Տեւական դադարից հետո «Wikileaks»-ը սկանդալային գաղտնազերծումների նոր տարափ սկսեց։ Այդ թվում՝ կայքում տեղադրված գաղտնի նամակագրության մի մեծ չափաբաժին վերաբերում է հենց Հայաստանին։
Առաջին «փուլը» եղավ օգոստոսի 24-ին. կայքում տեղադրվեցին հազարավոր, եւ, կոնկրետ Հայաստանին վերաբերող, մի քանի տասնյակ գաղտնի նամակներ՝ ուղարկված ԱՄՆ դիվանագետների կողմից։
Հետո «Wikileaks»-ը հայտարարեց, որ շուրջ 150 հազար փաստաթղթեր համացանցում հայտնվել են առանց իր գիտության. կայքի հետ աշխատող բրիտանական «The Guardian»-ի թղթակցի անփութության հետեւանքով գաղտնագիրը հայտնի է դարձել ինտերնետային որոշ սերվերների, որոնք հրապարակել են ամբողջ փաթեթը։ Սակայն 2 օր առաջ՝ օգոստոսի 30-ի գիշերը, «Wikileaks»-ում հայտնվեցին նոր փաստաթղթեր։
Հայաստանում դեռ չէինք հասցրել մարսել օգոստոսի 24-ի հրապարակուսների անգամ կեսը, երբ կայքում հայտնվեցին մի քանի հարյուր նամակագրություններ։ Դրանց քանակն այնքան շատ է, որ մեկ օրում դժվար է ամբողջը ուսումնասիրել եւ մեջբերել ամենահետաքրքիր մասերը։ Համենայն դեպս, հայաստանյան մամուլի համար մի քանի օր լուրջ անելիք կա. հատված առ հատված կներկայացվեն բոլոր հետաքրքիր մանրամասները։
Ինֆորմացիայի այդ տարափի առավել կարեւոր հատվածները մենք նույնպես կփորձենք ներկայացնել ընթերցողին մեր թերթի առաջիկա համարներում։ Այս անգամ ընտրել ենք մի հանդիպման մասին հաղորդագրություն, որը, չնայած տեղի է ունեցել մոտ երեք տարի առաջ, սակայն չի կորցրել հետաքրքրությունը։
Եվ այսպես, 2008թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «SECRET» դասակարգմամբ նամակ է ուղարկել Պետդեպին։ Գաղտնի հաղորդագրության մեջ դեսպանը պատմել է նոյեմբերի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին։ Հանդիպումը եղել է ընթրիքի սեղանի շուրջ, եւ դրան մասնակցել են նաեւ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան եւ ամերիկյան կողմից՝ տարածաշրջանային կոնֆլիկտների հարցերով խորհրդականը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Տնտեսություն եւ ճգնաժամ
Ըստ Յովանովիչի՝ ընթրիքի ժամանակ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր կարծիքով` համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա կազդի 2009թ. առաջին քառորդում։ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը դիմացել է ճգնաժամի առաջին ալիքին, սակայն արտահանման նվազումը, պահանջարկի կրճատումն ու Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտների հնարավոր շեշտակի անկումը կհանգեցնեն աշխատատեղերի եւ արտադրության զգալի կրճատման։ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ԱՄՀ օգնության կարիք ունի, ընդ որում, շատ շտապ։ «Դժբախտաբար, ԱՄՀ խորհրդի ամերիկացի նախագահը չի ցանկացել Հայաստանին վարկ տրամադրել, քանի դեռ երկրի տնտեսական ցուցանիշները չեն վատացել։ Սարգսյանը նշեց, որ երբ ցուցանիշները վատանան, արդեն ուշ կլինի վարկի օգնությամբ իրական տնտեսությանը սպառնացող վնասը չեզոքացնելու համար»։
Մի պահ մոռանալով «Wikileaks»-ին՝ փորձենք վերհիշել, թե ճգնաժամի հնարավոր հետեւանքների մասին ինչ էին ասում մեր իշխանությունները 2008թ. նոյեմբերին։ Նրանք հավաստիացնում էին, որ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, եւ կոչ էին անում ԶԼՄ-ներին` ավելորդ խուճապ չստեղծել հոռետեսական կանխատեսումներով։ Ավելին, մի թեթեւ խոսելով ճգնաժամի հնարավոր բացասական հետեւանքների մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հավատացնում էր, որ Հայաստանը կարող է շահել ճգնաժամից, երբ ողջ աշխարհից ֆինանսական ռեսուրսները հոսեն մեր ֆինանսական համակարգ։
Մինչդեռ «Wikileaks»-ի այս հաղորդագրությունը ցույց է տալիս, որ մեր իշխանությունները դեռ նոյեմբերին լրջորեն անհանգստացած էին ճգնաժամի հետեւանքներով, եւ արդեն հասցրել էին խնդրել, որպեսզի ԱՄՀ-ն արագացնի վարկի տրամադրումը։ Ստացվում է՝ կամ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էին դնում, կամ էլ իրավիճակի լրջությունը, Ս. Սարգսյանից բացի, ուրիշ ոչ ոք չէր ընկալում։
Քաղաքական
Հանդիպման ընթացքում Բրայզան բարձրացրել է ձերբակալված ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հարցը՝ «նշելով, որ «քաղաքական» ձերբակալությունների այդպիսի դեպքերը հարցեր են առաջացնում՝ կապված դատական պրոցեսի անկողմնակալության հետ»։ Սարգսյանը պատասխանել է, որ իրավական գործընթացը պետք է ինքնուրույն ընթանա։ Ըստ հաղորդագրության, Ս. Սարգսյանն ասել է, թե «այդ մարդիկ» փորձել են ուժով փոխել կառավարությունը, եւ անհնար է արդարադատության համակարգը շրջանցելով` պարզապես ազատ արձակել նրանց, ովքեր այսօր ամենից բարձր են բողոքում։ Դեսպանը նկատել է, որ այդ պրոցեսը կարող է մի քանի տարի շարունակվել, ինչը կվնասի Հայաստանի քաղաքական զարգացմանն ու միջազգային հեղինակությանը։ «Նա (Յովանովիչը) հետաքրքրվեց, թե արդյոք չկա՞ քաղաքական լուծում, օրինակ՝ համաներումը»։ Հաղորդագրության շարունակությունը ներկայացնում ենք առանց փոփոխությունների. «Ակնհայտորեն նյարդայնացած Սարգսյանը մերժեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ եթե Հայաստանը չի հարգում մարդու իրավունքները, ապա դատավորի դերում հանդես կգա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Սարգսյանը խոստացավ, որ եթե անգամ ՄԻԵԴ-ի վճիռը Հայաստանի կառավարության դեմ լինի, իրենք միեւնույն է՝ կհարգեն այն»։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հազարամյակի մարտահրավերների, Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ի դեպ, Հայաստանի պաշտոնական լրահոսի արխիվներում ոչ մի տեղ չի նշվում, որ նախագահը այդ օրը նման հանդիպում է ունեցել։