Ժամանակավոր դադար

03/09/2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները` փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ազգային ժողովում կայացած փակ քննարկմանը կրպակների ապամոնտաժման հետ կապված պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորներին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպումից հետո հայտնել է, որ քաղաքապետարանին առաջարկվել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել հայեցակարգ` ի՞նչ հիմնավորումներով եւ որտե՞ղ են ապամոնտաժվում կրպակները, ինչպես նաեւ ներկայացնել գույքագրման արդյունքները` կրպակների կոնկրետ թվով: «Հայտարարվեց, որ խոսքը վերաբերում է միայն Կենտրոն վարչական շրջանի մի շարք կենտրոնական փողոցներին: Բոլոր վարչական շրջաններում ապամոնտաժում չի լինի, եւ նաեւ պիտի սպասենք այդ ցուցակներին, որոնք կուղարկի Երեւանի քաղաքապետարանը այսօր կամ վաղը, եւ մենք կկարողանանք կոնկրետ դեպքերով քննարկել` որքանո՞վ են հիմնավորված քաղաքապետարանի գործողությունները»,- ասել է նա: Ըստ Սաֆարյանի, քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ապամոնտաժման ենթակա 266 կրպակների թիվը քաղաքապետարանը նվազեցրել է` հասցնելով շուրջ 190-ի: Ազգային ժողովի մոտ հավաքված կրպակատերերը գոհ չեն մնացել հանդիպման արդյունքներից: Նրանք պնդել են, որ քաղաքային իշխանությունները ընդամենը ժամանակավոր դադար են տալիս` կրքերը հանգստացնելու համար: