ԱԺՄ-ն «ծյունինգ» են անում

03/09/2011

Այս օրերին մերձիշխանական շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը նախկին ԱԺՄ-ի վերակենդանացումն է: Տեւական ժամանակ է` ԱԺՄ-ից նախկինում պոկված բեկորների ղեկավարները` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱԺԿ նախագահ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը եւ ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը հանդիպումներ են ունենում` միասնական քաղաքական միավոր ձեւավորելու նպատակով: Մամուլում այդ մասին հրապարակումներ արդեն եղել են, եւ Վ. Մանուկյանը հաստատել է դա: Պարզվում է, սակայն, որ այդ գործընթացը տեղի է ունենում մեկ այլ նախկին ԱԺՄ-ականի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Այսպիսով, ըստ լավատեղյակ աղբյուրների, Տիգրան Սարգսյանը ցանկանում է ստեղծել սեփական քաղաքական հենարանը եւ նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Պատահական չէ, որ այս պրոյեկտի հետ է կապվում նաեւ «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանի անունը, ով մտերիմ է ինչպես Տ. Սարգսյանի, այնպես էլ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ: Ամենահետաքրքիրն այն է, որ, մեր տեղեկություններով, Ս. Սարգսյանի «դաբրոն» ստանալու համար վերը նշված գործիչները որպես հիմնավորում` նշել են «նոր դեմքերով» ներկայանալու անհրաժեշտությունը` նրան համոզելով, որ այդ խնդիրը հնարավոր չէ լուծել ՄԻԱԿ-ի երիտասարդների միջոցով: Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ իրականում այսպիսով Տ. Սարգսյանը ցանկանում է ոչ թե ամրապնդել Ս. Սարգսյանի հենարանը, այլ իրեն ապահովագրել ՀՀԿ-ի ցուցակից դուրս մնալու վտանգից: Գաղտնիք չէ, որ անդամագրվելով ՀՀԿ-ին, Տ. Սարգսյանն այդպես էլ չընդունվեց ՀՀԿ-ականների կողմից եւ մտավախություն ունի, որ կարող է ընդհանրապես խաղից դուրս մնալ: Ինչ վերաբերում է վերամիավորվող ԱԺՄ-ին, ապա մեր տեղեկություններով` Վազգեն Մանուկյանը դառնալու է այդ քաղաքական ուժի պատվավոր նախագահը, իսկ ղեկավարը լինելու է Վահրամ Մկրտչյանը, ով նախկին ԱԺՄ-ական է եւ վայելում է Բ. Բեգլարյանի վստահությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս ուղղությամբ նախկին ԱԺՄ-ականներն արդեն գործնական քայլեր են անում, ստեղծել են երիտասարդների խմբեր, ովքեր տարբեր սոցցանցերում պետք է քարոզեն այս պրոյեկտի անհրաժեշտությունը, բնականաբար, զուգահեռաբար հարվածելով գործող իշխանություններին` ընդդիմության պատրանք ապահովելու նպատակով: