Առաջարկ եւ խնդրանք

01/09/2011

ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույց է վարել ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որտեղ անդրադարձ է եղել նաեւ ԼՂՀ նախագահի պաշտոնից հրաժարվելուն եւ ՀՀ վարչապետ նշանակվելու հայտնի պատմությանը: Պատասխանելով հարցին, Ռ. Քոչարյանն ասել է, թե իր համար նման որոշում կայացնելը դժվար է եղել: «Ամենից մեծ խնդիրը ընտանիքի համար էր, ընդհանրապես, գիտեք, ամբողջ ընտանիքը ուղղակի չէր կարողանում հարմարվել այդ մտքի հետ»,- ասել է նա: Նրա խոսքով` իր` ԼՂՀ նախագահ ընտրվելուց մի քանի ամիս հետո «եղավ այդ առաջարկը եւ խնդրանքը»: «Հայաստանում բավական ծանր էր այն ժամանակ իրավիճակը: Եվ տնտեսական, եւ ներքաղաքական: Եվ հասկանալի էր, որ միայն Ղարաբաղը, առանց թիկունքում ուժեղ Հայաստան ունենալու, լրջագույն դժվարություններ կունենա: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնվեմ գալ Հայաստան: Պետք է նաեւ ընդունենք, որ, իհարկե, այդ փաստարկները լուրջ են: Եվ համաձայնվեցի, իսկ հետո ամեն ինչ զարգացավ այնպես, ինչպես բոլորդ գիտեք: Դժվար էր, անկասկած»,- ասել է Ռ. Քոչարյանը: