Չափի նոր միավոր

01/09/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Օլիգարխների թեման նորից մոդայիկ է դարձել: Ազդեցիկ մեծահարուստներին հիմա բոլորն են քննադատում: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Թե՛ իշխանամետ (պատասխանատու), թե՛ ոչ իշխանամետ (այսինքն ոչ այնքան պատասխանատու) մամուլը: Ընդդիմությունն իր գործն ավելի հստակ է անում: Հրապարակել է ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողների ունեցվածքի ցուցակը: Հիմա բոլորը քննարկում են. նման խոշոր սեփականատերերի առկայությունը խորհրդարանում սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: Իսկ նրանց մի մասին իրավամբ կարելի է օլիգարխ համարել: Իսկ իշխանամետ մամուլը օլիգարխներին բոլորովին այլ տեսանկյունից է քննադատում: Իշխանամետ մամուլում քննադատության ակցիայի հեղինակները փորձում են թաքցնել բուն նպատակը: Մինչդեռ այն կատարվում է բավական հայտնի մեթոդով: Մեթոդ, որ բոլորին հայտնի է մեր դասական գրականությունից: «Բարի ցարի» կերպար կերտելու գործընթացը նորույթ չէ: «Տեսեք-տեսեք, Նախագահն ուզում է շտկել իրավիճակը, բայց սրիկա օլիգարխները չեն թողնում»,- համոզում է ոչ այնքան պատասխանատու մամուլը: Այն, որ այս քարոզչությունը արդյունք չի ունենալու` պարզ է հենց սկզբից: Պատճառները մի քանիսն են: Նախ` ոչ այնքան պատասխանատու, սակայն բնույթով իշխանամետ մամուլը հասարակական վստահության բավարար պաշար երբեք չի ունեցել: Ավելին` բոլորը գիտեն, որ նույնիսկ ամենաքաջ ու ամենահզոր օլիգարխն անգամ երազում չի մրցակցի պետության հետ: «Պետությունը ամենասառը ճիվաղներից ամենասառն է»,- վստահեցնում էր Նիցշեն: Պետական ապարատը առանց խղճի խայթի տրորելով կանցնի իր բոլոր հակառակորդների վրայով: Օրինակը մի փոքր հետո կքննարկենք: (Հետաքրքիր է, ովքե՞ր են այս ակցիայի հեղինակները: Մի՞թե չեն հասկանում, որ սրանով հեղինակազրկում են ՀՀ նախագահին: Իր երկրում որեւէ մեկից թույլ նախագահին ո՞ր ժողովուրդն է հարգում): «Օլիգարխ» տերմինը բառացի թարգմանվում է` քչերի իշխանություն: Քիչ թվով մարդիկ, ովքեր մոնոպոլացնում են տնտեսությունը ու թելադրում իրենց կամքը: Հետեւաբար` հետաքրքիր է դիտարկելը, թե ովքե՞ր են այդ քչերը, ում հաջողվում է պետությունը կառավարել անձնական շահը հասարակականից բարձր դասելով: Ամենեւին չարդարացնելով մեր օլիգարխների տնտեսական վարքը, կարող եմ պնդել, որ հասարակական իմաստով ամենամեծ չարիքը նրանք չեն: Որովհետեւ մեր պետական բարձրագույն պաշտոններում վարձու աշխատուժ համարյա չկա: Բոլոր բարձրաստիճան պաշտոնատարները խոշոր սեփականատերեր են: Օրինակ, առողջապահության ոլորտում ոչ մի օլիգարխ չի կարող մոնոպոլ դիրքեր գրավել ու թելադրել իր կամքը: Շատ պարզ պատճառով` այդ ոլորտի պետական գլխավոր կառավարիչը նույն ոլորտի խոշոր սեփականատեր է: Դիտարկեք կառավարության կազմը եւ ինքներդ կհամոզվեք, որ սա եզակի օրինակ չէ: Գործադիր իշխանության մեջ բարձր պաշտոն զբաղեցնող խոշոր սեփականատերերը ոչ մի օլիգարխի թույլ չեն տա նվազեցնել իրենց եկամուտները: Նրանց հետ ոչ հարուստ, ոչ էլ գերհարուստ գործարարները ոտք չեն մեկնի: Որովհետեւ նրանց ձեռքերում են պետական կառավարման բոլոր լծակները: Հենց նրանք են տնտեսական մրցակցության անհավասար պայմաններ ստեղծողներն ու «բոբո օլիգարխների» խաղաքարտը խաղարկողները: Գործադիր իշխանության ազդեցիկ մաս կազմող մեծահարուստներին ընդունված չէ քննադատել: Նույնիսկ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակները նրանց դեմ երբեք չեն խոսում: Մինչդեռ հենց նրանց ձեռքերում կամ գրպաններում են կենտրոնացած ֆինանսական ամենամեծ միջոցները: Խոսքը եւ՛ սեփական, եւ՛ պետական միջոցների մասին է: Նրանք պետբյուջեի միջոցները տնօրինում են սեփականի նման: Մեր հասարակությունը գանձագողությունը, կարծես, մեծ արատ չի համարում: «Մեղր ծախողը մատը կլիզի»,- հանդուրժելու կոչ անելով` ասում է ժողովրդական ասացվածքը: Հետեւաբար` մենք նաիվ-նաիվ ենթադրում էինք, որ մեր չինովնիկները յուրացնում են բյուջեի 10-15 տոկոսը: Մնացած 80-85 տոկոսն ուղղորդելով նախատեսված ոլորտ: Ենթադրում էինք, որ չինովնիկների երկրորդ-երրորդ էշելոնն էլ մի 5 տոկոսի չափով է իր մատը լիզում: Պետբյուջեի փողերի մնացած մասը անարդյունավետ կառավարման պատճառով մի քիչ էլ է փոշիանում, ու պըրծ: Մինչեւ վերջերս մենք չգիտեինք գործադիր իշխանությունում գործող գանձագողության իրական չափաբաժինները: Այն, որ պետական միջոցները արդյունավետ չեն տնօրինվում` պարզ տեսանելի էր: Նորակառույց ճանապարհներն արագ շարքից դուրս են գալիս: Մայթերի սալահատակները ձյան հետ հալվում են: Հիմա արդեն պարզ է, թե ինչու: Պետական մեքենան օրերս «խժռեց» իր մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաների: Խոսքը Ճանապարհային ոստիկանության ղեկավարության մասին է: Այս օրինակը ներկայացրեց գանձագողության կամ պետական միջոցների յուրացման հայրենական գործակիցը: Ըստ մյուս իրավապահ մարմինների` տեղի է ունեցել հետեւյալը. հարազատ պետությունը գնել ու 276 տոննա բենզին է տվել Ճանապարհային ոստիկանությանը: Ղեկավարները իրենց ստորաբաժանումներին հատկացրել են ընդամենը 43 տոկոսը, իսկ 57 տոկոսը գրպանել են: Վերջնականապես կործանվեց ընդամենը 10-15 տոկոսանոց ատկատի լեգենդը: Պետբյուջեի յուրացման չափի արդի միավորը ընդհանուր գումարի 57 տոկոսն է: Հիմա թվաբանություն իմացող ցանկացած քաղաքացի ինքը կարող է պետբյուջեի ցանկացած ծախսային տողից հաշվարկել, թե որքա՞ն միջոցներ են յուրացնում այդ տողի ղեկավարները: Միանգամից ասեմ, որ շատ չոգեւորվեք, նախարարների ու վարչապետի մասնաբաժինը հաշվարկելու համար թվաբանության տարրական գիտելիքները չեն բավարարի: Իսկ դուք ասում էիք, թե չարիքի աղբյուրը օլիգարխներն են: