Երկրորդ փուլն անհրաժեշտ էր

06/09/2011

«Wikileaks»-ի կողմից հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն, 2008թ. նախագահական ընտրություններից 2 օր անց` փետրվարի 21-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր օգնական Լեւոն Զուրաբյանի միջոցով դիմել ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներին` հետեւյալ ուղերձով. «Հարկավոր է ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի: Դա միակ ճանապարհն է, որ թույլ կտա մարդկանց գործողությունները պահել Սահմանադրության շրջանակներում»: Նաեւ փոխանցել է, թե` ՀՀ իշխանությունները չեն կարող «անտեսել ձեր ճնշումը»: Իսկ նախագահական ընտրություններից մոտ երեք շաբաթ անց` մարտի 10-ին, Երեւանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը չի հերքել երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը: «Կասկած չկա, որ Տեր-Պետրոսյանի` փետրվարի 19-ին ստացած քվեների քանակն անհամեմատ ավելի բարձր է պաշտոնական 21.5 տոկոսից կամ 350.000 քվեից: Մեր կանխատեսումների համաձայն` Տեր-Պետրոսյանի ցուցանիշն իրականում տատանվում է 30-35 տոկոսի միջակայքում, ինչը մոտավորապես 490-ից մինչեւ 570.000 ձայն է կազմում: Վերջին երկու շաբաթում Տեր-Պետրոսյանի հանրային աջացության մակարդակը միայն աճել է: Հայաստանցիներից շատերն այժմ նշում են, որ խնդիրը ոչ թե Տեր-Պետրոսյանի անձն է, այլ կառավարության պահվածքը»,- նշել է Փենինգթոնը: Ըստ նրա` «խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը, լրատվամիջոցների լռեցումն ու այլ տիպի ճնշումները է՛լ ավելի են սաստկացրել մարդկանց դժգոհությունը»: «Այս ամենի հետեւանքով Տեր-Պետրոսյանին սկսել են աջակցել նաեւ մարդիկ, ովքեր նախկինում նրան առանձնապես չէին սիրում»,- ասված է հաղորդագրության մեջ: