Փնտրել եւ գտնել Պեչորինին

01/09/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մեր ժամանակի հերոսի փնտրտուքը, թվում էր, այնքան էլ հրատապ չէ: Որովհետեւ ժամանակի կորուստ է փնտրել մի բան, ինչ չկա: Սակայն, պարզվում է, սա մոլորված մեկի կարծիքն է. հերոսին շարունակում են փնտրել մինչ օրս:

Մեր ժամանակի հերոսի թեմայով մտահոգությունը հանգիստ չի տալիս անգամ երկրի ղեկավարին: Տակավին վերջերս, 2011թ. օգոստոսի 28-ին, «Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացման եւ ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» վերտառությամբ սեմինարի ընթացքում, Ծաղկաձորում, Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ նկատեց. «Երբեք իշխանությունները չեն փորձել ճիշտ մարդու, կոպիտ ասած` հերոսի կերպար ձեւավորեն, որպեսզի մնացածները, երեխաները կարողանան ընդօրինակել, որպեսզի դառնա հարգանքի առարկա: Յուրաքանչյուր իշխանության համար դա պետք է պարտադիր պայման լինի: Այո՛, չենք արել»: Մտահոգության անկեղծությունն ակնհայտորեն մի հաճելի, մտերմիկ մթնոլորտ էր ձեւավորել նախագահի եւ գիտնականների միջեւ, երբ հանկարծ լսվում է երիտասարդ գիտնականներից մեկի թույլ ձայնը. «Հերոսի կերպարը ո՞վ պետք է լինի, ո՞ւմ պետք է հետեւի Հայաստանի երիտասարդությունը: Մանվելնե՞րը…»:

Հիմա, երբ աշխարհը ինտելեկտուալ մրցման մեջ է, երիտասարդ գիտնականները մեր ժամանակի հերոսի մասին զրույցում բոլոր հիմքերն ունեին ակնկալելու, թե նախագահը կտա, դիցուք, Պերելմանի անունը: Սակայն գիտնականը, հատկապես եթե երիտասարդ է, հաճախ կարող է սխալվել, ինչպես ա՛յս դեպքում:

«Շատ ներողություն,- սթափեցնող ձայնով խոսեց նախագահը,- սխալ արտահայտություն մի՛ արեք: Դուք Մանվելին ճանաչո՞ւմ եք»: (Փոքրիկ ներբող` գեներալ Մանվելի անձնազոհությանը.- Լ.Ա.): Նախագահը վստահ էր, որ այս երիտասարդները գեներալին չէին ճանաչում կամ, լավագույն դեպքում, գիտեին դեղին մամուլից: Չէին ճանաչում անգամ նրա որդուն (գիտնականի համար աններելի չիմացություն). «Մենք այսօր ունենք Մանվելի տղա, որը Էջմիածնի քաղաքապետն է: (…) Արդեն տեւական ժամանակ է` Էջմիածնի քաղաքապետն ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքապետերից մեկն է»: Սա երկրի նախագահի կարծիքն է, որը կարելի է չընդունել եւ չհասկանալ: Ինչը եւ անում ենք: Սակայն ակնհայտ է` երկրի առաջին դեմքի համար հերոսի փնտրտուքն արդեն խնդիր չէ, եւ այդ մասին մտահոգություն հայտնելն էլ, այն էլ` երիտասարդ գիտնականների ներկայությամբ, այնքան էլ անկեղծ չէ:

Սակայն մեր ժամանակի հերոսը կա: Իշխանությունները կերտել են այդ հերոսին: Նա իրո՛ք հերոս է ռազմի դաշտում, սակայն քաղաքացիական կյանքում հրացանավոր մարդը դադարում է հերոս լինել: Երիտասարդ գիտնականների համար դա անհասկանալի՞ է, եւ այդ մասին նրանք բարձրաձայն ասո՞ւմ են: Իրե՛նց խնդիրն է: Գիտե՞ք ինչ, «ընկել են ինչ-որ ծայրահեղությունների մեջ» («Ընդհանրապես ամեն ինչի ծայրահեղությունը շատ վատ բան է։ Բա որ բոլորս գիտնական լինենք…».- Սերժ Սարգսյան), ուզում են բոլորը գիտնական դառնալ: Իսկ այդ դեպքում ո՞վ պետք է կատարի այն անշնորհակալ գործը, որն է՛ Էջմիածնի քաղաքապետի աշխատանքը:

Իշխանություններն ամեն ինչ անում են գեներալ Մանվելին իրենց թիմում ունենալու համար (պայմանականորեն ենք տալիս գեներալի անունը: Նրա փոխարեն կարող են լինել օլիգարխների, նրանց թիկնազորի անդամների, ընտրակեղծիքների մեջ ներգրավված հազարավոր մարդկանց անունները): Այսպիսի մարդկանց միջոցով է աշխատում ընտրակեղծիքների ոչ այնքան պատվաբեր մեքենան` ընտրություններին ապահովելով իշխանությունների համար ցանկալի արդյունքը:

Բայց խնդիրն այն է, որ գեներալին իր համակիրների շարքում տեսնելուն ամենեւին դեմ չէ նաեւ ընդդիմությունը: Ընդդիմության համար եւս գեներալ Մանվելը մեր ժամանակների հերոսն է. նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից առաջարկում էր ունիսոն ձայնակցել իրեն. «Մաաաան-վեեել, Մաաաան-վեեել»: Այն, որ գեներալը միամտություն կամ անկեղծություն էր ունեցել իր համակրանքն արտահայտել ընդդիմության հանդեպ, արդեն սրբանալու ինդուլգենցիա էր: Փոխարենն` իշխանություններն այդ ընթացքում անմիջապես մոռացան գեներալ Մանվելի հերոսությունները ռազմի դաշտում եւ պատրաստ էին նրա հետ չափազա՛նց խիստ վարվել:

Ստացվում է, որ մեր ժամանակների հերոսի փնտրտուքն իշխանության եւ ընդդիմության մակարդակով լուծված է: Կա՛ հերոս: Եվ նրա անունը երկուստեք արտասանվում է հատուկ շեշտով: Միայն «դեղին մտքեր ունեցողը» եւ դեղին մամուլ կարդացողը կարող է կասկածել, որ այս մարդիկ այսօր հերոսներ չեն: Կամ գոնե իրե՛նց վեպի հերոսները չեն:

Մեր օրերում հերոս է նա, ում ֆիզիկական ուժն ու ֆինանսական հնարավորություններն ուղղված են իշխանություններին սպասարկելու: Արցախյան պատերազմում գեներալ(ներ)ի հերոսությունը թեեւ գնահատելի է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն ինքնարժեքից թանկ է վաճառվում: Մեր աչքի առաջ է Արցախյան պատերազմի մեկ այլ հերոսը` Ժիրայր Սէֆիլյանը: Սէֆիլյանը հերոս է, նա, ինչպես եւ մյուս գեներալները, իր կյանքը չի խնայել պատերազմի դաշտում, սակայն պատերազմից հետո ձեռք չի բերել մեծ կարողություն: Սակայն նրա անունը` որպես հերոսի, այսօր չեն տալիս ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ներկայացուցիչները: Նա հավասարապես հերոս չէ կողմերից եւ ոչ մեկի համար: Նա անգամ ՀՀ քաղաքացի էլ չէ:

Շատ հարաբերական է ժամանակի հերոսի փնտրտուքը: Կա մի հրաշալի ֆիլմ, որ հենց այդպես էլ կոչվում էր` «Հերոսը»: Գլխավոր դերում Դաստին Հոֆմանն է: Գրպանահատ Բերնի Լապլանտեն կարող է դառնալ իսկական հերոս, եթե ճիշտ ժամանակին հայտնվի ճիշտ տեղում: Ասենք` վթարված ինքնաթիռի մոտ, եւ փրկի ուղեւորներին: Բոլորը փնտրում են` ո՞վ է այդ հերոսը, սուպերմեն է: Եվ որեւէ մեկի մտքով չի անցնում, որ հերոսն իրենց կողքին է: Հնարավոր է, օրինակ, Էջմիածնի քաղաքապետարանում: Չի բացառվում` հենց քաղաքապետի աշխատասենյակում: