Ազատ դեմոկրատների գործոնը

06/09/2011

Լեւոն Տեր-Պետրոսյանի խմբավորման պառակտված բազայի հիման վրա վերջերս ստեղծված «Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցությունը մի շարք փորձագետների ոչ վատ «երաշխավորագիր» ունի եւ, առկա գնահատականներով, մտադիր է սկզբունքորեն այլ դիրքորոշում ստանձնել ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Տեղեկություն հրապարակվեց, որ «ԱՄՆ Պետդեպի Հայաստանի բաժնի ղեկավար Թրինա Սահանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը հանդիպել են Ազատ դեմոկրատների ղեկավարության հետ: Քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական դրությունը, տարածաշրջանային զարգացումները եւ միջազգային հարաբերությունները»: Սա, անկասկած, շատ հետաքրքիր փաստ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները հանդիպեն նոր ստեղծված քաղաքական կուսակցության հետ: Տարբեր քաղքենիներ, ընդ որում, գերադասում են այդ կուսակցությանը պրոամերիկյան համարել, որը հանդիսանում է ավանդական գավառական մտածողության արտացոլում: Եթե ամերիկյան պաշտոնյան հովանավորում է որեւէ քաղաքական ուժի, դա շատ հետաքրքիր հանգամանք է արդեն եւ հայկական քաղաքականությունում տվյալ դեպքում դրական գործոն է:

Թերեւս, ԱՄՆ-ը ոչ միայն Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ գործընկերային հարաբերությունների կարիք ունի, այլեւ հիասթափված է այլ քաղաքական խմբերից, որոնք «ինտելեկտուալ իներցիայի» համաձայն` պրոամերիկյան են դիտվում: Ամերիկացիները վաղուց են հասկացել, որ «Հայկական կոնգրեսը» ոչ միայն քաղաքական հեռանկարներ չունի եւ ադեկվատ չէ ժամանակակից մարտահրավերներին, այլեւ բացարձակ միամտորեն է պատկերացնում ԱՄՆ եւ գործընկերների շահերը: Կոնգրեսի պսեւդոխաղաղասիրական դիրքորոշումը բացարձակ չի հետաքրքրում ամերիկացիներին, որոնք կցանկանային միջազգային ասպարեզում ավելի ակտիվ Հայաստան տեսնել, որը զարգանում է որպես միլիտարիզացված պետություն եւ մասնակցում է անվտանգության ապահովմանը, այլ ոչ թե անվտանգություն է սպառում: «Ժառանգություն» կուսակցությունը բավական հայրենասիրական դիրքորոշում ունի, սակայն միաժամանակ մնում է որպես ոչ մեծ քաղաքական ակումբ, իսկ նրա ղեկավարներն իրենց պահում են փոքր ժամանակ քիչ խաղացած երեխաների պես: Ամերիկացիներին Հայաստանում գործընկեր է պետք, այլ ոչ թե խնամակալության տակ գտնվող խմբեր` անհասկանալի հեռանկարներով: Հազիվ թե ԱՄՆ դեսպանատանը հույս ունեն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մոտ ապագայում իշխանություն կունենա. դա նույնիսկ պետք էլ չէ: Հայաստանում պետք է մի քաղաքական ուժ, որն ակտուալ քաղաքականություն կվարի, կարտահայտի որոշակի ռացիոնալ եւ ադապտիվ գաղափարներ եւ խնդիրներ, կառավարության եւ քաղաքական ղեկավարության աշխատանքին որակյալ գնահատականներ կտա եւ, իհարկե, ակտիվ քաղաքական խմբերին դուրս կբերի մարգինալ, պարզապես ծիծաղելի վիճակից: Այլ կերպ ասած, տվյալ կուսակցությունը պետք է քաղաքական դասն արդիականացնի, ընդ որում, ժամանակակից հասարակությունը սպառել է արդիականացման ռեսուրսները, չեզոքացնելով ամենայն գավառականն եւ պսեւդոավանդականը: Հայաստանում ակտուալ ընդդիմությունը բառացիորեն գործում է ներշնչմամբ, չունենալով ոչ մի սոցիալական շերտի աջակցությունը եւ հենվում է ապադասակարգայնացված տարրերի վրա, որոնց ընդդիմության առաջնորդներն են մի ժամանակ լույս աշխարհ բերել:

Հայաստանում որքանո՞վ է կիրառելի արտաքին քաղաքական ճնշումը: Այդ հարցում պետք չէ ձեւ անել, թե մեր երկրում այդ երեւույթն ընդունվում է որպես «քրեական»: Նման բան գոյություն չունի, արտաքին ազդեցության ենթակա են բոլորը, առանց բացառության` ժողովրդավարական, ամբողջատիրական, ավտորիտար պետությունները, եւ, կախված իրենց խնդիրներից, նրանք որոշակի խնդիրներ պետք է լուծեն: Ոչ մեծ պետությունների համար արտաքին ազդեցությունը անկախության ու անվտանգության գործոն է: Սակայն, մենք հաճույքով ենք հետեւել, թե ով է Հայաստանին մինչ այժմ եղբայրաբար առաջարկել «ուսյալ քաղաքական գործիչների», որոնց թվում կարելի է գտնել կլինիկապես անառողջ մարդկանց: Այսպիսով, ինչո՞ւ զգուշանալ ԱՄՆ-ից, նրա ստեղծածով ու հովանավորությամբ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Lragir.am