Մաքսիմ-Լիսկա հակամարտությունը շարունակվում է

01/09/2011

Մաքսիմ եւ Մեժլում Հակոբյանները հրաժարվել են իրենց կողմից վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցուն օժանդակելուց: Հուլիսի 30-ին տեղի էր ունեցել Քաջարանի Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը, որը վերակառուցել էին Մաքսիմ եւ Մեժլում Հակոբյանները: Վերակառուցողները, սակայն, ներկա չէին գտնվել օծման արարողությանը: Հավանաբար պատճառն այն էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հակասության մեջ է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

Հակամարտությունը, սակայն, սրանով չի ավարտվել: Եկեղեցին վերանորոգողները զլացան իրենց «համեստ» կարողությունից գոնե եկեղեցական սպասք ձեռք բերել Սուրբ Աստվածածին եկեղեցու համար, որտեղ ժամանակին իրենց պապերն են եղել հոգեւորական: Մենք այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ այնտեղ հանդիպեցինք եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ահարոնին: Մեր հարցադրմանը, թե ինչո՞ւ եկեղեցական սպասք չկա, Տեր Հայրը պատասխանեց. «Շատ շուտով ամեն ինչ կլինի. ես դիմել եմ Հայաստանում եւ սփյուռքում բնակվող իմ ընկերներին, որոնք հանձն են առել լծվել այս օրհնաբեր գործին: Արդեն պատվիրված են եկեղեցու վարագույրը, սուրբ սեղանի ծածկոցները, խորդանոցի ծածկոցները, մնացածը ընթացքի մեջ է»:

Հարցին, թե` Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, մասնավորապես` Մաքսիմ Հակոբյանը, չի՞ օժանդակում, Տեր Հայրը պատասխանեց. «Դիմել եմ, բայց մերժում եմ ստացել, անգամ ծրագիր ունեմ առաջիկա 9 ամիսների ընթացքում դպրոցի մոտ 900 աշակերտների եւ ուսուցիչների մկրտելու, երրորդ օրը նրանց տուն գնալու, մյուռոնից հանելու եւ տնօրհնեքի կարգ կատարելու, եւ բարերարի անունից մեկ հատ Աստվածաշունչ նվիրելու, սա նաեւ բարերարի պատիվն է: Ուր որ քահանայի ոտքը դիպչի, այնտեղ աղանդավորը երբեք մուտք չի գործի. ինչ-որ չափով նաեւ մեր մեղքն է, որ այսքան աղանդավոր կա: Մաքսիմ Հակոբյանը ձեռքերը լվացել է, մնում է Սյունիքի մարզպետին դիմեմ, ճար չկա, ի՞նչ անեմ, համայնքային կյանք պիտի ստեղծե՞մ, թե՞ ոչ: Աղանդը սկսել է մարդ ուտել, իսկ մենք ափսոսում ենք մեր ազգի հոգեւոր դաստիարակության համար մի բարի գործ կատարել: Քահանան Աստծո ծառան է եւ Եկեղեցու սպասավորը, եւ ամենեւին էլ հաճելի չէ, կամա թե ակամա, ներքաշվել ինչ-որ ճղճիմ հարաբերությունների մեջ»: Մեր խոսակցության ընթացքում ակնհայտ էր, որ քահանան շատ նեղված էր:

Նմանատիպ դեպք արդեն եղել է Քաջարանում, երբ քաղաքապետ Վարդան Գեւորգյանը Քաջարանի թիվ 2-րդ մանկապարտեզը վերանորոգելու համար ստիպված է եղել դիմել ՄԱԿ-ի հայաստանյան դեսպանին, որի աջակցությամբ էլ նախակրթարանը վերանորոգվել է, որովհետեւ դարձյալ կոմբինատի տնօրենը ձեռքերը լվացել էր: Շատ ցավալի է, որ մեր տունը վերանորոգելու համար ստիպված ենք այսուայնկողմ ընկնել, մինչդեռ հնարավոր է, որ ինքներս անենք: Թե դեռ որքան կտեւի մարզպետ-Մաքսիմ հակամարտությունը, անհայտ է, բայց որ այս հակամարտության արդյունքում տուժում է ժողովուրդը, ակնհայտ է:

Գարիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ