Կովալենկո՛, խոստովանիր

03/09/2011

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով նա կրկին ահազանգում է Ծաղկաձորի «Կեչառիս» վանական համալիրի տարածքում կառուցվող հանրային սննդի օբյեկտի մասին: Ա. Բախշյանը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից գրություն է ստացել, համաձայն որի` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը 29.07.2011թ. N 01/11/2697-11 գրությամբ «Կեչառիս» վանական համալիրի տարածքում «Կարիգագ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ դիմել է ՀՀ Մշակույթի նախարարություն` ներկայացնելով Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից 29.07.20011թ. տրված փաստաթղթեր: «Մինչդեռ հանրությանը հայտնի է, որ այդ շինարարությունը սկսվել է Ձեր դիմումից մոտ երկու ամիս առաջ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ, բնականաբար, Ձեր հովանավորությամբ»,- երեկ գրավոր նամակով Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին դիմել է «Ժառանգության» պատգամավորը: Ա. Բախշյանը Կ. Շահգալդյանից նաեւ պահանջել է 10-օրյա ժամկետում պատասխանել հետեւյալ հարցերին. «Ի՞նչ կապ ունեք Դուք «Կարիգագ» ՍՊԸ-ի հետ` փայատե՞ր եք, թե՞ բաժնետեր, որ օգտագործելով Ձեր պաշտոնական դիրքը, ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան բաժնից ուզում եք ստանալ «Կեչառիս» վանական համալիրի տարածքում «Կարիգագ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու համաձայնություն: Ինչո՞ւ եք Ձեր լիազորությունների սահմաններից դուրս գալով` թույլ տվել ապօրինի շինարարություն վանական համալիրի վանքապատկան տարածքում` առանց Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելու»: Ա. Բախշյանի տվյալներով` Ծաղկաձորի քաղաքապետ Գ. Միրզոյանը հայտնաբերելով այդ ապօրինի շինարարությունը` կառուցապատողին տուգանել է 400.000 դրամով: Պատգամավոր Ա. Բախշյանը քաղաքապետից խնդրել է իրեն տրամադրել տուգանքի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը եւ բացատրել, թե ինչու ապօրինության մասին Գ. Միրզոյանը տեղյակ չի պահել իրավապահ մարմիններին: Մեզ հետ հեռախոսազրույցում Ա. Բախշյանը տեղեկացրեց, որ 10-օրյա ժամկետում վերոնշյալ պաշտոնյաները պարտավոր են պատասխանել գրություններն, որոնք ստանալուն պես դրանք կհրապարակվեն: