«Ղարաբաղը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է»

01/09/2011

Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք մասնավորապես վերաբերում են ԼՂՀ անկախությանը:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես` ԼՂՀ-ն բանակցային կողմ դառնալու, անկախության ճանաչման հեռանկարի մասին, Ռ. Քոչարյանն ասել է. «Ես չեմ ընդունում այն կարծիքը, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին: Այդպես չէ: Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին: Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածում` դա նախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, եւ Մինսկի խմբի համանախագահողների հետ Ղարաբաղը լիարժեք բանակցությունների մասնակցում է եւ բանակցային գործընթացի մասնակից է: Եվ, իհարկե, պետք է խոսենք Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին: Նախագահների բանակցային գործընթացում Ղարաբաղի շահերը ներկայացնում է ՀՀ նախագահը: Օրինակ, իմ ժամանակ, բոլոր հարցերն ուղղակի մանրակրկիտ քննարկում էի եւ համաձայնեցնում էի այն ժամանակվա գործող նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Ըստ էության, նու, կարելի է ասել, ինչ-որ չափով ստիպված, պատվիրակված խնդիր էր: Բայց սա է իրավիճակը: Կասկած չունեմ, որ Ղարաբաղը լիարժեք մասնակցելու է բանակցություններին: Թե ինչքան երկար դա կտեւի, դժվար է հիմա դա գուշակել: Գիտեք, մի պահ եղել ենք բավական մոտիկ: Մի բան ակնհայտ է, որ նորագույն պատմության մեջ նման կարգի լուծված հարցերը բոլորը լուծվել են ի օգուտ ինքնորոշվող ժողովրդի: Անխտիր բոլորը»: Այս առումով, ըստ Ռ. Քոչարյանի` ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին: «Բայց պետք չէ մտածել, որ Ղարաբաղը ճանաչվելուց հետո կյանքը կտրուկ է փոխվելու: Գիտեք, պետք է ապրել այնպես, համարելով, որ դա վաղուց եղած է: Մեր անկախության ճանաչման համար ինչ-որ մեկի կնիքի կարիքը մենք չունենք: Փաստը կատարվել է, պետք է ապրել լիարժեք, աշխատել, ամրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ այդ ամենը կգա, մեր հերթն էլ կգա»,- ասել է նա:

Պատասխանելով անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կորուստների եւ ձեռքբերումների մասին հարցին, Ռ. Քոչարյանը նշել է. «Դուք դրվագների մասին եք հարցնում: Ընդհանրապես չեմ ուզում դրվագներից խոսել: Շատ էին: Ժամանակահատվածը չափազանց մեծ է: Հետո դրվագներից խոսելը նշանակում է` հուշերով գնալ դեպի անցյալ, եւ վտանգ կա, որ կմնաս անցյալում: Ճիշտ է, որ այն տարիքում չենք, որ հուշերով ապրենք: Երեւի թողնենք ուրիշներին գնահատել մեր աշխատանքը, եւ կատարածը, եւ չկատարածը»: Ինչ վերաբերում է ՀՀ-ի ու ԼՂ-ի ապագայի իր պատկերացմանը, ապա նա ասել է, որ 20 տարին մեծ ժամանակահատված է, եւ կան երկրներ, որ այդ ժամանակահատվածում անճանաչելի փոխվում են լավ իմաստով, եւ կան երկրներ, որոնք այդպես փոխվում են վատ իմաստով: Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մենք կաշխատենք. «Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այդպես ասել, որ փայլուն ապագա ենք ունենալու… Չեմ ասի»: Նաեւ հավելել է, թե բարեկեցիկ կյանքը ձեռք է բերվում, նվաճվում է, վաստակվում է ամենօրյա աշխատանքով, համարձակ, մասշտաբային լուծումներով: «Նաեւ անկախությունը, երբ մենք ասում ենք` ե՞րբ կճանաչվի կամ չի ճանաչվի. անկախությունը նվաճվում է, անկախությունը չի նվիրաբերվում»: Լրագրողները Ռ. Քոչարյանից հետաքրքրվել են նաեւ նրա իդեալների մասին, սակայն Ռ. Քոչարյանն ասել է, թե առաջին տարիներին թե ժամանակ, թե տրամադրություն չկար մտածելու դրա մասին, քանի որ կային հողերը պաշտպանելու եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու խնդիրներ: «Հետո արդեն, տարիներ անց, երբ փորձ էինք հավաքում, երբ միջազգային շփումներում, այսպես ասենք` ավելի լավ էինք պատկերացնում նաեւ պետական շինարարության զարգացումները, սկսում էինք ավելի լավ պատկերացնել, թե ինչ կարգի պետություն պետք է կառուցվի, եւ որն է այն պետությունը, որը եւ բարեկեցիկ կյանք կապահովի մեր ժողովրդին, եւ մեր ազգային արժեքային համակարգը հնարավորություն կտա պահպանել, եւ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու մեր հնարավորությունները չի թուլացնելու: Այս երեք հանգամանքը չափազանց կարեւոր, իրար հետ բալանսի բերելու խնդիր կար: Եվ այդ խնդիրը այսօր շարունակում է դեռ մնալ: Դրա համար, այդ բառը, իդեալական բառն այստեղ երեւի մի քիչ տեղին չէ: Շատ պրագմատիկ մոտեցում է պետք, որով մենք կկարողանանք այսօրվա իրավիճակում զարգացման լավագույն մոդելը գտնել Հայաստանի եւ Ղարաբաղի համար, որը հնարավորություն կտա եւ դիմակայել ներկա մարտահրավերներին, եւ ինտեգրվել միջազգային հանրության մեջ, եւ ինտեգրվելով` մեր ազգային արժեքները ուղղակի պահպանենք: Որովհետեւ այս ամենում մեր կորուստներ ունենալու վտանգը եւս կա, հատկապես գլոբալացվող այս աշխարհում»: