ձեռը ճիպոտ առած չկամ, չնայած, որ բուրդ էլ չբխած լինեի, ես այդտեղ այլանդակություն չեմ տեսնում: Ես այդ օրը եղել եմ տնային հերթապահ: Իմ տան մեջ ես կարող եմ ճաշ եփել, լվացք անել, այսինքն՝ կարող է ճաշ եփեմ, գան-ասեն` բժշկուհին իր տան մեջ ճա՞շ էր եփում: Կիրակի օրը ես տնային հերթապահ էի, թե ես իմ տան մեջ ի՞նչ եմ արել, դա ո՞ւմ գործն է: Եկե՞լ են իմ հետեւից, ես բարձրացել-գնացել եմ հիվանդանոց, այդ ծննաբերությունը վարել եմ: Հիմա այդ կինն այդպիսի վիճակով է ծննդաբերել, դրա համար էլ հանձնաժողով է կազմվել, կպարզեն՝ տեսնենք բժիշկը մեղք ունի՞, թե՞ չէ: Մի քիչ համբերեք, էլի»: «Ինքը (նկատի ունի Մետաքսյա Հովհաննիսյանին.- Մ.Մ.) վեր-վեր ա թռնում, որովհետեւ իր եղբայրն աշխատում է ԿԳԲ-ում: Ենթադրենք, իմ ախպերն էլ հովիվ ա՝ ընկնենք-մեռնե՞նք: Մենք ճիշտն ենք ասում, ապացույցն էլ կա»,- նկատեց նորածնի հոր մորաքույրը՝ Ծովինար Խաչատրյանը, ով ներկա է եղել ծննդաբերությանը: «Ես ականատես եմ եղել: Բժշկուհին հեռախոսով բուժքրոջն ասաց՝ մի քիչ էլ երկարացրեք, ձգեք, բուրդս անձրեւի տակ է մնացել, չբխեմ-գամ: Ձեթ ուզեց մեզնից՝ մի կաթիլ կաթեցրեց, հետո սաղ ձեթը դրեց պայուսակի մեջ: Մենք դեռ չգիտեինք, թե մեր հարսը ո՞նց կունենա երեխան՝ ինքն ասաց, գնացեք թել էլ առեք: 4000 դրամ տվել ենք` 2 կոլուբոկ թել ենք առել-բերել, բայց ոչ էլ պետք էր, մեր հարսը նորմալ ծննդաբերեց: Կաթը ետ գնալու համար դեղ նշանակեց՝ 3500 դրամանոց դեղը 25.000 դրամով ծախեց մեզ վրա»,- մեզ հետ զրույցում պատմեց Ծովինար Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Վայոց ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Երեխայի դիակը տեղափոխվել է մանկական ախտաբանաանատոմիական կենտրոն` դիահերձում կատարելու համար, որը կկազմակերպվի այսօր: