Մարմնավաճառությունը մեծ պահանջարկ ունի

01/09/2011

60-ամյա Աֆագ Մագերամովան, ով ձերբակալվել էր 2007-ին` կավատության համար, չի պատրաստվում վերադառնալ իր նախկին զբաղմունքին. «Բիզնեսից պետք է ժամանակին հեռանալ»:

Մագերամովան անձամբ ոչ մի օր մարմնավաճառությամբ չի զբաղվել: Իսկ կավատության միտքը հղացել էր այն ժամանակ, երբ մորից ժառանգություն ստացած մեկսենյականոց բնակարան վարձով տվեց: Գործարար կինը հաշվարկել էր, որ օրերով բնակարանը վարձով տալն ավելի ձեռնտու կլինի, ու երբ պարզել էր, որ այն հիմնականում օգտագործվում է սիրային հանդիպումների համար, որոշել էր հաճախորդներին «լրացուցիչ ծառայություններ» մատուցել` չորս անգամ ավելին վաստակելու ակնկալիքով:

«Ես այդպես էլ չհասկացա, թե ինչի համար ինձ դատապարտեցին,- ասում է Մագերամովան: -Բացի սովորական վարձից, ամեն ամիս իմ աղջիկներն առանձին կանխիկ գումար էին ստանում: Ինձ մոտ աշխատում էր 12 հոգի. յուրաքանչյուր հերթափոխին` 4 hոգի: Տղամարդուն այդպես հարմար է, որ նա կարող է գալ ցանկացած ժամանակ` անգամ առավոտյան 7-ին, եւ միշտ աղջիկ կա, ու միշտ ուրախ են նրան տեսնելու: Ինձ մոտ հաճախորդներ էին գալիս թե՛ քաղաքի կենտրոնից, թե՛ նույնիսկ մարզերից»: Մագերամովայի բիզնեսը թեեւ ծավալով փոքր էր, կազմակերպված էր խելամտորեն: Նա ուներ 12-թերթանոց տետրից կազմված տեղեկատու, ուր զետեղված էին «աշխատակցուհիների» լուսանկարները: Աշխատակիցների սահմանափակ լինելու պատճառով հարկավոր էր նախօրոք գրանցվել այցի համար, որպեսզի տիրուհին կարողանար հնարավորինս հավասար բաշխել աշխատանքի ծանրաբեռնվածությունը աղջիկների միջեւ:

«Ես կդառնայի քաղաքի ամենահարուստ կինը,- երազների գիրկն է ընկնում Մագերամովան: -Ես այդ մարդկանց չեմ հասկանում: Թո՛ւյլ տվեք ինձ փող աշխատել, վերցրեք ձեր հարկերը, եւ բոլորը գոհ կլինեն: Այդ ժամանակ ես միգուցե նաեւ բժշկական ապահովագրություն գնեի իմ աշխատակցուհիների համար, եւ ամեն ինչ անեի` ինչպես հարկն է»:

Ադրբեջանի լրատվական կայքերն անընդհատ գրում են կավատների ձերբակալման եւ հերթական պոռնկատան հայտնաբերման մասին: ԱՀ քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում միայն կավատության եւ պոռնկատների կազմակերպման համար, իսկ հնագույն այդ մասնագիտության ներկայացուցիչները պատասխանատվություն չեն կրում: 1999-ին Ադրբեջանի խորհրդարանը հրաժարվել է քննարկել Կանանց իրավունքների պաշտպանության հանձնաժողովի առաջարկությունը` մարմնավաճառության օրինականացման մասին: Սակայն հարցը շարունակում է հանրության քննարկման առարկա մնալ:

«Կարծում եմ, որ օրենքները ոչ միայն կարգ ու կանոնի պաշտպանության համար են, այլեւ` ի ցույց են դնում այս կամ այն երեւույթի նկատմամբ հասարակության վերաբերմունքը,- ասում է էթիկայի դասախոս Սեւիլ Հասանովը: -Եթե պոռնկությունն օրինականացվի, մենք, փաստորեն, կընդունենք դրա գոյության իրավունքը»:

«Փաստարկներն այն մասին, թե «միեւնույն է` մարդու բնությունը չես փոխի», կամ «պոռնկությունը եղել է, կա ու կլինի», ինձ չեն տպավորում: Սեփական մարմինը վարձակալության հանձնելու մասին ակտը կնոջ մեջ սպանում է ինքնությունը` նրան դարձնելով մսի մի կտոր»,- հավելում է Հասանովը:

30-ամյա տնտեսագետ Թայիր Աղաեւը կարեւորում է խնդրի ֆինանսական կողմը. «Միայն մտածեք, թե պետբյուջեն ինչ գումարներ է կորցնում այն պատճառով, որ սեռական ծառայությունների ոլորտը գտնվում է ստվերում` պետության վերահսկողությունից դուրս: Հարեւան Թուրքիայում հասարակաց տները հարկեր են վճարում: Այդ դրամը կարելի կլիներ ծախսել բնակչության սոցիալական եւ առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ, օրինակ` այդ նույն հասարակաց տներում վեներական հիվանդությունների դեմ պայքարելու համար: Ի դեպ, ներկայում այդ գործընթացը ոչ մեկի կողմից եւ ոչ մի կերպ չի վերահսկվում»:

Կանանց ճգնաժամային կենտրոնի հոգեբան Ազադ Իսազադեն նշում է, որ արեւմտյան շատ երկրներում այցը հասարակաց տուն կարող է մարդուն զրկել կարիերայից, անգամ` եթե նա բարձր պաշտոն չի զբաղեցնում. «Իսկ մեզ մոտ նման վարքը ոչ միայն չի քննադատվում, այլեւ` սովորական է համարվում տղամարդու համար եւ անգամ արժանանում է որոշակի հարգանքի: Երկակի չափանիշները պետք է մնան անցյալում, եւ միայն այդ դեպքում իրավիճակը կփոխվի դեպի լավը»:

Ալինա ՀԱՔՎԵՐԴԻ, Ադրբեջան
ազատ լրագրող