Դանդուռ
Բույսի portula-դանդուռ անվանումը կապված է պտղի կառուցվածքի հետ, որն ունի լայնակի ճեղք։ Հայերենում դանդուռը բաղկացած է «դան»` հատիկ եւ «դուռ» բառերից։ Հետաքրքիր է, որ որոշ մասնագետներ, portulaca անվանումից բացի, օգտագործում են նաեւ Dandur գիտական անվանումը։
Portulaca, Dandur-բույս, որը հնագույն ժամանակներից կիրառվել է սննդի մեջ Հնդկաստանի արեւմտյան մասում, Այսրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում։
Որպես մոլախոտ` դանդուռ բանջարանոցայինը (Portulaca oleracea) հանդիպում է Հարավ-Արեւելյան Ասիայում, Կենտրոնական Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի տաք շրջաններում եւ Հարավային Ամերիկայում։ Այն մշակում են հատկապես Միջերկրականի Արեւելյան եւ Հյուսիսային մերձափնյա տարածքներում։ Միջնադարյան Անգլիայում Ելիզավետա Ա թագուհու օրոք` դանդուռը մեծ տարածում է ունեցել, պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ դանդուռից պատրաստել են թթու եւ մարինադ։ Բույսի տերեւներն օգտագործել են ինչպես սպանախը կամ թելուկը։ Ֆրանսիացիները դանդուռից պատրաստել են համեղ, վիտամիններով հարուստ աղցան։ Մերձավոր Արեւելքում թարմ եւ չորացրած դանդուռով համեմված աղցաններն այնքան տարածված են, որ ստացել են հատուկ «ֆատտուշ» անունը։ Դանդուռը ավելացնում են նաեւ բանջարեղենային ապուրի, մայոնեզի, ձկով եւ մսով պատրաստված ուտեստների մեջ։ Ջերմային մշակման ժամանակ բույսի մեջ պարունակվող վիտամինները քայքայվում են։ Դանդուռ բանջարանոցայինն ունի երկու ենթատեսակ` «sylvectris»-ը Հարավ-Արեւելյան Ասիայից է, տարբերվում է գետնատարած ցողունով, Sativa-ն մշակվում է, ցողունն ուղղաձիգ է, բույսն ավելի խոշոր է։
Հայտնի են դանդուռազգիների ընտանիքին պատկանող Portulaca drandiflora եւ lewisia brachycalyx տեսակները։ Դանդուռ խոշորածաղիկի (P.g.) հայրենիքը Հարավային Ամերիկան է, որտեղ այն բնական պայմաններում աճող բազմամյա բույս է։ Հայաստանում եւ այլ երկրներում մշակվում է որպես դեկորատիվ միամյա բույս, օգտագործվում է պարտեզներում, գորգային ծաղկաթմբերում, ծաղկամարգերում։ Բույսի սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր ծաղիկները լիաթերթիկ կամ կիսալիաթերթիկ են։ Ծաղկման շրջանը շատ երկար է` հունիսից մինչեւ սառնամանիքները։ Դիմանում է երաշտին։ Ծաղիկները փակվում են ամպամած եղանակին։
Դանդուռի վերգետնյա մասը պարունակում է ճարպայուղ, ալկալոիդներ, սապոնին, նորադրենալին, օրգանական թթուներ, եթերային յուղ, ասկորբինաթթու (մինչեւ 300 մգ` 100 գրամի մեջ), կարոտին, վիտամիններ` B1, B2, E, նիկոտինաթթու, սպիտակուց, կարմիր ներկանյութ, լորձ, խեժ, կալցիում, մագնիում, կալիում, մարգանեց եւ այլն։ Ա. Ամասիացին գրում է. «Եթե դանդուռի եփուկով լվանան մազերը, կվերանա թեփը։ Սերմերի եփուկն օգնում է սրտխփոցների դեպքում։ Դանդաղեցնում է լուծը։ Օգնում է միզածորանի եւ աղիների բորբոքումների դեպքում։ Սերմերը վերացնում են բերանի ցանը։ Թարմ հյութը ճիճվաթափ հատկություն ունի եւ հագեցնում է ծարավը։ Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքի համար։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է մարոլը»։
Հնուց նկատել են, որ դանդուռի սերմը ունի օրգանիզմը մաքրող հատկություն, ժամանակակից գիտությունը պարզել է, որ դրա պատճառը որոշ բույսերում պարունակվող «լինգան» կոչվող միացություններն են, որոնք չեզոքացնում են ռադիոնուկլիդների ազդեցությունը։ Հրեաները համարել են, որ «դանդուռը պետք է ուտել միայն սովի դեպքում»։
Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ բույսի ջրային պատրաստուկների ներերակային ներարկումը արագացնում է սրտի աշխատանքը, նեղացնում արյունատար անոթները եւ բարձրացնում ճնշումը։
Դեղատոմսեր
Դանդուռի հյութը պատրաստեք բույսի վերգետնյա մասից, խմեք թարմ վիճակում, մեկական ճ/գ օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հյութը օգտակար է երիկամների բորբոքման, ցիստիտի, սեռական հիվանդությունների հետեւանքով առաջացած հոդատապի, դիզենտերիայի, օձերի, միջատների խայթոցի դեպքում։
Խոցային կոլիտի դեպքում. Դանդուռի չոր խոտի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 10 րոպե, թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ։ Տղամարդկային անկարողության դեպքում` 1 ճ/գ չոր խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում. Պատրաստեք նույն ձեւով` 1-2 ճ/գ խոտի կամ 1-2 գրամ սերմի եփուկները։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Երիկամների հիվանդությունների դեպքում. Երիկամների սուր եւ քրոնիկ հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով առաջանում են այտուցներ, ցավոտ միզարձակում եւ միզաքարային հիվանդություն – 1 ճ/գ թարմ խոտը 200 մլ եռջրով 8-10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ։ Թուրմը կարգավորում է երիկամների եւ լյարդի աշխատանքը։
Հակաբորբոքային, միզամուղ միջոց. Թարմ խոտի 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, խմեք երկուական ճ/գ օրը 3-4 անգամ։
Արթրիտի դեպքում. Թարմ խոտի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ սառը ջուր, դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի եւ եփեք 10 րոպե։ Թրմեք 2 ժամ տաք տեղում, քամեք։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3-4 անգամ։
Մաստիտի, ֆուրունկուլյոզի դեպքում. Եփեք դանդուռի խոտը, թրմեք 5-10 րոպե, քամեք, հումքը տեղադրեք թանզիֆից անձեռոցիկի մեջ եւ դրեք ցավոտ հատվածին։
Մեղվի խայթոցի դեպքում. Ծամեք դանդուռի թարմ տերեւները եւ դրեք այտուցին։
Գորտնուկների դեպքում. Որոշ դեպքերում դանդուռի հյութը վերացնում է գորտնուկները։
Յուղամզվածք
100 մլ երեսնակ բժշկ. յուղը (Agrimonia eupatoria) տաքացրեք մինչեւ 40 աստիճան, ավելացրեք 5 գրամ փոշիացրած դանդուռի սերմ, 1 ժամ պահեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 6 ժամ հով տեղում։ Քամեք, պահեք ապակե շշի մեջ։ Օգտագործեք պսորիազի դեպքում։