«Փողկապի միս»

03/09/2011

Վրաստանում պատրաստվում են արտադրել տղեմալիով համեմված «ուտելու, բարեփոխիչ փողկապներ»: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Պանֆիլովն ու «Հանուն եվրոպականացված Վրաստանի կոալիցիայի» քաղաքական խորհրդի անդամ Լեւան Չոլոկաշվիլին: Նախաձեռնության հեղինակները հեգնանքով պարզաբանել են, որ փողկապ ուտելը նպաստում է սեփական կյանքի բարեփոխմանը եւ նրա որակի բարձրացմանը, այն ախորժակ է առաջացնում ազատության ու ժողովրդավարության հանդեպ: Այն օգնում է ավտորիտարիզմով, խորհրդային մենթալիտետով, իրենց հարեւաններին երջանիկ ու բարեկեցիկ չտեսնելու ցանկությամբ տառապող հիվանդներին: Խորհուրդ է տրվում այն օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել այդ հիվանդությունը: Ուտելու փողկապի ստեղծողներն ու արտադրողները խոստանում են հաջորդ շաբաթվանից սկսել դրա զանգվածային արտադրություն: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է եւս մեկ փողկապ ուտել, եթե որեւէ մեկն իրեն ապացուցի, որ սեւծովյան երկրներում կա մի քաղաք, որն ավելի արագ է զարգանում, քան Բաթումը. «Եթե որեւէ մեկը կարողանա ապացուցել, որ ինչ-որ տեղ ավելի գեղեցիկ շինություններ կան, ես պատրաստ եմ մեկ անգամ եւս ուտել իմ փողկապը»,- ասել էր նա: