CONFIDENTIAL դասակարգմամբ դիվանագիտական այս հաղորդագրությունը ուղարկվել է 2008թ. փետրվարի 28-ին, Սերժ Սարգսյանի աջակցության նպատակով կազմակերպված հանրահավաքից 2 օր անց։ «Wikileaks»-ի` հայաստանյան շարքում զետեղված հաղորդագրություններից մեկի համաձայն, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներն իրենք են այցելել երկու հանրահավաքներին եւ բավականին հետաքրքիր դիտարկումներ արել։ «Նախկին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին Երեւանի կենտրոնում, միմյանցից ոչ մեծ հեռավորության վրա, «մրցակցող» հանրահավաքներ էին անցկացնում։ Ետընտրական շրջանում Սարգսյանի առաջին հանրահավաքին մասնակցում էր մոտավորապես 60-70 հազար մարդ, մինչդեռ Տեր-Պետրոսյանի՝ թվով 7-րդ ետընտրական հանրահավաքի մասնակիցների թիվը հասնում էր 85-100 հազար հոգու, ինչը ամենամեծ թիվն էր նախորդ հանրահավաքների համեմատ։ Սարգսյանի հանրահավաքի հազարավոր մասնակիցներ այնուհետեւ լքեցին Հանրապետության հրապարակը եւ փողոցով բարձրանալով միացան ԼՏՊ-ի հանրահավաքին, որտեղ նրանց դիմավորեցին մեծ ոգեւորությամբ եւ «Միացեք, միացեք» բացականչություններով։ Նրանցից շատերը շփոթված էին երեւում ԼՏՊ-ի աջակիցների թվից, որը զգալիորեն աղավաղվել էր ազգային ԶԼՄ-ների կողմից»,- գրել է ամերիկացի դիվանագետը։
Ամերիկացիներն, ի դեպ, մասնակցել են երկու հանրահավաքներին, զրուցել մասնակիցների հետ եւ ներկայացրել իրենց տպավորությունները։ Օրինակ, Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցների վերաբերյալ նշել են, որ հիմնականում միջին եւ բարձր տարիքի մարդիկ են եղել, երիտասարդներ շատ քիչ են եղել։ Իսկ պաստառների եւ կարգախոսների վերաբերյալ շատ հետաքրքիր են արտահայտվել. «Տեսարանը հիշեցնում էր սովետական ժամանակաշրջանի զանգվածային մոբիլիզացիաները՝ հետեւյալ բնույթի պաստառներով՝ «Ֆերմերները՝ Սերժի համար», «Բժիշկները՝ Սերժի համար» եւ անգամ «Տուբերկուլյոզային պոլիկլինիկայի աշխատակիցները՝ Սերժի համար»»։
Դիտորդները նշել էին նաեւ, որ երբ հանրահավաքի մասնակիցներին հարցրել են՝ ինչո՞ւ եք եկել, նրանք տարբեր պատասխաններ են տվել՝ կախված նրանից, թե ամերիկացիներն ինչպես են ներկայացել՝ որպես դիվանագե՞տ, թե՞ պարզապես որպես Հայաստան այցելած ամերիկացի։ Այս վերջին դեպքում նրանք ասել են, որ իրենց ղեկավարներն են պարտադրել մասնակցել, եւ որ իրենց բերել են այստեղ ավտոբուսներով։ Հանրահավաքի ավարտի նկարագրությունը պակաս հետաքրքիր չէ։ «8 րոպեի ընթացքում 60-70 հազար մասնակիցների մոտ 95 տոկոսը լքեց անձրեւից թրջված հրապարակը, նստելով իրենց սպասող ավտոբուսները եւ ուղեւորվելով տուն։ Հրապարակում մնացին ընդամենը 2000 հոգի, որոնց այնտեղ պահեցին վարչապետից հետո ելույթ ունեցող հայ էստրադայի աստղերը»։
Ամփոփելով փետրվարի 26-ի իրադարձությունները եւ Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցների միանալը Ազատության հրապարակում գտնվողներին՝ ամերիկացիները գրում են. «Եթե Սերժ Սարգսյանի նպատակն էր պատասխանել ԼՏՊ-ի հանրահավաքներին՝ ցույց տալով իր սեփական ուժը, նա ակնհայտորեն ձախողվեց։ Իրականում, ինչպես երեւում է, նա ինքն իրեն ավելի շատ վնաս, քան օգուտ տվեց՝ ԼՏՊ-ին տալով 30 հազար նոր աջակիցներ, որոնց իշխող վարչակազմը ինքն էր բերել Երեւան։ ԼՏՊ-ի հանրահավաքը, մասնակիցների թվի առումով, թերեւս լճացման մեջ էր։ Եվ այսօրվա (փետրվարի 26-ի) ճակատամարտը Սարգսյանի՝ արհեստական միջոցառման հետ նոր էներգիա, տարածաշրջանային աջակցություն եւ հեղինակություն հաղորդեց ԼՏՊ-ի արշավին, ինչի կարիքը վերջինս այդ պահին ուներ։ Մնում է սպասել, թե ԼՏՊ-ն ինչպես կօգտագործի այս վերջին զարգացումը եւ Սարգսյանը ետընտրական շրջանի աճող լարվածության ֆոնին ինչպես կարձագանքի իր PR-ի անկասկած ամենամեծ սխալին։ Ինչ վերաբերում է այս պահին, ապա ակնհայտ է, որ այսօրվա իրադարձությունը աղավաղեց Սերժ Սարգսյանի անպարտելիության կերպարը»։