ՀՀ առաջին նամականիշը

06/09/2011

Հայաստանի Հանրապետության առաջին նամականիշը կոչվում է «Անկախության օր»: Նամականիշում բիբլիական Արարատի գագաթները լուսավորված են արեւածագի ոսկեգույնով եւ կամարված եռագույնով: ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, հրապարակախոս Սամվել Շահմուրադյանն առաջինն էր, ով առաջարկեց ստեղծել անկախ Հայաստանի նամականիշը: 1991թ. մայիսին նա իր գաղափարի մասին պատմում է նկարիչ Հարություն Սամուելյանին: 1991թ. դեկտեմբերին արդեն ստեղծվում է առաջին նամականիշի թողարկման հարցերով զբաղվող հանձնաժողով: Շուտով հայտարարվեց Հայաստանի Անկախ Հանրապետության առաջին նամականիշի ստեղծման մրցույթը: Մասնակցեցին շուրջ 100 նկարիչներ` ներկայացնելով 400-ից ավելի աշխատանքներ: Նամականիշի թեման` Արարատ լեռ եւ եռագույն, նախօրոք էր որոշվել: Գլխավոր մրցանակին արժանանում է նկարիչ Հարություն Սամուելյանը: «Իմ առաջարկած տասը նախագծային տարբերակներից մեկն ընտրվեց որպես նամականիշի հիմք: Երբ արդեն աշխատում էի բնագրի վրա, որոշվեց, որ իմ առաջարկած տարբերակներից եւս մեկը` դրոշի գույներով արծիվն ու Արարատ լեռը, պետք է օգտագործվի որպես փոստային գեղաթերթիկ: Առաջին նամականիշի ստեղծումն այս տիպի աշխատանքի իմ առաջին փորձն էր»,- ասում է Հարություն Սամուելյանը: Նկարիչը հիշում է, որ նամականիշի վրա աշխատում էր փետրվար-մարտ ամիսներին, ու քանի որ ժամանակը սուղ էր, հաճախ աշխատում էր նաեւ գիշերները` մոմի լույսի տակ, ձեռնոցներով: «Ցրտից նույնիսկ մատներս էին ցրտահարվել»,- պատմում է նկարիչը: Տքնաջան աշխատանքը տալիս է իր արդյունքը, ու շուտով նամականիշը տպագրվում է Լոնդոնում: Տպագրության ծախսերը հոգում է սփյուռքահայ մի բարերար: Մեկ տարի անց` 1992թ. մայիսի 28-ին, տեղի ունեցավ անկախ Հայաստանի առաջին նամականիշի շնորհանդեսը: «Ահա եւս մեկ քայլ մեր ինքնիշխան պետության վերականգնման ճանապարհին: Մեծապես գնահատում ենք նամականիշների խորհրդանշական եւ գեղարվեստական մակարդակը»: Մայիսի 28-ի առավոտյան այս բովանդակությամբ նամակը դրոշմելով անկախ Հայաստանի առաջին նամականիշով` հանրապետության նախագահն այն ուղարկեց Ամենայն Հայոց կաթողիկոսին: Նամակն Էջմիածին տարավ վաստակաշատ փոստատար Կուպալյանը խորհրդանշական փոստակառքով: Շքախմբում կապի եւ տրանսպորտի նախարարն էր, Ֆիլատելիստական միության եւ կառավարական հանձնաժողովի անդամներ, նամականիշի հեղինակը, պաշտոնյաներ: Էջմիածնում Գարեգին Առաջին վեհափառը օծեց նամականիշը: «Հիշարժան ու երջանիկ օր էր բոլորիս համար: Մինչ այժմ էլ ժպիտով եմ հիշում, թե ինչպես հանդիսավոր պատասխան-խոսքի ժամանակ ասացի, որ ես շատ ուրախ եմ ու գոհ, որ Հայաստանը կունենա իսկապես լավ նամականիշ»,- պատմում է Հարություն Սամուելյանը: Առաջին նամականիշի թողարկումից հետո Կապի եւ տրանսպորտի նախարարի հրամանով հիմնվեց «Նամականիշ» ՓԲԸ-ն, որը 1992 թվականից ի վեր զբաղվում է նամականիշերի պատրաստմամբ եւ թողարկմամբ: Մինչեւ 2004թ. Հ. Սամուելյանը «Նամականիշ» ընկերության գլխավոր նկարիչն էր: Այդ ընթացքում նա հեղինակել է ՀՀ ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 130-ից ավելի նամականիշներ, այդ թվում` նաեւ ԼՂՀ առաջին նամականիշը, գեղաթերթիկներ, ծրարներ եւ դրոշմակներ, որոնցից շատերն արժանացել են միջազգային հեղինակավոր մրցանակների:

Ռուզան ԲԱԴԱԼՅԱՆ