«Wikileaks»-ի` հայաստանյան շարքի հրապարակումների շարքում տեղ է գտել 2005թ. սեպտեմբերի 16-ին ուղարկված մի հաղորդագրություն։ Այն ուղարկել է Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը։ Հաղորդագրության մեջ դիվանագետը պատմում է իր եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին (տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին)։ Քննարկվել են հիմնականում գալիք՝ 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունները։ Դեսպանը Քոչարյանին ներկայացրել է ԱՄՆ կառավարության ծրագիրը՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանն աջակցության վերաբերյալ։ Հաղորդագրության մի հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Քոչարյանը մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ ընտրությունների աջակցության նախագիծն իրականացվելու է NDI-ի կողմից (NDI- National Democratic Institute, Ժողովրդավարության ազգային ինստիտուտ)։ (ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Դեսպանությունը կարծում է, որ Քոչարյանի մտահոգությունը մասամբ կապված է մամուլում հաճախակի շահարկվող այն լուրերի հետ, որ NDI-ը կարեւոր դերակատարություն է ունեցել տարածաշրջանում վերջին «հեղափոխությունների» իրականացման գործում։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ)։ Դեսպանը պատասխանեց, որ առաջարկվող ծրագիրը իրականացվելու է ոչ միայն NDI-ի, այլ նաեւ IRI-ի (International Republican Institue-Միջազգային հանրապետական ինստիտուտ) IFES-ի կողմից (International Foundation for Electoral Systems-Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ)։ Դեսպանը նաեւ հիշեցրեց Քոչարյանին, որ դեսպանատունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է իր ժողովրդավարությունը կառուցի ու կատարելագործի օրենքի շրջանակներում տքնաջան աշխատանքի միջոցով, ոչ թե «հեղափոխության» ճանապարհով։ Նաեւ նշեց, որ ԱՄՆ կառավարության ջանքերի բոլոր տարրերը համահունչ են այդ սկզբունքին։ Քոչարյանը բողոքեց, որ ընդդիմությունը մշտապես հայտարարում է եւ հավաստիացնում, որ Հայաստանում ԱՄՆ քաղաքականության ենթատեքստում իրականում NDI-ի կողմից «իրականացվող աջակցությունն է հեղափոխությանը»։ Ի պատասխան՝ դեսպանը նշեց, որ ընդդիմության հետ իր շփումների ընթացքում նա շատ պարզ ասել է, որ ԱՄՆ-ը Հայաստանում հեղափոխություն հրահրելու նպատակ չի հետապնդում»։