Ուժգին աջակցություն

03/09/2011

«Ես չեմ կարծում, թե Հարավային Կովկասում կարող է բռնկվել նոր պատերազմ: Պատերազմ սկսելը հեշտ է, ավարտելն է դժվար: Հակամարտող կողմերի հասարակական կարծիքին պետք է հասկացնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է լինի փոխզիջումային»,- ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԽ ԽՎ Խորհրդարանական վեհաժողովի նախկին ղեկավար Գորան Լենմարկերը: «Կողմերից ոչ մեկի պահանջներն էլ ամբողջովին չեն բավարարվի, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հակամարտության խաղաղ կարգավորումն օգտակար է հակամարտող կողմերի համար: Օրինակ, հարյուր-հազարավոր փախստականների ու հարկադիր վերաբնակների վերադարձը: Նաեւ կարեւոր է, որ նրանք կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններին,- ասել է նա` ավելացնելով,- Այն, որ Ռուսաստանն ակտիվորեն միջնորդում է այս հարցում, դա դրական է, եւ ես համաձայն եմ, որ ԵՄ-ն իրեն չափազանց պասիվ է պահում: Եվրոպան ունի իր տիրույթում խաղաղություն կառուցելու, բազմաթիվ պատերազմներից հետո ժողովուրդների միջեւ բարեկեցություն ու ժողովրդավարություն հաստատելու եզակի փորձ: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է շատ ուժգին աջակցություն ցուցաբերի հարավկովկասյան երկրներին, ինչը ենթադրում է այդ երկրների անդամակցության հնարավորություն: Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան երկրներ են, եւ եթե նրանք ցանկանան դառնալ եվրոպական ինտեգրման մի մասը եւ համապատասխանեն նրա չափորոշիչներին, ապա նրանց պետք է ընձեռվի այդպիսի հնարավորություն: Ես վստահ եմ, որ դա տարածաշրջանին կբերի տեւական խաղաղություն ու կայունություն»: