Եվս 7-ը կձերբակալվեն

01/09/2011

Օգոստոսի 27-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում, ըստ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանի` ձերբակալվել է մեկ զինվոր եւ մեկ սպա: Մեր տեղեկություններով` արդեն իսկ ձերբակալվել է 25-ամյա բուժակ Նվեր Միրզաբեկյանը` նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար: Հիշեցնենք, որ 18-ամյա Աղասիի հարազատներին ասել էին, թե տղան կորցրել է գիտակցությունը, վայր է ընկել մահճակալից եւ գլխի ուժգին հարվածի պատճառով մահացել է: Ձերբակալվել են նաեւ սպաներ Սուրեն Թադեւոսյանը եւ Արսեն Աֆյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ` մինչեւ երեկ երեկոյան Ա. Աբրահամյանի սպանության գործով սպասվում էր եւս 7 հոգու ձերբակալություն: Դեպքից հետո ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես հաստատել էին, որ Ա. Աբրահամյանի հանդեպ բռնություն է կիրառվել: Որքան էլ զարմանալի է, բայց մինչ այս որեւէ մեկնաբանություն կամ բացատրություն չի տվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով անձամբ պատասխանատու է պաշտպանական բանակի զորակազմի համար: Սակայն հիշելով անձամբ Յու. Խաչատուրովի հովանավորությամբ հրամանատարական կազմի կողմից 2010թ. կատարված դրամահավաքության, զինվորների նվաստացումների, բանկերից վարկեր վերցնել պարտադրելու դեպքերը, պետք է եզրակացնել, որ նա չի կարող հրապարակավ դատապարտել մի բան, որի հովանավորներից մեկն էլ ինքն է: