Մանվելին մեկուսացրել էր

06/09/2011

«Wikileaks»-ում տեղադրված հաղորդագրությունների մի մասը վերաբերում է մարտի 1-ին նախորդած իրադարձություններին: Մասնավորապես` ամերիկացի դիվանագետների եւ ՀՀ իշխանության ներկայացուցիչների միջեւ այդ օրերին տեղի ունեցող ակտիվ շփումներին: 2008թ. փետրվարի 28-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ջոզեֆ Փենինգթոնի զրույցի հաշվետվությունը դեսպանության աշխատակիցները վերնագրել էին հետեւյալ կերպ. «Քոչարյանի աշխարհը, որտեղ կառավարությունն անսխալական է»: «Փետրվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած հանդիպման ընթացքում Քոչարյանն ինչպես միշտ թուլացած էր, բարեհամբույր, երբեմն կատակում էր: Նա ի սկզբանե իր ձեռքը վերցրեց ողջ զրույցի ընթացքը, թեեւ իրականում հենց ինքն էր նախաձեռնել այս հանդիպումը` մեր տեսակետը լսելու նպատակով»,- նշել է Փենինգթոնը: Նրա փոխանցմամբ, զրույցի ընթացքում Քոչարյանը պնդել է, որ դրանից մի քանի օր առաջ` փետրվարի 22-ին, իրենց հաջողվել է կանխել ռազմական հեղաշրջումը երկրում: «Վտանգավոր մի պահ կար` կապված «Երկրապահի» հետ, սակայն ես այդ հարցը կարողացա լուծել մեկ օրում: «Երկրապահի» ղեկավարներն այժմ հասկանում են, որ եթե ուժ կիրառեն ի պաշտպանություն Տեր-Պետրոսյանի, ապա ստիպված կլինեն գործ ունենալ ոչ միայն Ոստիկանության, այլեւ հայկական բանակի ողջ կարողությունների հետ»,- ասել է նա: Քոչարյանի խոսքը մեջբերելուց հետո Փենինգթոնը մանրամասնել է. «Տեր-Պետրոսյանի խորհրդական Լեւոն Զուրաբյանը դեսպանության քաղաքական բաժնի ղեկավարին ասել է, որ Քոչարյանը ամսի 22-ին Մոսկվայից վերադառնալուն պես շատ կոշտ խոսակցություն է ունեցել պաշտպանության փոխնախարար եւ «Երկրապահի» ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինը լրջորեն ահաբեկվել է, հայտնվել է ինքնամեկուսացման մեջ եւ անհասանելի է Տեր-Պետրոսյանի ճամբարի համար»:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ազատության հրապարակում հնարավոր ոստիկանական գործողություններին: «Այս առումով Քոչարյանի` մեզ ուղղված ազդակները փոքր-ինչ հակասական էին: Մի կողմից` նա նշում էր, թե ժամանակը աշխատում է իշխանությունների օգտին: Հաջորդ նախադասության մեջ, սակայն, Քոչարյանը խոսում էր այն մասին, որ կառավարությունը չպետք է իր թուլությունը ցուցադրի,- նշում է ամերիկացի դիվանագետը` մեջբերելով նախկին նախագահի հետեւյալ խոսքերը,- «Եթե ես որոշեմ մաքրել հրապարակը, ապա դրա համար ընդամենը 40 րոպե կպահանջվի»: Փենինգթոնի խոսքով, Քոչարյանը նշել է, թե ինքը հասկանում է, որ ուժային գործողության դեպքում տուժածներ կլինեն, եւ ինքը չի ցանկանում, որ նման բան լինի: «Մյուս կողմից, սակայն` եթե Տեր-Պետրոսյանի գործողությունները շարունակվեն, ապա հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրավապահներն ի վիճակի չեն վերականգնել կարգուկանոնը»,- ասել է Քոչարյանը:

Ամերիկացի դիվանագետները տեղեկացնում են նաեւ, որ հանդիպմանը ներկա ՀՀ պաշտոնյաների թվում էր նաեւ այն ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանը: «Նրա պահվածքն ինքնին շատ խոսուն էր: Ողջ զրույցի ընթացքում Օսկանյանը մեկ հայացքը հառում էր առաստաղին, մեկ առաջ էր գալիս ու սկսում ուսումնասիրել իր կոշիկները»,- նկարագրում է Փենինգթոնը: