ՀՀ իշխանությունները սկսել են «ջոկողություն» դնել միջազգային կառույցների միջեւ: Եվ նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերք, պարզվում է, ոչ բոլորին են ուղարկել: Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդները, որ տարածաշրջանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ ակտիվ դիտորդական առաքելություն են իրականացրել, այս անգամ ՀՀ իշխանությունների կողմից դեռ որեւէ հրավեր չեն ստացել:
Ընդհանրապես, ըստ ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ հայաստանյան ընտրություններին դիտորդի կարգավիճակով վերահսկողություն կարող են իրականացնել ՀՀ կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Եթե տեղական կազմակերպությունների ու կուսակցությունների դեպքում իրենք են ԿԸՀ դիմում ներկայացնում՝ հավատարմագրվելու համար, ապա միջազգային կազմակերպություններին ՀՀ ընտրությունների եւ հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր կարող են ուղարկել ՀՀ իշխանությունները՝ ԱԺ-ն ու ԱԳՆ-ն: Հանրաքվեի ժամանակ չեն լինելու վստահված անձինք: Այսինքն՝ «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցները լավագույն դեպքում կարող են հանդես գալ որպես դիտորդներ: Ինչ վերաբերում է դիտորդների թվին, ապա դա կախված է, թե քանի հոգանոց ցուցակ կներկայացնեն կազմակերպությունները: Այսինքն՝ դրանց թիվն անսահմանափակ է:
ՀՀ ԿԸՀ-ից տեղեկացանք, որ ՀՀ իշխանությունների կողմից հրավեր ուղարկվել է միայն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽ ԽՎ): Վերջիններս էլ արդեն հավատարմագրման համար տասը հոգանոց ցուցակ են ներկայացրել: Հավատարմագրվելու համար ԿԸՀ են դիմել նաեւ երկու կուսակցություն՝ ԱԺՄ-ն ու Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը եւ երկու ՀԿ` «Ընտրությունը քոնն է», «Ազատ Հայք» կազմակերպությունները: Ինչպես փոխանցեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից` կազմակերպությունները դեռ մինչեւ նոյեմբերի 17-ը կարող են դիմել իրենց` հավատարմագրվելու համար: Այնպես որ, դեռ ժամանակ կա: Բայց նկատենք, որ ՀՀ իշխանությունները կարծես թե չեն էլ ուզում ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել: Ի վերջո, հարկավոր է հիշել, որ կիրակի օրն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդական կառույցներից միայն ԵԱՀԿ-ն բարձրաձայնեց ընտրակեղծիքների մասին ու քննադատություն հնչեցրեց: Եվ, անկասկած, նույնը կանի նաեւ մեր պարագայում: Ինչպես պարզաբանեցին ԿԸՀ-ից, անկախ հրավերքից, միջազգային կառույցներն իրենք եւս կարող են դիմել` հավատարմագրվելու խնդրանքով: Սակայն, ինչպես պարզաբանել է ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի՝ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ուրդուր Գունարզ Դոտիրը` PanArmenian.net-ի թղթակցի հետ զրույցում` «Սովորաբար մենք ստանում ենք հրավեր, հետո ենք գնում դիտորդական առաքելություն իրականացնելու, բայց այս դեպքում մենք այդ հրավերը Հայաստանի իշխանություններից չենք ստացել»: Ուրդուր Գունարզ Դոտիրը նաեւ հավելել է, որ հրավերը իրենց կարող էին ուղարկել նախագահի աշխատակազմից, Արտգործնախարարությունից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Սակայն ՀՀ նախագահի աշխատակազմից մեզ մեկնաբանեցին, որ ոչ Հանրաքվեի մասին օրենքով, ոչ «Ընտրական օրենսգրքով» եւ ոչ էլ իրենց կանոնադրությամբ նման բան նախատեսված չէ: ԱԺ-ից էլ փոխանցեցին, թե իրենք կարող են հրավիրել միայն իրենց կոլեգա կազմակերպություններին, տվյալ դեպքում, հրավիրել են ԵԽ ԽՎ-ին: ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտարարեցին, թե դա իրենց նախարարության պարտականությունը չէ: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պնդում են, որ իրենք նման լիազորություններ չունեն: «Բայց մինչեւ նոյեմբերի 17-ը դեռ ժամանակ կա»,- մեզ փոխանցեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Համլետ Գասպարյանը: Իսկ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը չի մեկնաբանում ՀՀ իշխանությունների որոշումները: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի լրատվության հարցերով պատասխանատու Գոհար Ավագյանը մեզ փոխանցեց, որ «Ըստ Կոպենհագենյան համաձայնագրի՝ այդ փաստաթղթի տակ ստորագրած երկրները պարտավոր են դիտորդներին հրավիրել միայն ընտրությունների ժամանակ, իսկ հանրաքվեի դեպքում այդ մասին որեւէ խոսք չկա: Տվյալ դեպքում ընդամենը կարող է լինել այդ երկրի բարի ցանկությունը»,- փոխանցեց Գ. Ավագյանը: Չնայած, նկատենք, որ կոնկրետ պարագայում ոչ միայն բարի ցանկություն չկա, այլեւ՝ ՀՀ իշխանությունները խուսափում են ճշմարիտ խոսքից եւ քննադատությունից: