«Հիմա»-ն` «Wikileaks»-ում

06/09/2011

«Wikileaks»-ի փաստաթղթերից մեկն անդրադարձել է 2008թ. Մարտի 1-ից հետո ստեղծված «Հիմա» երիտասարդական նախաձեռնությանը, որը թվագրված է 2008թ. մայիսի 29-ով: «Մարտի 1-ից սկսած «Հիմա»-ն կազմակերպել է մի շարք աչքի ընկնող ակցիաներ, որոնք պահանջում էին քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, խոսքի եւ հավաքների ազատություն, օրենքի գերակայություն: Նախաձեռնության բողոքի որոշ ակցիաներ ներառում էին բանտարկյալների շորերով երթը Գլխավոր դատախազության առաջ` բերանները կապած վիճակում, կամ ընդդիմադիր թերթերի բաժանում խորհրդարանի շենքի դիմաց»: Փաստաթղթում անդրադարձ կա «Հիմա»-ի հիմնադիրներից մեկի` Արսեն Խառատյանի վրա կատարված հարձակմանը, որը տեղի էր ունեցել մայիսի 28-ին: Նշվում է, որ Արսենի վրա հարձակումը դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանն ընդդիմացող հասարակական գործիչների վրա կատարված երրորդ հարձակումն էր: ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հետ հանդիպման ժամանակ Ա. Խառատյանն ասել է, որ «Հիմա»-ն ոչ մի քաղաքական կուսակցության կամ առաջնորդի չի ենթարկվում: Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականները դեսպանատան աշխատակցի հետ հանդիպման ժամանակ ասել են, որ թեպետ «Հիմա»-ն հետապնդում է իր նպատակները, իրենց ճամբարի հետ համագործակցություն եղել է: Փաստաթղթում նշվում է, որ նրանք ֆինանսապես ապահովված են եւ տնտեսապես չէ, որ շահագրգռված են մասնակցել այս նախաձեռնությանը: