Վերջին շրջանում Բաքվում շատացել է կին վարորդների թիվը

01/09/2011

Բաքվի Սաբայիլյան շրջանի ավտոդպրոցի ղեկավար Իբադ Ալլահվերդիեւի տվյալներով` 2009 թվականի համեմատ այսօր վարորդական դասընթացներ անցնողների մոտ 90 տոկոսը կանայք են: Սակայն, արհեստավարժության տեսանկյունից, կշեռքի նժարը նախկինի պես թեքվում է տղամարդկանց կողմը: 36-ամյա Մելեկ Իբրահիմովայի տաքսու ներքին հարդարանքը միանգամից վկայում է, թե որ սեռի ներկայացուցիչ է ավտոմեքենայի տերը. զարդարված ղեկ, փայլուն կաշվով պատված նստատեղեր, դիմապակուց կախված փոքրիկ արձանիկ` համբուրվող աղունիկներ: Շատերը դժվարությամբ են հավատում, սակայն, որ խնամված, կոկիկ հագնված Իբրահիմովան տաքսու վարորդ է:

«Տաքսու վարորդի աշխատանքն այդքան էլ կանացի չէ. դառնում ես ավելի կոշտ մարդ: Ուստի ես միշտ ձգտում եմ հետեւել ինքս ինձ` ընդգծելով իմ կանացիությունը»,- ասում է նա:

Իբրահիմովան ավելի քան յոթ տարվա վարորդական փորձ ունի, սակայն տաքսի վարում է կես տարի: Մինչ այդ դիրիժորական ֆակուլտետի շրջանավարտը դաշնամուրի դասեր էր տալիս. «Սակայն այդ աշխատանքով այսօր չես ապրի, շատ քիչ դրամ ես վաստակում, մինչդեռ ամբողջ ժամանակդ պետք է նվիրես աշակերտներիդ, իսկ ընտանիքի ու հանգստի համար էլ ժամանակ չի մնում»:

Իբրահիմովան երկու տղա ունի` յոթ եւ հինգ տարեկան: Տաքսու վարորդի հերթափոխով աշխատանքը նրան հարմար է, ինչպես նաեւ շահավետ է ավելի մեծ գումար վաստակելու առումով: Անսպասելի իրավիճակներից ապահովագրվելու համար կին տաքսիստն աշխատում է չվերցնել պատահական ուղեւորների, նրա հաճախորդները հիմնականում «մշտական» են: Նա համագործակցում է Բաքվում գործող սակավ տաքսի ծառայություններից մեկի` «189»-ի հետ: «Առայժմ ես ծառայության միակ կին վարորդն եմ: Ճիշտ է, ընկերությանը` աշխատանքի անցնելու համար դիմել էին 3-4 կին վարորդներ, սակայն նրանցից ոչ մեկը մինչ օրս չի համարձակվել նստել ղեկին»,- պատմում է Իբրահիմովան: «189» տաքսի ծառայությունում մտորում են տաքսի ծառայությունում հատուկ` կանացի բաժին ստեղծելու մասին, իսկ առայժմ միակ կին վարորդի` Իբրահիմովայի հաճախորդներին հաշիվ չկա: Շատ-շատերը ցանկանում են օգտվել հենց կին վարորդի ծառայություններից` կանայք, որոնց ամուսինները չեն վստահում տղամարդ վարորդների, երեխաներ, ովքեր առանց ծնողների են երթեւեկում, կամ, պարզապես, ընտանիքներ: Իբրահիմովան ինքն էլ կարծում է` կին վարորդի հետ շատ ավելի հանգիստ եւ ապահով է:

Ադրբեջանում ամուր են կարծրատիպերը կանանց եւ տղամարդկանց մասնագիտությունների առնչությամբ: Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի բաժնի ղեկավար Նամիկ Հասանովի խոսքով, երկրում կանանց միջավայրում վարորդի մասնագիտությունը այդքան էլ տարածված չէ:

«Միայն մեկ անգամ է ինձ դիմել մի կին` աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հիշում եմ, նա անգամ ցանկանում էր աշխատանքի անցնել միջքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող գծում: Բայց մենք ստիպված եղանք մերժել նրան»,- ասում է Հասանովը` շարունակելով, թե` «կինն իր էությամբ շատ խոցելի էակ է»: «Հնարավոր է, որ քաղաքում նա խնդիր չունենար` վարորդ աշխատելով, սակայն միջքաղաքային գծերում դա մի փոքր վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ հարկ լինի փոխել շարքից դուրս եկած անիվը… Դժվար թե կինը կարողանա դա անել»,- նշում է նա:

Սակայն Բաքվի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության մամլո ծառայության ներկայացուցիչ Վագիֆ Ասադովը կարծում է, որ սխալ է վարորդներին բաժանել ըստ սեռերի:

«Վարորդի արհեստավարժությունը կախված չէ սեռից: Ես տեսել եմ նաեւ տղամարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքն անցկացրել են ղեկի մոտ, սակայն այդպես էլ չեն սովորել մեքենա վարել: Տեսել եմ կանանց, ովքեր մեքենա են վարում ընդամենը մի քանի տարի, բայց դա անում են շատ զգույշ եւ պատշաճ կերպով»,- ասում է Ասադովը: Նրա խոսքով, քաղաքում կին վարորդների թվի աճին զուգահեռ` գրանցված ճանապարհատրանսպորտային յուրաքանչյուր հարյուր խախտումներից մոտ քսանի հետեւում կին է կանգնած:

ՎԱՖԱ ԶԵՅՆԱԼՈՎԱ, Ադրբեջան
ՊԽԼԻ Ադրբեջանի գրասենյակի աշխատակից