Երբ մեր իշխանամետ հեռուստաընկերությունները մի հանձնարարություն են ստանում, փորձում են այնքան ջանադրաբար կատարել այն, որ ծնողներից գերազանցիկ լինելու հրահանգ ունեցող աշակերտի պես փչացնում են ամեն ինչ։ Հա, դասը գիտեն, ոչինչ բաց չեն թողնում, բայց հրահանգը կատարելու ջանադրանքն այնպես է սեպում գրիչը թղթին, որ այդ ուժգին շփումից տեղ-տեղ ծակեր են առաջանում։ Ահա այսպես էլ մեր իշխանամետ հեռուստաընկերությունների մարդիկ այնպես են քարոզում այս կամ այն միջոցառումն, ասես ոչ ոք ոչինչ չի հիշում կամ ոչ ոք ունակ չէ իր հիշածի ու լսածի միջեւ զուգահեռներ անցկացնելու։
Եթերում կա մի աղջիկ… (Հըմ, քիչ է մնում գործս թողնեմ ու բանաստեղծություն գրեմ)։ Ուրեմն, մեր եթերում կա մի աղջիկ, ով երկրի առաջին դեմքի մասին խոսելիս, կարծում եմ, սրտի աշխատանքի ռիթմի փոփոխություն է ունենում, ինչից հեւոցի պես մի բան է առաջանում, ինչն էլ տպավորություն է թողնում, թե նախագահը մի դյուժին կովբոյների ձեռքից հազիվ ազատվելով` մի կերպ հասել է Ծաղկաձոր ու կտրել նոր ճոպանուղու ժապավենը։ Պետք է ծանր ու տքնաջան աշխատանքի տպավորություն թողնել, թողնվում է։ Երբ պետք է թողնել մահացու անարդարության տպավորություն, նույն աղջիկը խոսում է ադրբեջանական ընդդիմության դեմ կիրառվող ուժի, հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների ու նման բաների մասին։ Իսկ երբ գործը հասնում է Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ-ի տված բացասական գնահատականին, այդ հեւոցը հաճույքի շնչառություն է դառնում, ու հենց այդտեղ էլ թուղթը ծակվում է։
Հիմա էլ քարոզվում են սահմանադրական փոփոխությունները։ Իշխանամետ հեռուստաընկերությունների խոսնակներն այս առաջադրանքն էլ նույն կերպ են կատարում՝ սերտածն արտասանելով ժամանակից, ասել է թե՝ լսարանի հիշողությունից դուրս մի տարածքում։ Մեծ ձեռքբերում ավետողի առաքելության գիտակցությամբ` նրանք հայտարարում են, թե առաջարկվող սահմանադրությունը սահմանափակում է նախագահի լիազորությունները, կարծես ամբողջ կյանքում հենց դա էլ երազել էին։
Համենայնդեպս, մինչեւ այս քարոզարշավի սկիզբը ես չեմ հիշում մի դեպք, որ մեր հեռուստաընկերությունները քննարկած լինեն նախագահի լիազորությունների հարցը։ Հիմա իմ՝ շարքային հեռուստադիտողիս մեջ հարց է առաջանում՝ ինչո՞վ էին վատը նախկին լիազորությունները։ Եթե ես մի քանի ռեպորտաժ տեսած լինեի, ասենք, պապլավոկյան իրադարձության մասին, տանը նստած մասնակից դարձած լինեի հաղորդումների, որոնց ընթացքում կքննարկվեին եթե ոչ նախագահի, ապա գոնե նրա թիկնազորի լիազորություններին վերաբերող հարցեր, այդ դեպքում գուցե հասկանայի լիազորությունների սահմանափակման այս ավետումը։
Բայց ի՞նչ է եղել։ Ես՝ շարքային հեռուստադիտողս, տանը նստած ամեն օր իմանում եմ, որ մեր երկիրը ամենակազմակերպվածն է տարածաշրջանում, որ մեր տնտեսությունն աննախադեպ աճեր է գրանցում, որ մեր քաղաքը զարգանում է ստալինանյույորքյան գիգանտամոլության միտումներով։ Հիմա ինձ՝ շարքային հեռուստադիտողիս, ինչո՞ւ եք դեմ տալիս այդ սահմանափակումները։ Չէ՞ որ ամեն առիթով դուք էիք ասում, թե այս կամ այն բանն արվում է նախագահի բարձր հսկողությամբ, հովանավորությամբ, մասնակցությամբ։ Մի՞թե հազարավոր ժապավեններ կտրած մկրատը պիտի շրջվեր ու նրա լիազորությունները մկրատեր։
Մեր երկիրը տարածաշրջանում ամենակազմակերպվածն է դարձել ոչ ՀՀՇ-ի իշխանության շնորհիվ, չէ՞։ Դարձել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, այո՞։ Պատկերացնո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանն ունենար սահմանադրության նոր նախագծով քարոզվող սահմանափակ լիազորություններ եւ այդ լիազորություններով փորձեր կազմակերպել երկիրը։ Չէր ստացվի, չէ՞։ Բա տնտեսական ա՞ճը ոնց էր ստացվելու։
Նույնկերպ ավետում են, թե դատական իշխանությունն այլեւս անկախ է լինելու։ Իսկ ո՞վ է մինչեւ այսօր ասել, թե իշխանության այդ թեւն անկախ չէ։ Ես չեմ հիշում մի դեպք, որ մեր հեռուստաընկերություններն աղմկոտ դատավարություններ լուսաբանելիս ասեին, թե նման խնդիր կա։ Կամ ասեին՝ դե, գիտե՞ք, սահմանադրությունը լավը չէ, մի քիչ համբերեք, նոր սահմանադրություն ընդունենք, անկախացնենք դատարաններն, ու ամեն ինչ լավ կլինի։
Հանկարծ չմտածեք, թե քննարկում եմ սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների լավն ու վատը, շատն ու քիչը, կամ էլ, ասենք, դեմ եմ դատական համակարգի անկախությանը։ Բացարձակապես։ Ես սահմանադրությունը չեմ քննարկում, որովհետեւ այդ քննարկումը համարում եմ կամ շատ ուշացած, կամ շատ վաղ։ Երկու դեպքում էլ պատճառը հեռուստատեսային էկրաններից մեր գլխին թափվող այն սերտածո հեւոցն է, որն անընդհատ հարցեր է առաջացնում։
Այսպես հարցեր են առաջացնում նաեւ նախագահի՝ «Ես եմ Ալֆան եւ Օմեգան» տոնով արտասանված «Ես «ոչ»-ին էլ, «այո»-ին էլ տեր եմ» խոսքերը, ինչը թարգմանաբար նշանակում է, թե սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ չկա, իսկ այդ պահանջը չկա, որովհետեւ մեր հեռուստաընկերությունների խոսնակները հեւում են` վասն հասարակական գիտակցության բթության։