Երկխոսությունը ֆոն է իրար նվաստացնելու համար

03/09/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Ձեր կարծիքով, ՀԱԿ-ի կողմից երկխոսության առկախումն արդյո՞ք պայմանավորված էր Տիգրան Առաքելյանի ձերբակալությամբ, եւ արդյո՞ք դա հիմնավոր պատճառ է` հրաժարվելու համար արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի քննարկումը հետաձգելուց:

– ՀԱԿ-ը բավական արդյունավետ, իր համար չափազանց արդյունավետ խնդիր է լուծում` անցած տարիների ընթացքում հետեւողականորեն խփելով նույն կետին: Ի վերջո, ՀԱԿ-ը ելնում է նրանից, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հիմնվում է ոչ թե ժողովրդի կամարտահայտության վրա, այլ` սվինների վրա: Այն սվինների, որոնցով մարտի 1-ին ճնշեցին ցուցարարներին, որոնց վրա հենվելով` զսպում էին համաժողովրդական շարժումը, որն, ըստ էության, ոչ թե ՀԱԿ առաջնորդին իշխանության գագաթին տեսնելու ձգտումից էր սերված, այլ` սոցիալական իրավիճակի վատթարացման, անարդարությունների դեմ բողոքից: Եվ ՀԱԿ-ը, գիտակցելով, որ Ս. Սարգսյանի իշխանության հիմքերը խարսխվում են ուժային կառույցների աջակցության վրա, այս ժամանակաշրջանում հետեւողականորեն կարողացավ խարխլել այդ աջակցության պատվարները: Եվ վաղը կամ մյուս օրը Սերժ Սարգսյանը հայտնվելու է Միխայիլ Գորբաչովի իրավիճակում, որի իշխանությունը նույնպես հիմնված էր ուժային կառույցների վրա: Երբ Գորբաչովն իր իշխանության մայրամուտին ուժային կառույցներին դարձրեց քավության նոխազ, պարզվեց, որ իր իշխանությունը մնաց մերկ եւ անպաշտպան: Եվ այսօր ՀԱԿ-ն իր համար ավելի կարեւոր խնդիր է լուծում, քան այս երկխոսությունն է: Օրինակ, ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից հետո ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանը հայտարարեց, որ նրան, ով իր մարդկային որակներով մյուսներից բարձր է, դարձրեցին քավության նոխազ: Նա միայն Մարգարի մասին չի խոսում: Սրանով նրանք խոսում են Ոստիկանության, ուժային կառույցների մասին` ասելով` դուք պաշտպանեցիք Ս. Սարգսյանին, բայց նա ձեզ, ինչպես ժամանակին արեց Գորբաչովը, կարող է քավության նոխազ դարձնել: Եվ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ կարեւոր խնդիր է լուծում սրանով` ցույց տալով, որ այս իշխանություններն իրենց թիմակիցների համար քաղաքական տանիք չեն: Նաեւ ասում է` տեսեք, թե ես ո՞նց եմ հուսալի եւ անդավաճան տանիքի դերում հանդես գալիս մի տղայի նկատմամբ:

– Ստացվում է` իշխանությունների կողմից այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ ցանկացած պատժիչ գործողություն կարող է դիտարկվել քավության նոխազ դարձնելու փո՞րձ:

– Խոսքը ուժային կառույցների մասին է: Իշխանությունները պետք է ցույց տան, որ շահագրգիռ են իրենց կողմնակիցներին պաշտպանելու հարցում: Նույնը նաեւ ՀԱԿ-ը պետք է անի: Երբ Ս. Սարգսյանն իր ուժային կառույցների նկատմամբ նույն վերաբերմունքն է դրսեւորում, ինչպիսին Գորբաչովը, նրանց դարձնելով սակարկության մանրադրամ, նա կարծես սեփական ձեռքերով կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Ի վերջո, Ոստիկանության կորպորատիվ պատվախնդրությունը, համբավն այսօր հարվածի տակ է դրված, որովհետեւ հրապարակայնորեն նվաստացրել են ոստիկաններին: Կարեւոր չէ` շարքայի՞ն, թե՞ սպա: Ոստիկանի քիթը կոտրվել է` եւ՛ ուղղակի, եւ՛ փոխաբերական իմաստով, թե ինչո՞ւ է կոտրվել` կարեւոր չէ: Փաստն այն է, որ այն ձեւակերպումները, որոնք արեց Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, թե իշխանությունը պետք է պաշտպանի մեզ, մեր արժանապատվությունը, եթե ոչ, կնշանակի, որ Ոստիկանությանը դարձնում են քավության նոխազ: Հիմա Ս. Սարգսյանը ընտրության առջեւ կանգնեց, եւ, ըստ էության, 80%-ով ենթարկվեց ՀԱԿ-ի պահանջներին, որովհետեւ ձերբակալվածներից բոլորին, բացի մեկից` ազատ արձակեց: Մնաց մեկը, իսկ ինչո՞ւ է ՀԱԿ-ը սրան մեծ կարեւորություն տալիս. որովհետեւ սա վերջնականապես պետք է ապացուցի, որ իսկապես Լ. Տեր-Պետրոսյանն ապահով քաղաքական տանիք է իր կողմնակիցների, աջակիցների համար, եւ, որ նա նախանձախնդիր է նրանց պաշտպանության հարցում: Ճիշտ այնպես, ինչպես 2007թ. հոկտեմբերի 23-ին գնաց եւ ճեղքելով ոստիկանական շղթան, ազատ արձակեց իր կողմնակիցներին` Շողերին, Նիկոլին եւ Պետրոսին: Ոստիկանության բաժանմունքից: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հենց այդ հաջողված «օպերացիայի» շնորհիվ նա նվաճեց քաղաքական դաշտում այն տեղը, որն առայսօր զբաղեցնում է: Դե հիմա թող վերլուծաբաններն ինչքան ուզում են բանավիճեն այն հարցի շուրջ, թե այդ փայլուն «օպերացիան» արդյոք համաձայնեցված չէ՞ր իշխանությունների հետ, արդյոք այն նպատակ չունե՞ր ճանապարհ բացել Լ. Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադառնալու համար` նրան անհրաժեշտ քաղաքական «ֆորա» տալու միջոցով:

– Այսինքն` Դուք համամի՞տ չեք այն պնդումներին, թե երկխոսությունն առկախվեց, քանի որ այն փակուղի էր մտել:

– Ես գտնում եմ, որ ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ իշխանությունները լուրջ չեն վերաբերվել այդ երկխոսությանը: Երկխոսությունն այն ֆոնն է, որի վրա ՀԱԿ-ը ձգտում է նվաստացնել այս իշխանությանը, իսկ իշխանությունն էլ ձգտում է նվաստացնել ՀԱԿ-ին: Բայց դեռեւս ՀԱԿ-ին է հաջողվում դա անել: Համենայնդեպս, այսօր ոտք ու ձեռք են ընկել ոչ թե ՀԱԿ ներկայացուցիչները, այլ բոստանջյաններն ու մյուսները: Տ. Առաքելյանի հարցն այսօր շատ ընդգրկուն է: Հաստատ գիտեմ, Լ. Տեր-Պետրոսյանը լավ մտածել է, ու մարտի 1-ից հետո ՀԱԿ-ի հիմնական խնդիրը պետք է դառնա ուժային կառույցներին բարոյազրկելը: Նա ուզում է ուժային կառույցների մեջ այն տրամադրությունն առաջացնել, որ իրենց դարձրել են քավության նոխազներ: Եթե ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ոստիկանապետը լացակումած, ըստ էության, ստորացված կերպարով, ներկայանում է հանրությանն ու սկսում է շապիկը պատառոտելով եւ գլուխը մոխրոտելով լաց լինել, թե երկրում ոստիկանաորս է սկսվել, դա խայտառակություն է: Լացող գեներալը, ոստիկանապետը ո՞րն է: Այսօր այն մարդիկ, ովքեր ուժային մեթոդներով կարողացան սանձել ՀԱԿ առաջնորդին ու նրա կողմնակիցներին, համընդհանուր դժգոհության մեջ են: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի նպատակը դա է: Նա լուրջ նախադրյալներ է ստեղծել այսօր, որ ինքն ավելի հուսալի է, քան այս իշխանությունները, նա այդ կառույցներում մեղքի, զղջանքի տրամադրություններ է ստեղծում, թե ինչու են մտել նման գլխացավանքի տակ, թե ինչու պիտի Սամվել Նիկոյանն իրենց դեմ տա ու նախատի ՀՔԾ-ին, ըստ էության, միանալով Տեր-Պետրոսյանի ասածներին: Ոստիկաններն այսօր բոլոր տեղերում են խոսում, որ իրենց «դեմ են տալիս»: Սրա մասին պետք է այսօր լուրջ մտածի իշխանությունը: Եթե Ս. Սարգսյանի հենարանն ուժային կառույցներն են, ապա Տեր-Պետրոսյանը պետք է նրանց բարոյալքելու խնդիր լուծեր, որը բավական արդյունավետ է այսօր լուծում: Եվ ուժայինները հասկանում են, որ եթե վաղը մի բան լինի, իրենք չպետք է մտնեն այդ «ռազբորկայի» մեջ: Նրանք արդեն վախեցած են, եւ այսօր բոլոր նախադրյալները կան Եգիպտոսի տարբերակը կրկնելու համար: Պատգամավորներից ոչ ոք այսօր չի խոսում բանակում կատարվող դեպքերի մասին: Եթե ես լինեի` հիմա փոթորիկ էի բարձրացրել ԱԺ-ում: Երբ Ս. Սարգսյանը Պաշտպանության նախարար էր, բանակում նման բան չկար: Իսկ հիմա՞: Սա նշանակում է, որ էրոզիայի են ենթարկվում պետության ուժային կառույցները, ինչը հեղափոխության հիմնական նախադրյալներից է:

– Իսկ ի՞նչ եք կարծում` ՀԱԿ-ին կհաջողվի՞ զանգվածային միջոցառումների նոր ալիք բարձրացնել:

– Ժողովուրդը ուժային կառույներից ունեցած վախի պատճառով չէր հավաքվում: Հիմա այդ կառույցներում այլ տրամադրություններ կան. նրանք այլեւս իրենց վրա ժողովրդին ճնշելու պատասխանատվություն չեն վերցնի: Մարտի 1-ի ոճրագործության չբացահայտելը նշանակում է, որ մեղքը դրվում է ուժային կառույցների վրա: Եթե ասեին, որ Պողոսը կամ Պետրոսն է մեղավոր, նրանց վրայից այդ մեղքը կմաքրեին: Իսկ հիմա այդ կառույցը թշնամի է դիտվում եւ նվաստացվածի հոգեվիճակում է:

– Բայց Դուք էիք պնդում, թե ժողովուրդը հիասթափվել է ՀԱԿ-ից, ու այլեւս չի հավաքվելու նրանց կոչերով:

– Ժողովուրդն այս պատմության մեջ չկարողացավ ինքնուրույն գործոն դառնալ: Ժողովուրդը հիասթափվել է ՀԱԿ-ից, բայց ՀԱԿ-ն այսօր ցույց է տալիս, որ ինքը հետեւողական է սեփական կողմնակիցների պաշտպանության հարցում: Նա ասում է, որ ես կարող եմ հենարան լինել ձեզ այնպես, ինչպես այսօր պաշտպանում եմ այս երիտասարդներին, եւ ինչպես սրանց չեմ հանձնում, այնպես էլ ձեզ չեմ հանձնելու: Լ. Տեր-Պետրոսյանն իր բռնած ճանապարհով չի կորցնելու իր աջակիցներին, իսկ Սերժ Սարգսյանը կորցնելու է` Տիգրան Սարգսյանի միջոցով: Տ. Սարգսյանն այսօր «ֆռռացնում» է Ս. Սարգսյանին` իր ինքնուրույն քաղաքական ապագան նախապատրաստելով:

– Տեղյա՞կ եք, որ Տ. Սարգսյանը ցանկանում է վերամիավորել ԱԺՄ-ն:

– Այո: Մտնելով ՀՀԿ, նա կողքից` Բարսեղ Բեգլարյանի միջոցներով, ԱԺՄ-ն վերակենդանացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել` նպատակ ունենալով ստեղծել իր սեփական քաղաքական հենարանը: Պարզից էլ պարզ է, որ եթե պետության երկրորդ կամ երրորդ դեմքը մտածում է «շեֆից» առանձին հենարան ստեղծելու մասին, դա ներիշխանական ասպարեզում դանդաղ գործողության ականի ազդեցություն կարող է ունենալ: Հասկանալի է, որ այս սեփական ձգտումները «շեֆի» աչքերում արդարացնելու համար Տ. Սարգսյանը միանգամայն շահագրգռված է Ս. Սարգսյանի դիրքերի թուլացման մեջ` հիմնավորելու համար սեփական պրոյեկտի օգտակարությունը: