Դատախազի տեղակալի հովանավորյալը

03/09/2011

Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի կողմից անօրինական ճանապարհով համայնքային հողերը յուրացնելու մասին բազմիցս են ահազանգեր հնչեցվել: Խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիներ վստահեցնում են, որ Գ. Թամազյանին աշտարակցիները ոչ միայն չեն ընդունում, այլ նրանից արդեն «զզվում են»: Վերջինս չի ենթարկվում ոչ միայն դատարանների որոշումներին, այլ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության հանձնարարականներին, ասել է թե` Սերժ Սարգսյանին: Գ. Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր տղան է: Աշտարակցիներն ասում են, որ Ա. Թամազյանի այս հովանավորյալը քաղաքապետ դառնալուց հետո Աշտարակի դատախազության գործերին ավելի շատ է միջամտում, քան ինքը` դատախազը: Բավական է միայն մուտք գործել persons.am կայքէջ եւ կարդալ Գ. Թամազյանի մասին աշտարակցիների կարծիքները: «Չե՞ք ամաչում, ինչ ասես տեսել էի` ուտեն, բայց որ մի քանի հոգի էդքան հող ուտեն` չէի պատկերացնում, չե՞ք կշտանում: Մի քիչ էլ թողեք մնա` գոնե վրներդ լցնելու համար», «Երբեւէ դուք ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչ արեցիք այս տարիների ընթացքում, բացի Աշտարակ քաղաքը քանդելուց», «Գոնե մանկապարտեզների վրա ուշադրություն դարձրու, քաղաքի ապագան է այդ սերունդը: Ոչ ջեռուցվում է, ոչ էլ նորմալ սնունդ է տրվում, մենակ վարձերն են ավելացնում: Հուսով եմ` կկարդաս ու կամաչես: Ծնողները ցավով սպասում են, որ էլի ձմեռ կգա, ու մինչեւ մանկապարտեզների փակվելը երեխաները նորից կհիվանդանան, ծնողներն են վառելիք տանում»,- գրում են աշտարակցիները: