Մուսոլինիի սերերը

03/09/2011

«Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի «աղմկոտ» անձնական կյանքի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է` բացի` Իտալիայի վերջին թագուհի Մարիա Ժոզեի հետ հարաբերության բուն էության մասին»,- «Մուսոլինին սիրային կապ է ունեցել Իտալիայի վերջին թագուհու հետ» խորագրով հոդվածում գրել է բրիտանական «The Guardian» պարբերականը: «Մուսոլինիի սիրուհի Կլարետա Պետաչին իր օրագրում գրում է, որ 1937թ. Մարիա Ժոզեն ամեն կերպ փորձել էր գայթակղել բռնապետին, ինչը նրան չի հաջողվել: Սակայն նոր ի հայտ եկած վկայություններից պարզ է դառնում, որ Մարիա Ժոզեն այդ հարցում ավելի մեծ հաջողությունների է հասել, քան կարծում էր նրա մրցակից Պետաչին»,- գրում է հոդվածագիրը: Պետաչին հավելում է, որ Մուսոլինին իրեն պատմել է, թե ինչպես է Մարիա Ժոզեն փորձել գայթակղել իրեն: «Մարիա Ժոզեն ներս էր մտել եւ հարցրել` կարելի՞ է,- բռնապետի խոսքերն է մեջբերել Պետաչին,- ապա թեթեւ շարժումով իր վրայից գցել էր շրջազգեստը եւ գրեթե մերկ մնացել»: Մուսոլինին Կլարետային պատմել է, թե Մարիան, սակայն, իրեն «գարշելի էր» թվացել, եւ իր վրա որեւէ տպավորություն չէր գործել:

Իսկ ահա Մուսոլինիի կրտսեր որդու` Ռոմանոյի նամակն այլ բանի մասին է վկայում: Ռոմանոն, վկայակոչելով իր մոր խոսքերը, գրում է, որ Մուսոլինին եւ Մարիան «ռոմանտիկ ինտիմ կապի ոչ երկար շրջան են ունեցել», որն ավարտվել է Մուսոլինիի նախաձեռնությամբ: Մարիա Ժոզեն, որը Բելգիայի թագավորի դուստրն էր, ծնվել է 1906թ: 1930թ. նա ամուսնացել էր Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուելի միակ որդու` Ումբերտոյի հետ: Ումբերտոն դարձավ միապետական Իտալիայի վերջին թագավորը: