Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հաղթանակ համայնքում Ս. Սարգսյանը ներկա է գտնվել «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման արարողությանը, ծանոթացել կատարված աշխատանքներին: Պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների 2400 ջրօգտագործողներին պատկանող 1900 հա հողատարածք: Այն վերակառուցվել է ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ֆինանսավորմամբ` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (ՀՄՀ)-Հայաստան» ծրագրի շրջանակում: Մարզի մեկ այլ` Ոսկեվան համայնքում Ս. Սարգսյանը ներկա է գտնվել Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս եւ Կոթի համայնքների ոռոգման համակարգի գործարկմանը: Այցի վերջում Ս. Սարգսյանը հանդիպել է Ոսկեվանի եւ հարեւան գյուղերի բնակիչների հետ: Նշելով, որ պետությունն ընտրել է գյուղացուն օժանդակելու քաղաքականություն, Ս. Սարգսյանն ընդգծել է գյուղական տարածքների նկատմամբ առավել ուշադրության անհրաժեշտությունը: