Մեծ Շենը վերականգնվում է

01/09/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պատերազմի եւ խաղաղության սահմանն առավել շոշափելի է դառնում, երբ հայտնվում ես ԼՂ Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում, որտեղ տանող ճանապարհները նույնքան դժվարանցանելի են, որքան գյուղի մարդկանց ճակատագրերը: Այդ հողում ապրող մարդիկ իրենց կյանքի մասին չեն կարողանում խոսել առանց հուզմունքի, նայում են զրուցակցի աչքերին ու թրթռացող կոպերով հայացքները շրջում դեպի հայ-ադրբեջանական սահմանը: «Մատաղ ընիմ, լացս կյամ ա…Պատերազմը սաղ տոններս քանդալ ա, բայց դե մալադեց Կառլենին, որ գյուղը հիշում ա: Գյուդումըք ինչքան պեն ա ըրալ մըզ հետի՞»,- ասաց գյուղի 81-ամյա Արծվիկ տատը: Նա շտապում էր դեպի գյուղի դպրոց, որտեղ հավաքվել էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան Մարտիրոսյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ պետական բարձրաստիճան այրեր: Մեծշենցի ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բարերարությամբ գյուղում վերանորոգվել է գյուղի միջնակարգ դպրոցը, դպրոցի բակում լողավազան է կառուցվել, Սբ. Գեւորգ եկեղեցին է վերակառուցվել, Հայրենական պատերազմի եւ Արցախյան գոյամարտի զոհվածների հիշատակին նվիրված հուշարձաններ եւ երեք արձաններ են տեղադրվել, գյուղապետարանի շենքն է վերանորոգվել, մակարոնի եւ քարի վերամշակման արտադրամասեր են ստեղծվել` իտալական բարձրակարգ տեխնիկայով, որտեղ կաշխատեն գյուղացիները: Շուտով ավարտին կմոտենան նաեւ գյուղի մանկապարտեզի շինաշխատանքները:

Այնպիսի տպավորություն էր, որ պատերազմի վերքերը դեռեւս կրող գյուղի բնակիչների հոգսաշատ դեմքին առաջին անգամ էր տոնի բերկրանք երեւում: Սպիտակ վերնաշապիկներով երեխաները վերջին փուչիկներն էին ամրացնում դպրոցի ցանկապատին, մյուսները` շտապում էին նորակառույց եկեղեցու բակ, մեկ այլ խումբ` դեպի խաղահրապարակ: «Մեր գյուղը շատ դառնություններ է տեսել: Մի քանի անգամ ադրբեջանցիների ձեռքն ընկավ: Ամեն անգամ մտնելով գյուղ` ավերել են: 1992թ. ադրբեջանցիները եկան մնացին էստեղ 8 ամիս: Իսկ էս խառնաշփոթը, ոգեւորությունը, որ տեսնում եք էսօր, երեւի հազար տարի էր` նման ուրախություն գյուղացիները չէին ապրել: Մեծշենցի վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բարերարությամբ գյուղի դպրոցը վերանորոգվեց, կառուցեցին խաղահրապարակ, եկեղեցի, գյուղապետարանի շենքն են վերանորոգել, վերմիշելի ու քարի վերամշակման արտադրամաս են բացելու: Գյուղը ոտքի է կանգնել, այն էլ` մի մարդու շնորհիվ»,- ասաց գյուղի գյուղատնտես Սերգեյը` մեզ ուղեկցելով դեպի դպրոցի հին շենք:

1932թ. կառուցված դպրոցի շենքը, մեղմ ասած` պիտանի չէ անգամ կենդանիներին պահելու համար: «2003թ. Իրանի հայոց թեմի առաջնորդի կողմից կառուցվեց դպրոցի նոր շենքը, բայց լավ չէին կառուցել, եւ առաջին տարվանից հատակը սկսեց փտել, համարյա ավերակ էր դառնում, իսկ Կառլեն Եսայանի միջոցով դպրոցը վերականգնվեց»,- նշեց Մեծ շեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալերի Անանյանը: Դպրոցը, որ այսուհետ կրելու է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի անունը, այսօր ունի 40 աշակերտ: Դպրոցի բակում բացվեց նաեւ Կ. Եսայանի բրոնզե կիսանդրին:

Երեկ դպրոցի բակում տեղի ունեցած ողջ արարողության ընթացքում փնտրում էի մեծշենցիներին այդքան ուրախություն պարգեւած մարդուն. նա համեստ ու զուսպ իր ապրումներով պարզ ու համեստ կանգնած էր գյուղի բնակիչների կողքին: Չէի կարող պատկերացնել, որ մեր իրականության մեջ դեռեւս կան այդչափ համեստ ու իրենց կատարած գործերին ավելորդ հնչեղություն չհաղորդող անձինք: «Ընտանիքով որոշել էինք գյուղում եկեղեցի կառուցել` մի բան, որից գյուղացիները զրկված էին 70 եւ ավելի տարիներ: Նախկինում գյուղն ունեցել էր հինգ եկեղեցի, որոնք չեն պահպանվել: Նոր եկեղեցին կառուցեցինք հին եկեղեցու տեղում: Երբ եկեղեցի կառուցելու համար եկանք գյուղ, գյուղացիները մեզ խնդրեցին դա հետաձգել եւ կառուցել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը: Մենք կառուցեցինք եւ՛ Հայրենական պատերազմի, եւ՛ Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձանները»,- նշեց Կ. Եսայանը: Հուշարձաններ կառուցելու նախաձեռնությանը հաջորդեց դպրոցի բակում լողավազան կառուցելու նախագիծը: Լողավազանի կառուցմանը հաջորդեց գյուղի հացատան շենքում գյուղապետարանի շենք կառուցելու մտահղացումը: «Չի կարելի մոռանալ այն դպրոցը, որտեղ ես սովորել եմ եւ այսօր հասել եմ այսքան հաջողությունների: Եվ որոշեցինք վերանորոգել դպրոցը: Իսկ դպրոցը վերանորոգելուց հետո առաջ եկավ երեխաների համար խաղահրապարակ կառուցելու գաղափարը: Բացի դրանից, կառուցեցինք քարի եւ կաթի գործարանները, ինչի արդյունքում ստեղծվեցին աշխատատեղեր»,- նկատեց Կ. Եսայանը: Հարցին, թե ինչպե՞ս է զգում իր հարազատ դպրոցում, որն այսօր արդեն անվանակոչվել է իր անվամբ, Կ. Եսայանը պատասխանեց. «Անկեղծ ասած, շատ հուզված եմ: Ես հիվանդ էի, ծանր վիճակում էի, երբ ասացին, որ դպրոցն անվանակոչելու են իմ անվամբ։ Անկեղծ ասած, արտասվեցի, չէի սպասում եւ երբեք էլ չեմ սպասում, քանի որ երբեւէ որեւէ գործ չեմ արել, որպեսզի խոսեն իմ մասին: Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել եւ բարի գործ անել: Երբ տարիներ առաջ ինձ պարգեւատրեցին Նանսենի շքանշանով, ես այդ պահին տանն էի եւ բնավ տեղյակ չէի այդ մասին: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ»,- ավելացրեց բժիշկ Եսայանը: Գյուղի վերադարձի ճանապարհին ուղեկիցներիցս մեկը հանկարծ ասաց` «Երանի նրա նման մարդիկ շատ լինեն: Սահմանից ոչ հեռու վերականգնել մի գյուղ, որտեղ երկար տարիներ այլեւս չես ապրել, դա կարող է անել միայն այդ մարդու հավատքի ուժը»: Եվ այդ ուժին սպասում էին գյուղի 350 բնակիչները: ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց հայր եւ որդի Կառլեն եւ Արմեն Եսայաններին` հայրենի գյուղին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:

Վերջին 15-20 տարիների ընթացքում ՀՀ եւ ԼՂՀ բազմաթիվ գյուղերում եւ քաղաքներում բնակչության նվազում է արձանագրվել: Այսօր, սակայն, առավել քան կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ մտածի իր գյուղը, իր քաղաքը վերականգնելու մասին: Դրա համար շատ մեծ ներդրումներ պետք չեն, ցանկություն է պետք, սեր այդ տարածքի, բնակչի հանդեպ: Կարեւոր չէ` այդտե՞ղ ես ապրում, թե՞ այլ քաղաքում կամ երկրում: Պատկերացնո՞ւմ եք` որքան կարճ ժամանակում կվերականգնվեն ՀՀ եւ ԼՂՀ բազմաթիվ գյուղերը ու քաղաքները: Եվ տեղի բնակիչը` տեսնելով այդ ամենը` ապրելու նոր երազանքներ կունենա, այլեւս չի փախչի իր բնակավայրից: Այսօր սա մեզանում ամենակարեւորագույն խնդիրներից մեկն է. գյուղացին պետք է տեսնի, որ ոչ թե լքում են գյուղը, այլ վերակառուցում են, ամրացնում են այդ հողը: Իսկ Ղարաբաղում դա առավել քան կարեւոր է, քանի դեռ պատերազմի շունչը վերջնականապես չի անհետացել: