Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 138 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ): Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` նշված քրեական գործը հարուցվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի 17-ամյա Լ. Ն-ի հայտարարության հիման վրա: Սեպտեմբերի 2-ին Լ. Ն.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտարարություն է տվել, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 18-ի սահմաններում Նոյեմբերյանի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներ 17-ամյա Սամվել Անանյանը, 16-ամյա Նարեկ Հակոբյանը եւ 17-ամյա Սերգեյ Ամիրաղյանը BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Նոյեմբերյան քաղաքի հարակից «30 թվական» աղբյուր-հուշարձանի մոտ գտնվող հանդամաս եւ բռնաբարել: Նոյեմբերյանցիները Գ. Շամշյանին նաեւ պատմել են, որ Սերգեյ Ամիրաղյանի հայրը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն է, իսկ Նարեկ Հակոբյանի հայրը աշխատում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, կոչումով մայոր: Լ. Ն.-ի մայրը սեպտեմբերի 1-ին հայտարարություն է տվել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտնել, որ իր աղջիկը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մեկ օր անց Ոստիկանության Տավուշի մարզի վարչության աշխատակիցները Նոյեմբերյանի ոստիկանների հետ հայտնաբերել են աղջկան եւ նրան հանձնել ծնողին: Հաջորդ օրը աղջիկը հայտարարություն է տվել բռնաբարության փաստի մասին: Այս պահին 3 անչափահաս տղաները նշված քրեական գործում անցնում են որպես վկա: Քննիչի որոշմամբ աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: