Ո՞ւմ կնշանակեն ՃՈ պետ

03/09/2011

ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից, ապա` պաշտոնից հեռացնելուց հետո, արդեն քանի օր է` քննարկվում է այն հարցը, թե ո՞վ է նշանակվելու ՃՈ պետի պաշտոնում: Նշվում են ՃՈ պետի առաջին տեղակալ Լեւոն Մելքոնյանի, ՃՈ Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի, ՃՈ հաշվառման-քննական բաժնի պետ Արթուր Մարգարյանի անունները: Վերջինիս նշանակմամբ հետաքրքրված է մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ում հետ նա քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Երեկ ճանապարհային որոշ ոստիկաններից փորձեցինք ճշտել, թե ո՞ւմ անուններն են շրջանառվում: «Ի՞նչ իմանանք` ո՞ւմ կնշանակեն, մեր ի՞նչ գործ, մենակ թե էն Արշակյանին չդնեն»,- ասաց մեկը` նկատի ունենալով Երեւանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանին, ով ամիսներ առաջ էր հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Ի դեպ, ըստ ԶԼՄ-ների` Մ. Օհանյանի դեմ այս օրերին ցուցմունք են տվել նաեւ Երեւանի ՃՈ նախկին եւ ներկա պետեր Արսեն Արշակյանն ու Արսեն Մարդոյանը: «Թող Իշխանին բերեն, նրա օրոք համ ժողովուրդն էր ոստիկանին հարգում, համ` ինքներս մեզ էինք հարգում, համ ղեկավարությունը: Էս ի՞նչ վիճակ ա»,- ասաց մեկ ուրիշ ոստիկան` հիշելով ՀՀ ՃՈ նախկին պետ Իշխան Իշխանյանի (2002-2008թթ.) ղեկավարության տարիները: Նա հիշում էր, որ Իշխանյանի օրոք «ոստիկանները յազվություն չէին անում մարդկանց` ծառերի տակ պախկվելով, որ մի ձեւով մի բան կպցնեն, տենց բաները վերացրել էր»: Հիշեցնենք, որ Ի. Իշխանյանը 2009թ.-ից մինչեւ 2010թ. սկիզբը նաեւ Կոտայքի մարզային ոստիկանության պետն էր, իսկ այժմ կադրերի տրամադրության տակ է: