Սեպտեմբերի 1-ն ու ԴԱՀԿ պետը

01/09/2011

Տարբեր պաշտոնյաների եւ գործարարների հետ միասին նախընտրական այս շրջանում բարեգործական ակցիաներով ակտիվացել է նաեւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ այս օրերին նա Քանաքեռ-Զեյթուն համայնքում դպրոցական պարագաներ է բաժանում 1-ին դասարանցիներին: Այդ համայնքում է գործում նրա «Քեթրին» բարեգործական կազմակերպությունը, որի միջոցով ԴԱՀԿ պետը վերջին շրջանում համայնքի անապահով բնակիչներին իր ներկրած ապրանքներից էր բաժանում: Քանաքեռ-Զեյթունում կարծիք կա, որ ԴԱՀԿ պետն այդ բարեգործությունները պատահական չի անում, նա դրանով փորձում է իր քաղաքական կարիերայի համար հասարակական դրական կարծիք ապահովել: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բնականաբար, կառավարության կազմը կփոխվի, եւ Մ. Պողոսյանն իր համար նոր ճանապարհ է հարթում: Նա սերտ կապեր ունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի հետ, եւ միաժամանակ փորձում է այդ համայնքում դրական համբավ ձեռք բերել: Կարծիք կա, որ նա ցանկանում է Քանաքեռ-Զեյթունից պատգամավոր ընտրվել: Այժմ այդ տարածքի պատգամավորն է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը, ով մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե առաջիկա ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու: Ասում են, թե Մ. Պողոսյանը զուգահեռ մտածում է նաեւ այդ համայնքի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի մասին, որն այժմ զբաղեցնում է Արայիկ Քոթանջյանը: ԴԱՀԿ մամլո ծառայությունից երեկ հերքել են այս լուրերը եւ ասել, թե ԴԱՀԿ պետը կապ չունի այս բարեգործությունների հետ: Դա անում է «Քեթրին» կազմակերպությունը, որի հիմնադիրը եղել է Մ. Պողոսյանը: Նաեւ բացառել են, որ վերջինս քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունի:

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների` սրվել են ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ Մ. Պողոսյանի հարաբերությունները: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետը լարված հարաբերություններ ուներ նաեւ Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ եւ չէր ենթարկվում նրա կարգադրություններին: Հիշեցնենք, որ Գ. Դանիելյանը պաշտոնանկ արվեց հենց Մ. Պողոսյանի պատճառով: Ասում են, որ այսօր Մ.Պողոսյանն ինքնուրույնություն է դրսեւորում նաեւ Հ. Թովմասյանի հետ փոխհարաբերություններում: