Նա հասկացավ, որ ամենահաստատունը նկարչությունն է

03/09/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Արվեստի ուժը իրականության չափազանցման մեջ է: Արվեստում մենք գտնում ենք այն, ինչը կյանքում գոյություն չունի, իսկ կյանքը ձգտում ենք նմանեցնել արվեստին: Արվեստի ստեղծագործությունները մեր իրականության մի մասն են կազմում, դրանով իսկ փոխում իրականությունը»,- ասում էր նկարիչ Դավիթ Կարեյանը: Երեկ Նորարար Փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայացավ նկարչի «Կենաց տոն՝ Դավիթ Կարեյանի» արվեստի հետահայաց ցուցահանդեսը: Դ. Կարեյանը 2011 թ. հունվարի 3-ին Երեւանում տեղի ունեցած դաժան վթարի` հարբած վարորդի զոհ դարձավ: Ընդհատվեց նրա կյանքը, սակայն ոչ ստեղծագործություններն ու գաղափարները: Ցուցահանդեսի համադրողը` նկարչուհի Դիանա Հակոբյանը (Դավիթ Կարեյանի կինը), մեզ հետ զրույցում ամուսնու մասին պատմում էր՝ փորձելով զսպել հուզմունքը: «Ավելի շուտ կխոսեմ` որպես համադրող, քան` որպես կին: Լինելով համադրող` քիչ թե շատ ծանոթ եմ նրա աշխատանքներին: Դավիթն իր կյանքում 3 ստեղծագործական շրջան է ունեցել: Ստեղծագործել սկսել է 1993 թվականից, մինչ 2011-ի սկիզբը: Մինչ այդ պատահարըգ»,- ասաց Դիանան եւ մի պահ լռեց: Այդ պահին կրկին նրան մոտեցան՝ շնորհավորելու՝ ցուցահանդեսի կապակցությամբ: Դավիթի ընկերների եւ նրա արվեստի երկրպագուների հոսքն անվերջ էր թվում:

«Նկարչուհի Սոնիա Պալասանյանի (Սոնիա եւ Էդուարդ Պալասանյանները ՆՓԱԿ-ի հիմնադիրներն են, ում շնորհիվ իրագործվեց նաեւ այս ցուցահանդեսը.-Ք.Մ.) հետ մենք փորձեցինք այս ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնել Դավիթի ստեղծագործական կյանքի 3 շրջանները: 1-ին շրջանում Դավիթը նայում էր արվեստին` որպես տեքստերի միջոցով արտահայտվելու միջոց: Կարծում եմ` նմանատիպ մոտեցումն արվեստին գալիս էր նրանից, որ Դավիթը պոետի որդի էր: Դավիթը տեքստը ցուցադրելով` իմաստ չէր դնում դրա մեջ: Հետագայում սկսեց ստեղծել վիդեոներ, որոնք քաղաքական, սոցիալական բնույթ էին կրում: Ինչ-որ առումով դա նրա պայքարի ձեւն էր, իրականության դեմ իր բողոքը հայտնելու ձեւ էր: Այդ վիդեոների վերնագրերն ինքնին բավական խոսուն էին: Օրինակ՝ «Մեռած դեմոկրատիա», «Գաղափարախոսության քաղցր ռեպրեսիաները»: Այդ ոճի մեջ ստեղծագործում էր մինչեւ 2003 թվականի վերջ: Հետագայում նա սկսեց նկարել»: Մեր հարցին, թե ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Դավիթն անցում կատարեց դեպի նկարչություն, Դիանան պատասխանեց. «Նա հասկացավ, որ քննադատելով` չես կարող հետագայում անել այն, ինչ ուզում ես: Նա որոշեց, որ հերիք է քննադատելը, փոխարենն` ավելի լավ է անել հաստատուն ինչ-որ բան: Եվ դա նկարչությունն էր»:

 

Անդրադառնալով նկարներին` Դիանան նշեց, որ դրանք մեծամասամբ կապված են նոր էսթետիկայի, նոր տեխնոլոգիաների, նոր դինամիկայի հետ: Սակայն այս նկարներում ոչ միայն այն է, ինչ կատարվում է մեր կողքին, մեր երկրում, մեզ հետ, այլ սրանք ավելի ինտերնացիոնալ բնույթ են կրում: «Դավիթն ակտիվիստ էր: Նա իր ետեւից էր տանում մարդկանց՝ իր գաղափարներով, նորարարությամբ: Նկարները ոճային առումով «հիբրիդային» են: Կարող ես եւ սյուրռեալիզմ, եւ աբստրակցիոնիզմ, եւ փոփ-արտ տեսնել՝ նայելով նրա նկարներին»,- Դավիթի նկարների մասին ասաց Դիանան:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Սոնիա Պալասանյանն իր հերթին Դավթի գործունեության մասին ավելացրեց. «Իր կարճատեւ կյանքում Դավիթը ստեղծեց հզոր գեղանկարներ, վիդեոարվեստ, կատարողական արվեստ: Կարեյանի վիդեոները մոնումենտալ են: Այդպիսին է նրա պարող երիտասարդ տղամարդու մարմինը պատկերող հրաշալի վիդեոն, որը միտված է ներկայացնելու պատերազմի բարդ ու դառն իրականությունը: Նրա «Չկա վերադարձ» բազմաբնույթ նախագիծը 2005թ.-ին միայնակ ներկայացնում էր Հայաստանը Վենետիկի 51-րդ Բիենալեում: Դավիթը 10 տարի ղեկավարեց ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժինը՝ հայկական ժամանակակից արվեստում նոր տաղանդներ հայտնաբերելով»: